Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԳՐԴՈՆ» ԵՆ ԱՆՈՒՄ

Փետրվար 02,2010 00:00

Գյումրի մեկնող միկրոավտոբուսների վարորդները կանգառներից մարդ են հավաքում եւ ուղիղ Գյումրի գնալու փոխարեն գյուղերով պտտվում:

\"\"

«Այրարատ» կ/թ-ի մոտից Գյումրի գնացող միկրոավտոբուսներից մեկն է:

\"\"
Սա Գյումրիի ավտոկայարանն է, որտեղ կայանած այս սպիտակ պետհամարանիշներով բոլոր մեքենաները ծառայում են որպես տաքսի:

Երեւանից Գյումրի եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող միկրոավտոբուսների ուղեվարձը 1500 դրամ է: Երբ միկրոավտոբուսի բոլոր տեղերը զբաղված են լինում, գալիս է «փող հավաքողը» եւ նախապես տոմսի գումարը վերցնում: Անկախ նրանից, թե միկրոավտոբուսի հետ ճանապարհին ինչ կպատահի, այն ուղեւորին ապահով տեղ կհասցնի՞, թե՞ ոչ, անխափան կերթեւեկի՞, թե՞ կփչանա եւ ուղեւորներին կթողնի ճանապարհի կեսին՝ ստիպում են նախօրոք վճարել:
Հասնելով Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ` միկրոավտոբուսների վարորդները, քաղաքային տրանսպորտի վարորդների պես սկսում են փողոցներից «մարդ հավաքել» ու «գրդոն» անել: Նշենք, որ դա միջմարզային ուղիղ գիծ է, եւ վարորդները պետք է Երեւանից ուղիղ գնան Գյումրի՝ առանց ճանապարհային ընդհատումների: Եթե քաղաքային երթուղայիններում մի կերպ հանդուրժում ենք գերբեռնվածությունը, շուրջ 2 ժամ տեւողությամբ ճանապարհը խեղդված գնալն իսկապես անհանդուրժելի է: Մինչդեռ վարորդները ցանկացածին, ով ձեռքը մեկնում է, մեքենան կանգնեցնում, վերցնում են՝ ոչ մի ուղեւոր բաց չեն թողնում: Միկրոավտոբուսների թափքի հատվածում վարորդներն աթոռակներ են պահում՝ հատուկ «գրդոնի» համար: Ու ստացվում է, որ 13 հոգու համար նախատեսված միկրոավտոբուսը Գյումրի է գնում 16-17 հոգով: Հաճախ Երեւան-Գյումրի գիծը, վարորդների ցանկությամբ, ծառայում է Երեւան-Աշտարակ, Երեւան-Թալին, Երեւան-Մաստարա մեկնող ուղեւորների համար: Եթե աթոռակներ չեն լինում, վարորդը նախապես զգուշացնում է, որ «լեվի» ուղեւորն ամբողջ ճանապարհը պետք է կանգնած գնա: Ի տարբերություն նստածների, կանգնածը վճարում է ոչ թե 1500 դրամ, այլ՝ 600-1000, նայած, թե ուր է գնում:
Նույնը կատարվում է նաեւ Գյումրիից Երեւան մեկնելիս: Այս առնչությամբ Գյումրիի ավտոկայարանի պետ Հովհաննես Գեւորգյանը «Առավոտին» պարզաբանումներ տալիս վստահեցրեց, որ եթե մենք իրեն ասենք ճանապարհից ուղեւոր հավաքող վարորդի մեքենայի համարանիշները, այդ վարորդը նույն օրը կազատվի աշխատանքից: Բայց մեկի անունը տալը անարդարացի կլինի, որովհետեւ անխտիր բոլոր վարորդները «գրդոն» անում են: Եվ հետո, եթե գծատերերն իսկապես  ուզում են հայտնաբերել այդ վարորդներին, կարող են բոլոր միկրոավտոբուսներում աթոռակների առկայությունը ստուգել ու պարզել՝ ով է «ապօրինի ուղեւոր» վերցնում, ով՝ ոչ:
Գյումրի-Երեւան գիծը սպասարկում են երկու՝ «Տրանս-ակնթարթ» եւ «Տիգրան» ՍՊԸ-ները: Մի քանի ամիս առաջ նրանք երկուսն էլ առանց պատճառի թանկացրին ուղեվարձը՝ 1200-ից դարձնելով 1500 դրամ: Գյումրիի ավտոկայարանի պետը պարզաբանեց, որ տոմսի գինը բարձրացրել են վառելանյութի, ավտոպահեստամասերի թանկացման հետեւանքով. «Գծատերերը մրցույթը շահել էին 1500 դրամով, բայց երկար ժամանակ սպասարկում էին 1200-ով, ուստի իրավունք ունեին թանկացնել»: Քանի որ ապրիլին  սպասվում է գազի սակագների բարձրացում, մեր հարցին՝ ապրիլին տոմսը նորի՞ց կթանկացնեն՝ Հ. Գեւորգյանը պատասխանեց՝ ոչ: Ավտոկայարանի երթակարգավար Գագիկ Ավետիսյանը նույնպես վստահեցրեց, որ տոմսի թանկացում չի լինի, քանի որ նախապես արդեն գծատերերը թանկացրել են:
Միկրոավտոբուսով Գյումրի գնալու արժեքը գրեթե նույնն է, ինչ տաքսիով մեկնելու դեպքում՝ անձը 2000 դրամ: Հատկապես Գյումրիի ավտոկայարանում տաքսիների վարորդները 1 ուղեւորի համար իրար են ծեծում: Մտնում ես ավտոկայարան՝ 4 կողմից վրա են հասնում ու թեւերիցդ քաշքշում՝ փորձելով գայթակղել մեքենայի մակնիշով՝ «իմը գոլֆ ա, փափուկ տեղ կհասցնեմ»: Նշենք, որ ավտոկայարանում սպասարկող մոտ երկու տասնյակ տաքսիներից միայն մեկ-երկուսն ունեին դեղին պետհամարանիշներ, ինչը նշանակում է, որ նրանք հարկային դաշտ մտած չեն: Չնայած սպիտակ համարանիշներին՝ վարորդները չէին խուսափել տաքսու նշան դնել մեքենաների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել