Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁԱՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Փետրվար 04,2010 00:00

\"\"Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպերի առիթով հարուցված երեք քրգործերից ոչ մեկի նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Հունվարի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մի ծավալուն հաղորդագրություն էր տարածել՝ անդրադառնալով հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների վերաբերյալ ստացված հաղորդումներին ու ԶԼՄ-ների հրապարակումներին, նաեւ դրանց առնչությամբ հարուցված կամ նախապատրաստվող քրեական գործերին:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ներկայացրած տեղեկանքի համաձայն, քաղաքացիներից, կազմակերպություններից եւ թիվ 10 ԸԸՀ-ից ստացվել էր 13 հաղորդում ու ահազանգ, եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության նախաձեռնությամբ ընթացք է տրվել ԶԼՄ-ների 7 հրապարակումների: Դրանցից 3-ով հարուցվել էին քրգործեր, 5-ով նյութերի նախապատրաստումը ընթացքում էր, եւ 8-ը կցվել էին արդեն հարուցված քրգործերին եւ նախապատրաստվող նյութերին:
«Առավոտը» երեկ փորձեց պարզել, թե այս պահի դրությամբ ի՞նչ փուլում է հարուցված 3 քրգործերի նախաքննությունը, եւ արդյոք գործեր հարուցվե՞լ են վերը մատնանշված այն 5 նյութերով, որոնք ավելի քան 10 օր առաջ գտնվում էին նախապատրաստման փուլում: Ի դեպ, հարուցված քրգործերից երկուսը, որոնք վերաբերում են թիվ 10/19 եւ 10/15 ընտրական տեղամասերում տեղի ունեցած միջադեպերին, գտնվում են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում: Եվս մեկը, նախորդ երկուսի նման, էլի դեռեւս նախաքննության փուլում է եւ գտնվում է ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի վարույթում: Այս մի՝ թիվ 10/09 տեղամասում տեղի ունեցած ծեծուջարդի գործով անցնող բոլոր անձինք վկայի կարգավիճակում են, ու այստեղ, տարօրինակ կերպով, տուժողներ չկան, թեեւ այդ օրը սույն ընտրատեղամասից բուժօգնության էր դիմել միանգամից 4 մարդ:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում տեղակայված այս ընտրատեղամասի դիմաց ԱԺ պատգամավորի թեկնածու Արա Սիմոնյանի կողմնակիցները ու էլի մի քանի «սափրագլուխներ» ոստիկանի ներկայությամբ եւ օժանդակությամբ ծեծի էին ենթարկել մյուս թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց՝ Պետրոս եւ Կարեն Մակեյաններին եւ Սուրեն Մարտիրոսյանին: Ընդ որում, միջադեպի մասին ոստիկանությունում առաջինը հաղորդում էր տվել Ա. Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանը: Ըստ ոստիկանության հաղորդագրության, նա հայտարարել էր, թե Փաշինյանի վստահված անձ Պ. Մակեյանը իր երկու համախոհների հետ քարոզչություն է իրականացնում տեղամասի տարածքում, ինքը պահանջել է դադարեցնել դա, որից էլ վիճաբանություն է ծագել ու վերածվել է իր եւ Փաշինյանի համախոհների միջեւ ծեծկռտուքի: Սա այն դեպքում, երբ, Մակեյանի պնդմամբ, Տ. Մուրադյանն իրականում «դեպքի վայրում» չի էլ եղել:
Ինչ վերաբերում է կոնկրետ քրգործի ընթացքին, ապա «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում կատակեց, թե ինքը պարտաճանաչորեն գնում է աշխատանքի՝ կուսակցության գրասենյակ եւ ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ նախաքննությունն ակտիվ փուլում է, բայց մոտենում է ավարտին: Համենայնդեպս, Մակեյանի տպավորությունն էր այդպիսին. «Հիմա առերեսումների ակտիվ փուլ է: Նման ռեժիմով միայն 5 քննչական գործողություն իմ մասնակցությամբ է եղել: Ինձ հետ առերեսվել են գործով անցնող վկաներ, այդ թվում՝ «կեղծ վկա» Տ. Մուրադյանը: Նրա հետ առերեսման ժամանակ ես պնդեցի, որ ինքը իրականում միջադեպի մասնակից չի եղել, եւ հարցուպատասխանով էլ ապացուցեցի դա, նաեւ այն, որ Մուրադյանը ոչ էլ տեղանքին է ծանոթ»: Իհարկե, դա պարզելու համար բանը փորձարարությունների չի հասել:
Մակեյանն առերեսվել է տեղամասի մոտ եղած ոստիկանի եւ եւս երեք վկայի հետ, որոնք Ա. Սիմոնյանի վստահված անձինք են եղել եւ, իբր, տեղամասի մոտով անցնելիս տեսել են կուտակումներ, մոտեցել են ու տեսել, որ ոստիկանները ծեծկռտուքի մասնակիցներին բաժանում են: Մակեյանը պնդում է, որ նրանք իրականում «դեպքի վայրում» չեն եղել: Եվս մի վկա անուղղակի ցուցմունք է տվել, թե՝ հեռվից լսել է, որ նախկին պատգամավոր Մակեյանի մասնակցությամբ ինչ-որ տեղ կռիվ է գնում: «Միջադեպի իրական մասնակիցներից՝ այդ բանդայից որեւէ մեկը գործում չի երեւում, նրանց փորձում են թաքցնել, թեեւ նրանց տեղափոխած մեքենայի համարները ոստիկանության տրամադրության տակ կան, եւ ցանկության դեպքում հեշտությամբ կարելի է նրանց ի հայտ բերել: Որքան հասկանում եմ, նախաքննության ընթացքում հետեւողականորեն փորձ է արվում ամեն ինչ տեղավորել այս միջադեպի մասին ոստիկանության հաղորդագրությամբ առաջադրված վարկածի շրջանակներում»,- նկատեց Պ. Մակեյանը:
Հարցաքննվել եւ տեղամասում եղած ու իր ձեռքերը բռնած ոստիկանի հետ առերեսվել է նաեւ Կ. Մակեյանը: Քննչական գործողություններ են կատարվում նաեւ Ս. Մարտիրոսյանի հետ, որի պաշտպանը Վարդուհի Էլբակյանն է:
ՀՀ ՀՔԾ-ի վարույթում քննվող երկու քրգործերից մեկը, ինչպես վերեւում ասացինք, հարուցվել է թիվ 10/19 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպերի փաստերի առիթով: Հիշեցնենք, որ այս տեղամասում մի քանի միջադեպեր էին եղել: Օրը ցերեկով քվեարկությունը դադարեցվել էր, ընտրողների հիմնական ցուցակը գողացվել էր, արհեստականորեն ստորագրություններ էին լրացվել ընտրողների գրանցամատյանում, մի խումբ անձանց կողմից, այդ թվում՝ թեկնածու Արա Սիմոնյանի կողմնակիցներ Արմեն Սահակյանի եւ Վահան Նադարյանի, խոչընդոտվել էր քվեարկության բնականոն ընթացքը, բռնություններ էին գործադրվել Փաշինյանի վստահված անձանց, դիտորդների ու լրագրողների նկատմամբ: Արդյունքում այս տեղամասում ընտրություններն անվավեր ճանաչվեցին: Դեռ հունվարի 15-ին ՀՔԾ-ում քրգործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի միանգամից երեք՝ 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, բայց էլի տուժողներ չկան. բոլորը վկաներ են: Այդ գործով անցնող մեր գործընկերներից մեկը՝ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանն ասաց, թե քրգործի նախաքննությունն ակտիվ ընթանում է: Նա մեկ անգամ արդեն բացատրություն տվել է տեղամասի ներսում կատարվածի առնչությամբ: Սպասվում է, որ այս շաբաթ լրագրողի հետ կառերեսվեն հանձնաժողովի նախագահն ու անդամները: Այս գործով անցնող վկաների թվում են նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Բայց ինչպես թիվ 10/09 ընտրատեղամասի միջադեպի, այս դեպքում էլ հայրենի իրավապահներն իրենց պատրաստի սցենարն ունեն. ըստ այդմ, Փաշինյանի վստահված անձինք ու կողմնակիցները՝ մոտ 30 հոգի, մտել են տեղամաս եւ փորձել են հանձնաժողովի կնիքը գողանալ, որի պատճառով հանձնաժողովի նախագահն ու անդամները ստիպված են եղել տեղամասի մուտքի դռները փակել եւ քվեարկությունը դադարեցնել:
Երրորդ՝ ՀՔԾ-ի վարույթում գտնվող քրգործը, որը դարձյալ դեռ նախաքննության փուլում է, վերաբերում էր թիվ 10/15 ընտրատեղամասի «ընտրություններին»: Հիշեցնենք, որ այստեղ ընտրությունների «համը դուրս էր եկել» քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ, երբ փակված է եղել ընտրատեղամասի դուռը, հանձնաժողովի սենյակ ներխուժել են 6-7 երիտասարդներ, այնտեղ ներկա լրագրողներին արգելել են նկարահանումներ կատարել ու, քաշքշելով, տեղամասից դուրս են բերել: Նրանք նաեւ վերցրել են հանձնաժողովի նախագահի մի կողմ դրած եւ Ա. Սիմոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները, դրել են ինչ-որ տուփի մեջ ու դուրս հանել, հետո՝ վերադարձրել: Արդյունքում մոտ 100 քվեաթերթիկ ավելացել էր այդ թեկնածուի օգտին: Այստեղ եւս ընտրություններն անվավեր ճանաչվեցին:
Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ մատնանշված մյուս նյութերին, որոնցով զբաղվում է Կենտրոնի «քննչականը», ապա դրանցից որեւէ տեղեկություն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել