Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի գինը բարձրացնում են՝ որակը թողնում նույնը

Փետրվար 02,2010 00:00

 «Աբսուրդ է գազի գինը բարձրացնել, եթե գազի որակը մնում է նույնը: Երբ կալորիականությունը բարձրացնում են գների հետ, դա ինչ-որ տեղ արդարացված է, բայց պետք է նշեմ, որ Հայաստանում նույնիսկ որակի տեսչությունը չունի համապատասխան լաբորատորիա, որը կստուգի գազի որակը, բոլորը հիմք են ընդունում «ՀայՌուսգազարդի» լաբորատորիական ցուցանիշները»,- երեկ գազի սակագների թեմայով հրավիրած քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց փորձագետ Արթուր Ղազարյանը: Նրա համոզմամբ՝ գազի կալորիականության «ՀայՌուսգազարդի» ցուցանիշները ու ռուսական ընկերությունների ցուցանիշները հակասում են. «ՀայՌուսգազարդը» հրապարակում է 8218, իսկ ռուսական մի ընկերություն էլ հրապարակում է 8860 կիլոկալորիա»:
Նշենք, որ «ՀայՌուսգազարդը» գազի սակագների բարձրացումը պայմանավորում է վնասով աշխատելու հանգամանքով: Այս առնչությամբ Ա. Ղազարյանը նկատեց. «Գուցե ընկերությունը վնասով աշխատի, բայց ընկերության ղեկավարները հաստատ վնասով չեն աշխատում: Ռուսական ազգային գազամոտորային ասոցիացիայի տվյալներով՝ 2009-ի փետրվարի դրությամբ Հայաստանում եղել են 101 հազար 352 գազով աշխատող մեքենա եւ 214 գազալցակայան, իսկ նույն տարվա դեկտեմբերի տվյալներով, ավտոմեքենաները մնացել են նույնը, սակայն գազալցակայանների թիվը հասել է 275-ի, հետեւաբար շահույթն էլ կա, ամեն ինչ էլ կա»:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ էլ՝ ցանկացած գնաճի դեպքում կառավարությունը պետք է բնակչության խոցելի խմբերին փոխհատուցի. «Ամեն ինչ պետք է շուկայի օրենքներով լինի, ոչ թե մեկը նստի՝ ականջը, քիթը քորի ու ասի՝ եկեք գինը բարձրացնենք: Գազի սակագների հարցը պետք է քննարկվի ոչ թե տնտեսական հանձնաժողովում, այլ Ազգային ժողովում՝ որպես քաղաքական հարց: Ամբողջ խնդիրն այն է, որ փոխանակ գազի գինը իջեցնեն, որ սպառողների թիվը մեծանա, նրանք գնում են սովետական մտածելակերպով՝ գինն են բարձրացնում՝ նվազեցնելով սպառումը»: Պարոն Ադիբեկյանը չի կարողանում հասկանալ՝ եթե նավթի գինն իջնում է, ինչո՞ւ է գազի գինը բարձրանում. «Թող մեկն ինձ բացատրի, համաշխարհային շուկայում նավթի գինը 4 անգամ իջել է, գազի գինն ինչո՞ւ է աճում, ոչ ոք այս հարցի պատասխանը չի տալիս»: Պարոն Ղազարյանի համոզմամբ՝ ապրիլի 1-ից գազի թանկացումների հետեւանքով այն, ինչը կապված է գազի հետ, եւս կթանկանա: Առաջին հերթին, կթանկանա տրանսպորտը, ինչը կհարվածի աշխատավարձով ապրող ընտանիքների գրպանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել