Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդները պառկած՝ հիվանդանոցը փակել են

Փետրվար 06,2010 00:00

Երեկ Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմն ու շրջակա մոտ 15 գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացնում Շիրակի մարզպետարանի առջեւ:

Մարալիկցիները դուրս էին եկել կառավարության 2009 թ. սեպտեմբերի 9-ի N1052 որոշման դեմ բողոքելու, համաձայն որի՝ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը փակելու են Մարալիկի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը: Ըստ կառավարության որոշման՝ «Մարալիկի հիվանդանոց» ՓԲԸ-ն ու «Մարալիկի» պոլիկլինիկա ՓԲԸ-ն միաձուլվել են՝ ստեղծելով «Մարալիկի կենտրոն» ՓԲԸ: Այն բաղկացած է հիվանդանոցային մասից՝ 5 մանկաբարձական մահճակալ հզորությամբ, պոլիկլինիկական մասից, ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատից եւ շտապօգնության ծառայությունից:

Նկատենք, որ Շիրակի մարզպետարանն այս որոշումն իրագործելիս շատ էր շտապել, մոտ 5 ամիս, որն էլ հարուցել էր բուժանձնակազմի զայրույթը: Բանն այն է, որ երեկ վաղ առավոտյան բուժաշխատողները սովորականի պես ներկայացել են աշխատանքի, սակայն նրանց տեղեկացրել են, որ իրենք կրճատված են, հիվանդանոցն էլ՝ փակված:

Ո՞րն է այս տարածաշրջանի միակ հիվանդանոցը փակելու իմաստը, մի՞թե մարդիկ այնքան հարուստ են, որ բուժվելու համար պիտի մեծ գումարներ ծախսեն ու Գյումրի կամ Երեւան հասնեն: Բացի այդ, Երեւան-Գյումրի մայրուղում գտնվող այս հիվանդանոցը ավտովթարներից ու այլ դժբախտ պատահարներից տուժած մարդկանց կյանքը փրկելու համար շատ հարմար տեղում է:

Ըստ հիվանդանոցի վիրաբույժ Գրիգոր Խաչատուրյանցի՝ հիվանդանոցի ստացիոնար ծառայությունները փակելիս կառավարությունն առաջնորդվել է այն սկզբունքով, որ դրանք եկամտաբեր չեն, կառավարությունն էլ այդքան գումար չունի հիվանդանոց պահելու համար: Վիրաբույժի խոսքերով, կառավարությունը դեռեւս 2006-ին «գաղտնի» որոշում էր կայացրել՝ վերացնելով ինֆեկցիոն ու վիրաբուժական բաժանմունքները, եւ թողել միայն մեկ բաժանմունք՝ 5 մահճակալով, որն էլ, բնականաբար, բավարար չէր մեծ թվով հիվանդներ ընդունելու ու եկամուտ ապահովելու համար: Բացի այդ, կառավարությունն էլ իր հերթին հիվանդանոցին ֆինանսավորել է մահճակալների քանակով, այսինքն՝ չնչին գումար է փոխանցել, ինչն էլ, բնականաբար, պարտքերի մեջ է գցել բուժհաստատությանը: «Մենք նրանց տված ֆինանսներով աշխատել ենք, բայց պլանը չենք կատարել, որովհետեւ մահճակալների թիվը քիչ է, եթե 5-ի վրա բուժվում է 10 հիվանդ, դրա փողը փոխանցում են, բայց եթե 20 հիվանդ բուժվի, չեն փոխանցում, դրա համար էլ մենք պարտքի տակ ենք ընկնում: Որոշեցին հարցը լուծել հիվանդանոց փակելով: Երեկ անսպասելի կերպով առողջապահության բաժնի վարիչը տեղեկացրեց, որ հիվանդանոցը փակ է: Հիվանդները պառկած՝ իրենք հիվանդանոց են փակում, մեզ էլ առաջարկում են հիվանդներին շտապօգնության մեքենայով տեղափոխել Գյումրի, բայց ասեմ, որ նրանք չտեղափոխվող հիվանդներ են»,- ասաց վիրաբույժ Գրիգոր Խաչատուրյանցը: Նրանք անգամ չգիտեն, թե որտեղ է աշխատելու 15 հոգանոց բուժանձնակազմը:

Բաժանմունքի բուժքույրն էլ բողոքեց. «Ես գտնում եմ, որ մենք վնասով չենք աշխատում, հիվանդանոցը կարեւոր նշանակություն ունի, անընդհատ վթարներ են տեղի ունենում ավտոմայրուղում, ու պատկերացրեք՝ կան դեպքեր, որոնց չի թույլատրվում տեղափոխությունները»: Բնակիչները նույնպես հայտնեցին իրենց դժգոհությունը՝ մոլորվելով, թե Մարալիկի 13 000 բնակչությունն ու հարակից գյուղերը ո՞ւր են գնալու:

Զարմանալին այն է, որ հիվանդանոցը փակելուց առաջ կառավարական ոչ մի հանձնաժողով չի ներկայացել ու չի ուսումնասիրել բուժհաստատության հնարավորությունները, պիտանելիությունը, եկամուտներն ու ծախսերը, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը օպտիմալացման ծրագիր է ներկայացրել, նրանք էլ՝ առանց երկար-բարակ մտածելու, որոշել են ազատվել հիվանդանոցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել