Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեպլիկներ Նաիրա Զոհրաբյանի ելույթների շուրջ

Հունվար 28,2010 00:00

Հայաստանի պատվիրակները երկօրյա լռությունից հետո երեկ վերջապես ելույթներ ունեցան ԵԽԽՎ լիագումար նիստում:

ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց Էնդրյու Մաքինթոշի «Հարգանք մամուլի ազատության նկատմամբ» զեկույցը, որում, ինչպես ավելի վաղ ներկայացրել ենք՝ բազմաթիվ գնահատականներ կան նաեւ Հայաստանի ԶԼՄ-ների վերաբերյալ: Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որը մասնավորապես հայտարարեց. «Քանի որ զեկույցում անդրադարձ կա նաեւ իմ երկրին՝ Հայաստանին, կցանկանայի որոշ դիտարկումներ ներկայացնել։ Այո, որքան ժողովրդավար է երկիրը, այնքան առավել կայացած են նրա բոլոր իշխանությունները, այդ թվում նաեւ՝ մամուլը։ Ասել, որ իմ երկրում ԶԼՄ-ները խնդիրներ չունեն, անկեղծ եւ արժանահավատ չի հնչի։ Խնդիրներ կան, ինչը բնորոշ է ցանկացած նոր ժողովրդավարությանը։ Եվ այդ դաշտում մենք դեռ լրջագույն խնդիրներ ունենք լուծելու։ Սակայն մեկ բան հստակ է՝ Հայաստանում մամուլը լուրջ եւ ազդեցիկ գործոն է եւ զգալի ազդեցություն ունի հասարակական կարծիքի ձեւավորման վրա»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց. «Ես համաձայն չեմ զեկուցողի հետ եւ չէի ցանկանա, որ այս զեկույցում իմ երկրի անունը նշվեր այնպիսի երկրների կողքին, ինչպես, օրինակ, մեր հարեւան Ադրբեջանն է, որտեղ միայն Իլհամ Ալիեւի պաշտոնավարության տարիներին սպանվել է մեկ լրագրող,   68-ը ազատազրկվել է, իսկ 274-ի հանդեպ բռնություններ են իրականացվել։ Իսկ լրագրողների ազատազրկման թվով Ադրբեջանն աշխարհում գրավում է 5-րդ տեղը»:
Նրա ելույթին քննադատաբար նախ արձագանքեց Մեծ Բրիտանիայի պատվիրակ Մայքլ Հանքոքը՝ մասնավորապես հիշեցնելով, որ Հայաստանում վերջերս խմբագիր է դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Իսկ հետո էլ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը դժգոհեց, թե Հայաստանի պատվիրակը փոխանակ անդրադառնա իրենց խնդիրներին՝ այլ երկրների մասին է խոսում: Նա նաեւ դրվատանքով խոսեց Ադրբեջանի մամուլի մասին, ինչն ավելի ուշ արժանացավ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատար Միկլոշ Հարաշտիի կոշտ հակազդեցությանը: Վերջինս ավելի վաղ գնահատել էր, թե Ադրբեջանում խոսքի ազատությունը մահացել է: Ի դեպ՝ ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն Հարաշտիին ասաց. «Դուք գերազանցեցիք ելույթի համար ձեզ հատկացված ժամանակը, բայց չընդհատեցի, քանի որ քննադատում էիք իմ երկիրը՝ հարեւան երկիրը»:
Մոտավորապես նույնը կրկնվեց նաեւ այնժամ, երբ Նաիրա Զոհրաբյանը երեկ ելույթ ունեցավ Հենրիկ Դաեմսի զեկույցի կապակցությամբ, որը վերաբերում է ընտրական համակարգերում շեմերին եւ այլ հարցերին, որոնք ազդեցություն են ունենում ԵԽ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցչականության վրա: Զեկուցողը մասնավորապես առաջարկել է ընտրական նվազագույն շեմը 3 տոկոսից չանցկացնել, հստակեցնել ԶԼՄ-ներից հավասարապես օգտվելու իրավունքը, նաեւ զարգացնել ընտրություններում կանանց եւ տղամարդկանց հավասարակշռության սկզբունքը: Սա քննարկվում էր «Ընտրական համակարգերի միջոցով՝ քաղաքականության մեջ կանանց ներկայացվածությունը մեծացնելու վերաբերյալ» զեկույցի հետ համատեղ: Եվ ահա Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում Հենրիկ Դաեմսի զեկույցին անդրադառնալուց հետո նաեւ խոսեց ԼՂՀ-ի մասին՝ հիշեցնելով, որ 1991-ից ի վեր՝ այնտեղ տեղի են ունեցել 7 համապետական ընտրություններ, «որոնք բոլորն էլ տասնյակ երկրների միջազգային դիտորդների կողմից համարվել են միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան»: Հայտնեց, որ ԼՂՀ-ն այս տարվա ամռանը 5-րդ անգամ ընտրելու է իր խորհրդարանը. «Եվ յուրաքանչյուր ազատ եւ արդար ընտրություն ավելի է մոտեցնում այն օրը, երբ վստահ եմ՝ միջազգային հանրությունը կընդունի եւ կճանաչի ԼՂՀ-ն։ Ես ուզում եմ հավատալ, որ ԵԽ իմ այն գործընկերներին, ովքեր չեն կարող անտարբեր լինել Եվրոպայի տարածքում ապրող ժողովրդի ճակատագրի հանդեպ, որոնք ունեն նույն իրավունքները, ինչը ունի այստեղ նստած մեզնից յուրաքանչյուրը՝ նրանց կհանդիպենք Ղարաբաղում»:
Այս ելույթից հետո ռեպլիկով հանդես եկավ Ադրբեջանի պատվիրակության անդամ Գյուլթաքին Հաջիբեյլին, որը նախապես իր ելույթում խոսել էր իրենց անցկացրած տեղական ընտրությունների մասին՝ հիշատակելով, թե դրանք ստացել են դրական գնահատական: Եվ հարցրեց, թե չի հասկանում՝ ի՞նչ են այստեղ քննարկում՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքների՞ հարցը, թե՞ կանանց խնդիրները»: Նիստը նախագահողը՝ ԵԽԽՎ փոխնախագահ Անդրես Հերկելն ասաց, թե համաձայն է նրա դիտողությանը:
Երբ հասավ Արմեն Ռուստամյանի ելույթի հերթը՝ նա նախ անդրադարձավ այս երկխոսությանը եւ հռետորական հարց տվեց. «Եթե կարող ենք խոսել ընտրական հարցերում Ադրբեջանի դրական փորձառության մասին՝ ինչո՞ւ չենք կարող խոսել Լեռնային Ղարաբաղի դրական փորձառության մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել