Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿԵՂԾ ՉԷ»

Դեկտեմբեր 17,2009 00:00

\"\"Կարծում է Հայ կամավորականների համախմբման քաղաքական նախաձեռնության համակարգող, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ըստ որի՝ մեր երկրում որեւէ ընդդիմադիր ուժ  չի կարող սեփական  հեռուստաընկերություն ունենալ:

– Պարոն Սեֆիլյան, Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստվում է հունվարի 12-ին բողոքի ակցիաներ կազմակերպել ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Հնարավո՞ր է, որ դուք եւս միանաք Դաշնակցությանը:
– Ոչ, որովհետեւ մեր եւ այսօրվա Դաշնակցության ղեկավարության պատկերացումները շատ հարցերում տարբերվում են: Դաշնակցությունը կողմ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, իսկ մենք դեմ ենք: Ուստի համագործակցությունը հնարավոր չէ:
– Նկատենք, որ ՀԱԿ-ի անդամների գերակշիռ մասը նույնպես կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը:
– Դաշնակցությունն ու Տեր-Պետրոսյանն այս հարցում իրար նման են, իսկ մեր մոտեցումները այս հարցում էապես տարբերվում են ե՛ւ’ Դաշնակցության, ե՛ւ’ ՀԱԿ-ի մոտեցումներից: Եթե մինչեւ ամսի 12-ը Դաշնակցությունը անկեղծանա՝ խնդրեմ: Մեր համագործակցության պայմաններից է նաեւ Դաշնակցության կողմից քոչարյանական ռեժիմին ճշգրիտ գնահատական տալը:
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերջին մեկ ամսվա գործընթացը:
– Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս պետք է նկատենք, որ այդ սիրախաղը սկսվեց մեկ տարի առաջ եւ ոչ թե ավելի վաղ: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ մեր երկրում տեղի ունեցավ մարտի 1, որից հետո մեր երկիրն այնքան թուլացավ, որ հակառակորդը որոշեց այս առիթը բաց չթողնել: Եվ այս խաղի վերջն ինչպիսին էլ լինի՝ միեւնույն է, այն լինելու է ի վնաս հայերի: Այսօր Վրաստանն ամբողջովին Արեւմուտքի ազդեցության տակ է, Ադրբեջանը՝ կիսով չափ: Միայն Հայաստանն է մնացել: Ուստի այսօր Հայաստանի խոսքը շատ ավելի է արժեւորվում, քան նախկինում: Կարելի է ասել՝ այն ամբողջ տարածաշրջանի ապագայի տեսանկյունից վճռորոշ նշանակություն ունի:
– Իսկ ի հաշիվ ինչի՞ է Հայաստանի խոսքն այսօր դարձել ավելի արժեքավոր: Արդյոք դա պայմանավորվա՞ծ չէ վերջին շրջանում ՀՀ իշխանությունների վարած նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ:
– Այդ արձանագրությունները մի կարծեք, թե ստեղծվել են վերջին մեկ տարվա ընթացքում: Ես համոզված եմ, որ այդ արձանագրությունները՝ մի ստորակետ այս կողմ, մի ստորակետ այն կողմ, թուրքական գզրոցներում գոյություն են ունեցել վաղուց: Ուստի այս գործընթացը որեւէ կապ չունի ձեր նշած ՀՀ իշխանությունների նախաձեռնողական քաղաքականության հետ: Բացի այդ, միանշանակ է, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախի խնդիրը մեկ փաթեթում են, եւ թուրքերը երբեք չեն հրաժարվի իրենց բազմիցս բարձրաձայնված այս մոտեցումից: Իսկ Արցախի հարցում, գիտեք, նրանց ուզածը ազատագրված տարածքների կորզումն է մեզանից: Սակայն եթե նման բան տեղի ունենա, ապա այն հանրապետությունիկը, որը մենք այսօր ունենք՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը, մի քանի տարի հետո պարզապես կդադարի գոյություն ունենալուց: Ուստի, ինչքան շուտ այս ընթացքը վիժեցվի, այնքան լավ մեզ համար:
– Ինչպե՞ս եք պատկերացնում գործընթացի վիժեցումը:
– Այս գործընթացի վիժեցման հիմնական բանաձեւը մեր երկրում բարոյական իշխանության ձեւավորումն է: Պետք է պայքարել ոչ թե հետեւանքի՝ այս արձանագրությունների եւ այլնի, այլ բուն պատճառի՝ այս իշխանությունների դեմ: Հենց այդ նպատակով էլ մենք նախաձեռնել ենք «Սարդարապատ» շարժումը, որը լինելու է անկուսակցականների շարժում, քանի որ Հայաստանում քաղաքական կուսակցություններն ու քաղաքական դաշինքներն իրենց սպառել են:
– ՀԱԿ-ը նո՞ւյնպես:
– Այո, դժբախտաբար, ՀԱԿ-ը ձեւավորվեց որպես կուսակցությունների դաշինք, իսկ մենք ի սկզբանե առաջարկել էինք սառեցնել կուսակցությունների անդամների գործունեությունը եւ միաձուլվել ՀԱԿ-ին: Դա տեղի չունեցավ: Ես ավելի շատ համաժողովրդական շարժմանն եմ իմ անդամակցությունը պատկերացրել եւ ոչ թե ինչ-որ քաղաքական մարմնի: Ինչ վերաբերում է «Սարդարապատին», ապա համոզված ենք, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը հոգու խորքում մեր գաղափարների կրողն է, ուստի մենք չենք կասկածում, որ որոշ ժամանակ անց մեզ հաջողվելու է մոբիլիզացնել մեր ժողովրդին՝ վերացնելու համար ոչ թե հետեւանքը՝ հայ-թուրքական արձանագրությունները կամ մադրիդյան սկզբունքները, այլ բուն պատճառը՝ ի դեմս այսօրվա իշխանությունների:
– Երկու տարի առաջ մեզ տրված Ձեր հարցազրույցում Դուք կարծիք հայտնեցիք, որ եթե հրապարակում հավաքվի 100 կամ 200 հազար մարդ, ապա ոչ մի իշխանություն չի համարձակվի դեմ դուրս գալ այդ կամքին: Հիմա է՞լ եք այդպես կարծում՝ աչքի առաջ ունենալով մարտի 1-ը:
– Դա կախված է ընդդիմության առաջնորդի վճռականությունից եւ կամային հատկություններից: Եթե ժողովրդին առաջնորդող օղակում գերիշխում է նվիրվածությունն ու ընդհանուրի համար զոհողության գնալու պատրաստակամությունը, ապա ոչ մի զորք չի համարձակվի կանգնել այդ ուժի առաջ:
– Ստացվում է, որ մարտի 1-ին ընդդիմության կողմից նման հատկանիշներ չդրսեւորվեցի՞ն:
– Ես տվեցի ընդհանուր բանաձեւը: Ես չեմ ուզում դատաքննել մարտի 1-ը, բայց փաստն այն է, որ ընդդիմությունը համապատասխան քայլերը չկատարեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել