Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂՏՈՏ, ՍՈՎԱԾ ՈՒ ԾԱՐԱՎ ՄԱՆ ԵՆՔ ԳԱԼՈՒ

Փետրվար 06,2010 00:00

Գազի թանկացումը շարքային սպառողի համար ծանր հետեւանքներ է ունենալու

\"\"Հաց «Հրազդան»- 700 գրամը՝ 160 դրամ:

Տաքսի սերվիս- 1 կմ-ը՝ 150 դրամ. նստելավարձ չկա:

Ցեմենտ- 50կգ-ը՝ 3500 դրամ:

Գաջ- 1 պարկը՝ 2600 դրամ:

Սա Հայաստանում դեռեւս չարձանագրված, բայց առաջիկայում սպասվելիք գնաճի այն փոքրիկ պատկերն է, որը սպառնում է մեզ իրականություն դառնալ ապրիլի 2-ից, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշի ընդունել «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած սակագնային առաջարկները:

Ինչպես հայտնի է, ընկերությունն ուզում է ապրիլի 1-ից բնակիչների համար գազը թանկացնել 40 դրամով եւ 1 խմ գազի դիմաց, 96 դրամի փոխարեն, գանձել 136 դրամ, իսկ խոշոր սպառողների համար թանկացնել 16 դրամով՝ 81-ից դարձնելով 97 դրամ: Այն, որ «ՀայՌուսգազարդի» առաջարկը միանշանակ գազի թանկացման ողջ ծանրությունը գցում է շարքային սպառողի վրա եւ արտադրական ձեռնարկություններ ունեցող բիզնեսմենների հոգսը անարդարացիորեն թեթեւացնում, դա հարցի մի կողմն է: Սակայն, անկախ բնակիչ-բիզնեսմեն համեմատություններից, եթե մի պահ ընդունենք, որ հանձնաժողովն արդեն կայացրել է իր որոշումը եւ ընդունել «ՀայՌուսգազարդի» հիմնավորումները, հանրապետությունում իսկապես խայտառակ պատկեր կստացվի: Եթե նախկինում Հարավ-արեւմտյան թաղամասից ես Արշակունյաց 2 հասցե՝ Մամուլի շենք աշխատանքի էի գալիս տաքսիով եւ դրա համար վճարում 1000-1200 դրամ, ապրիլից արդեն ստիպված կլինեմ վճարել առնվազն 1800-2000 դրամ: Գազի գնի բարձրացման հետեւանքով միանշանակ կթանկանան թե՛ տաքսիների, թե՛ միջմարզային ու քաղաքային երթուղայինների ուղեվարձերը: 2008-ի ապրիլի 1-ին, երբ կառավարությունը դադարեցրեց գազի սակագնի սուբսիդավորումը, մայիսի 1-ից արդեն ավտոմեքենաների լիցքավորման համար նախատեսված գազի լցակայաններում գազի գինը ավելի քան 50%-ով թանկացրին: Եթե նախկինում մեկ բալոն գազի լիցքավորման համար վարորդները վճարում էին 1200-1300 դրամ, ապա սուբսիդավորումը դադարեցնելուց հետո՝ 2 հազար դրամ: Մեր հանրապետության ավտոտրանսպորտի գերակշիռ մասն աշխատում է գազով, հետեւապես գազի գնի թանկացումն իր ուղղակի ազդեցությունն է ունենում ուղեվարձի վրա:

Աշխատավարձով կամ թոշակով ապրող մարդիկ, որոնք մինչ օրս հազիվ էին ծայրը ծայրին հասցնում ու հոգում իրենց նվազագույն կենցաղային կարիքները, գազի՝ միանգամից այդքան թանկացման պայմաններում հայտնվելու են չքավորի կարգավիճակում: Եթե նախկին սակագնի պարագայում մարդիկ խնայողություններ էին անում ու հնարավորինս գազի ծախսը նվազեցնում, 1 խմ գազի համար 136 դրամ վճարելու դեպքում շատերը ստիպված պետք է լինեն իրենց ճաշը եփել «չոր սպիրտի» վրա կամ անցնել անտառահատման նախկին անօրինական մեթոդներին: Գազի թանկացման հետեւանքով կթանկանա էլեկտրաէներգիան, ջուրը, հացամթերքը, գյուղմթերքը, բոլոր այն արտադրանքները, որոնք կապված են էլեկտրաէներգիայի, գազի, տրանսպորտային ծախսերի հետ: Նախկինում գյուղացին մի բեռնատար լոլիկ էր լցնում ու բերում մայրաքաղաք՝ ծախելու: Ճանապարհածախսը հաշված՝ գյուղացուն ձեռնտու էր 1 կգ լոլիկը վաճառել 50-80 դրամ, իսկ այս ամռանը կարելի է պատկերացնել, թե մարզերից մայրաքաղաք հասած լոլիկը, վարունգը, ծիրանն ու դեղձը ինչ գնով պետք է վաճառվեն: Եթե նույնիսկ մարդիկ իրենց ռացիոնից հանեն գյուղմթերքը եւ առհասարակ բոլոր այն ապրանքները, որոնք թանկանալու են գազի գնի հետեւանքով, գոնե հաց ստիպված են լինելու գնել: Բնականաբար, բոլոր այն գործարանները, որոնք գազի թանկացումից հետո էլ իրենց արտադրած հացի գինը կթողնեն անփոփոխ՝ հայտարարելով, թե մտածում են մեր ժողովրդի մասին, պարզ է, որ կսկսեն նորից թեթեւացնել իրենց հացի քաշը, ուստի բոլոր պարագաներում այդ թանկացման համար վճարելու է նորից սպառողը:

Ինչ վերաբերում է կոմունալ վճարումներին, դժվար է պատկերացնել, թե ամսվա վերջում գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, հեռախոսի, աղբի, վերելակի եւ այլ ծախսերի համար միջին աշխատավարձով ապրող ընտանիքի առջեւ ինչ թիվ է դրված լինելու: Միայն կոմունալ վճարումները 4 անձից բաղկացած ընտանիքի համար ներկայումս կազմում են միջինը 40 հազար դրամ: Սա նշանակում է, որ երկու ամիս հետո մարդիկ կա՛մ պետք է իրենց ողջ աշխատավարձը տան միայն կոմունալ պարտքերը մարելու համար, կա՛մ առանց լողանալու, առանց ճաշ եփելու, ջուր խմելու, տաքանալու, հոսանք ծախսելու մի կերպ կարողանան գոյատեւել եւ նստեն հաց ու պանրի վրա:

 

Հ. Գ. Երեկ հրավիրած ասուլիսում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, պաշտպանելով Գագիկ Ծառուկյանի, Միխայիլ Բաղդասարովի եւ գազով աշխատող ձեռնարկությունների այլ սեփականատերերի շահերը, փորձում էր ապացուցել, որ խեղճ արտադրողները գազի գինը 16 դրամ բարձրացնելու պարագայում չեն կարողանա դիմանալ, որ արտադրության ծավալներն էականորեն կկրճատեն, որովհետեւ էներգակիրների ազդեցությունն արտադրանքների ինքնարժեքի վրա 50-70% է եւ այլն: Մինչդեռ պարզ է, որ «ՀայՌուսգազարդի» սակագնային առաջարկներն ընդունվելու դեպքում ո՛չ պարոն Բաղդասարովը, ո՛չ էլ պարոն Ծառուկյանը խեղճ վիճակում հայտնվողը չեն: Միակ եւ լուրջ վնասներ կրողը լինելու է շարքային սպառողը:

Տնտեսության տարբեր ոլորտների վրա գազի սակագների բարձրացման հետեւանքների մասին մասնագետների տեսակետներին կանդրադառնանք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել