Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի տնտեսական անկումը ողբերգական չէ»

Հունվար 22,2010 00:00

\"\"Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը մամուլի տարբեր ակումբներում միաժամանակ ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու 2009-ին Հայաստանի տնտեսական ոլորտում արվածն ու չարվածը: Հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ, բյուջեում արված վարչարարական փոփոխությունների կարիքն առանձնապես չկար. «Ֆինանսական ճգնաժամի պայմաններում մենք չունեցանք համապատասխան գործիքներ, որ ավելի հստակ իրականացնենք գնահատականները, մասնավորապես այն հանգամանքը, որ ունեցանք 17%-ի չափով տնտեսական անկում, դրանով պայմանավորված՝ այս փոփոխություններն առայժմ չի կարելի գնահատել որպես բյուջեին օժանդակող կամ պետական քաղաքականության ռազմավարությունը բարձրացնող»:
Պատգամավորի խոսքով, վարչարարական խստացումները տնտեսվարող սուբյեկտների համար դառնում են բավականին ծանր բեռ, որոնց արդյունքում նրանք կորցնում են իրենց աշխատանքի արդյունավետությունը, այդ է պատճառը, որ ԲՀԿ-ն ԱԺ-ում դեմ է քվեարկել այդ փոփոխություններին: Պարոն Բոստանջյանի կանխատեսմամբ, 2010-ը նախորդ տարվանից լավ է լինելու, որովհետեւ ճգնաժամի պայմաններում Հայաստանի հետընթաց ապրող արդյունաբերության որոշակի ճյուղերի զարգացում եւ ներդրումների խթանում է նախատեսվում. «Փոքր շրջանառություն, միջոցներ ունեցող երկրի համար, ինչպես աճը, այնպես էլ անկումը կարող են կտրուկ լինել, բայց գոյություն ունեցող պայմաններում չեմ ցանկանում Հայաստանի տնտեսական անկումը ողբերգական համարել»: Անդրադառնալով Հայաստանում այս տարի 1,2% տնտեսական աճի կանխատեսումներին, ԱԺ պատգամավորն ասաց, որ իրատեսական է համարում. «Միայն վարչարարական փոփոխությունը շեշտադրելը լավ է, բայց քիչ է, բոլոր պարագաներում կա ներդրումային քաղաքականություն, արդյունավետության բարձրացում, ավելի պրոգրեսիվ գործունեություն եւ այլն, այս ամենը մեզ թույլ է տալիս 2010-ին 1,2% տնտեսական աճի վերաբերյալ կասկածներ չունենալ»: Վ. Բոստանջյանի կարծիքով, հավանական է, որ հայկական դրամը $1-ի դիմաց կկազմի 400 դրամ եւ ավելին, քանի որ մեր դրամը անհրաժեշտ ռեսուրսներ չունի՝ արտաքին ճնշումներին հակազդելու համար:
Պարոն Բոստանջյանը, անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտքին, կարծիք հայտնեց, որ մենք դեռ չենք հասել արտաքին ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության ցանկալի մակարդակին, իսկ թե գումարները որքանով են ներդրվել ճիշտ ու համապատասխան ոլորտներում, պատգամավորն ասաց. «Մենք ոլորտների ընտրության մեծ հնարավորություններ չունենք: Մեր տնտեսական աճի կառուցվածքում, որտեղ առյուծի բաժինը միշտ գրավել է շինարարությունը, առաջին, նույնիսկ երկրորդ հայացքից չի կարելի համարել լավագույնը, բայց, այդուհանդերձ, պետք է հասկանալ, որ բազմաթիվ մարդիկ շինարարության շնորհիվ կարողացան զբաղված լինել»: Պատգամավորը լրագրողներին հավատացրեց, որ պարտքի մարման հետ կապված, ամենայն հավանականությամբ, Հայաստանը խնդիրներ չի ունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել