Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՂԵԿԱՎԱՐԵ՞Լ ԵԽԽՎ-Ն

Փետրվար 02,2010 00:00

 Անդրադառնալով կոալիցիոն ուժերի հայտարարությանը, որում սպառնալիք կար, թե հարկ եղած դեպքում կարելի է լրջորեն քննարկել Մեւլյութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը՝ «Ժառանգությունը» հիշեցրել էր, որ Չավուշօղլուի՝ ԵԽԽՎ նախագահ դառնալու հնարավորությունը կանխելու նպատակով Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը չմիացան ԵԽԽՎ հայկական պատվիրակության կոալիցիոն ներկայացուցիչները: Ըստ այդ նախաձեռնության՝ ԵԽԽՎ նախագահությունը չի կարող ստանձնել դիտարկման կամ հետդիտարկման փուլում գտնվող երկրի ներկայացուցիչը: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ ասուլիսում եւս մի անգամ պարզաբանեց. «Այդ նախաձեռնությունը որեւէ առնչություն չուներ Չավուշօղլուի նշանակման հետ, քանի որ նախաձեռնությունը ցուցաբերվել էր այն ժամանակ, երբ որոշումը կայացված էր, եւ EDG խումբն առաջարկել էր իր թեկնածությունը»: Ըստ նրա՝ այդ նախագիծը կարող էր քննարկվել միայն այն ժամանակ, երբ Չավուշօղլուն արդեն ընտրված կլիներ իբրեւ ԵԽԽՎ նախագահ: Իսկ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսպես պատճառաբանեց, թե ինչու ինքն էլ չի ստորագրել այդ նախաձեռնությունը. «Բացարձակապե՛ս որեւէ աղերս չեմ տեսնում, թե քանի որ ես դեմ եմ հայ-թուրքական արձանագրություններին՝ ուրեմն պիտի պաշտպանեի մի նախաձեռնություն, որն ուղղված էր Չավուշօղլուի դեմ»: Ըստ նրա՝ սկզբունքորեն դեմ էր այդ նախաձեռնությանը, քանի որ այն չէր կարող կասեցնել Չավուշօղլուի ընտրությունը, եւ կար նաեւ երկրորդ պատճառ. «Ես ինչի՞ պիտի ստորագրեմ մի փաստաթղթի տակ, որը Հայաստանին կզրկի ունենալ նման հնարավորություն: Ո՜ւր էր թե մենք այսօր ունենայինք ԵԽԽՎ նախագահ եւ անեինք մեր անհրաժեշտ հայտարարությունները ԼՂ եւ այլ հարցերի վերաբերյալ: Ինչի՞ ես իմ երկրին իմ սեփական ձեռքով զրկեմ՝ ես դա չե՛մ հասկանում»: Հիշեցնենք, որ Թուրքիան ԵԽ-ին անդամակցում է 1949-ից, եւ միայն այժմ նրա ներկայացուցիչը ստանձնեց Վեհաժողովի ղեկավարությունը: Թե երբ ՀՀ-ն կունենա նման հնարավորություն՝ դժվար է անգամ կանխատեսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել