Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ԿԱՆՉԻ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 02,2010 00:00

\"\"Կարծում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը

– Սոչիի հանդիպումով հերթական աշխուժությունը սկսվեց ԼՂՀ հարցի շուրջ, դրան հետեւեցին տեղեկատվական արտահոսքեր, որոնք, համենայնդեպս, հայկական կողմերի համար դրական հեռանկար են խոստանում (խոսքը ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասին է). կարծում եք՝ այս ամենի մեջ ռացիոնալ հատիկ կա՞, թե՞ արդյունքի չբերող հերթական աշխուժությունն է:
– Աշխուժությունը բնական է, եւ տեղեկատվական արտահոսքերը այս անգամ ավելի չափավոր էին: ԼՂՀ-ի բանակցային կողմ դառնալու հնարավորության հայտարարությունը ինձ ավելի շատ զգուշացնում է, քան ուրախացնում: Համանախագահները բազմաթիվ անգամ ասել են, որ ԼՂՀ-ն կմասնակցի բանակցություններին գործընթացի վերջին փուլում: Եթե պատրաստվում են հանրությանը ներկայացնել մադրիդյան «միջանցքային» լուծման շրջանակային համաձայնագիր, ապա դա բերելու է պատերազմի վերսկսման, այլ ոչ թե խաղաղության:
– Սոչիի հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը, ով ժամանակին անխնա քննադատում էր Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, հայտարարեց, որ գոհ է Թուրքիայի պահվածքից եւ վստահ է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ «գրավյալ» տարածքները վերադարձված չեն Ադրբեջանին: Ներկայիս գործընթացում նման միտում դուք տեսնո՞ւմ եք:
– Ցանկացած թատերական ներկայացում ունի սկիզբ եւ ավարտ: Ադրբեջանի շինծու դժգոհությունը, փուչ սպառնալիքները, Թուրքիայի՝ Ադրբեջանին հավատարմության մշտական երդումներով ուղեկցվող բացահայտ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ոչ մի արդյունք չտվեցին: Թուրքական դիվանագիտությունը մշտապես եղել է նենգության եւ քաղաքականության շաղախ: Այսօր մարտավարական նրբություն են փորձում դրան տալ: Նպատակը անփոփոխ է՝ Հայաստանին պարտադրել կապիտուլյացիա:
– Հայկական կողմը վերջին շրջանում սկսել է Թուրքիայի հետ կոշտ խոսել. ՍԴ-ի որոշումը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարությունն այն մասին, որ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը ետ կանչի իր ստորագրությունը. այսպիսով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեռա՞վ:
– Այլեւս, երբ ամբողջ աշխարհը համոզվեց Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության խաբեբայական էության մեջ, Հայաստանը կարող է եւ պետք է հետ կանչի իր ստորագրությունը այդ մեռելածին փաստաթղթի տակից: Իհարկե, Հայաստանը պետք է կարգավորի իր հարաբերությունները հարեւանների հետ: Բայց Թուրքիայի դեպքում մենք գործ ունենք սուր հակամարտության գոյության, այլ ոչ թե հարաբերությունների բացակայության հետ: Հետեւաբար, հարաբերությունների կարգավորումը պետք է ներառի հակամարտության կարգավորումը ըստ էության եւ բովանդակության: Սրան ես դեմ չեմ: Եվ ամենակարեւորը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները միջպետական հարաբերությունների դաշտում չեն։ Դրանք ցեղասպան Թուրքիա-Համայն հայություն հարաբերությունների դաշտում են։
– Միջազգային մի շարք կազմակերպություններ վերջին շրջանում բավականին խիստ քննադատեցին Հայաստանին` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Նման պատահականություններ լինո՞ւմ են. եթե ոչ՝ ի՞նչ է նշանակում այդ ամենը:
– Մենք բոլորս բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե միջազգային հեղինակավոր կառույցները ինչպես են «կոնսերվացնում» խնդիրը, պակասեցնում կամ ավելացնում ճնշումը երկրի քաղաքական ղեկավարության վրա՝ ելնելով տարածաշրջանում բացարձակապես իրենց հետապնդած շահերի պահանջներից: Աֆղանստանում առկա է խոշորագույն զորախմբավորում, որի ռազմատեխնիկական ապահովումը բավականին պրոբլեմային է: Գյումրի-Երեւան-Նախիջեւան-Բաքու երկաթուղու գործարկումը այդ խնդրի իդեալական լուծումն է: Հայ-թուրքական եւ արցախյան խնդրի «շուտափույթ» լուծման հիմքում դա է: Պայքարը կովկասյան կոմունիկացիոն միջանցքի համար է: Իհարկե, կան նաեւ այլ պատճառներ, բայց դրանցից ոչ մեկը չի հետապնդում Հայաստանի տնտեսական զարգացման կամ ազգային խնդիրների լուծման նպատակ: Ընդհակառակը՝ ավելի արագորեն է քայքայվելու տնտեսությունը եւ պետականությունը:
– ՀԱԿ-ի որդեգրած կեցվածքն ադեկվա՞տ է Հայաստանի ներկայիս վիճակին:
– Ոչ: Կարծում եմ, հետագայում արժե այդ մասին մանրամասն խոսել:
– Մինչեւ ՍԴ որոշումը՝ ՀՅԴ-ն կուրծք էր ծեծում, որ չպիտի թույլ տա, որպեսզի արձանագրությունների սահմանադրականությունը ճանաչվի, իսկ ՍԴ որոշումից հետո սկսեցին «բրավոներ» հնչեցնել այդ որոշմանը. ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՅԴ-ի կեցվածքը:
– Այո, ՍԴ-ի որոշումը նպաստեց թուրքական կողմի իրական նպատակների բացահայտման գործին, բայց արձանագրությունների վավերացումը, նույնիսկ վերապահումներով, աղետ է Հայաստանի եւ հայության համար: ՍԴՀԿ-ն առաջին օրվանից հրաժարվել է դրանց բովանդակային քննարկումից եւ հայտարարել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միակ ուղին վերջինիս կողմից Ցեղասպանության ճանաչումը եւ հատուցման գործընթացի սկսումն է:
– Իսկ «Ժառանգության» գործունեությունն ի՞նչ գնահատականի կարժանացնեք:
– Ընդհանուր առմամբ, իհարկե՝ պահպանել է ընդդիմադիր կեցվածքը: Բայց քաղաքական իրողությունն այնպիսին է, որ իշխող կուսակցությունների համար նախընտրական խոստումները զուտ ձեւական են եւ ընդդիմադիրը իր ծրագիրը իրագործել ուղղակի չի կարող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել