Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 06,2010 00:00

Երբ Ադրբեջանում սկսվեցին հայերի ջարդերը, շատերի նման Գալինա Կարապետյանն էլ իր ընտանիքով՝ ամուսնու, որդու եւ հարսի հետ թողեց Բաքվի՝ 70 տարվա իր բարեկեցիկ կյանքն ու եկավ Հայաստան՝ ապաստան գտնելով Վանաձոր քաղաքին մերձակա Շահումյան գյուղում։ Ջարդերի նախօրեին ադրբեջանցի պաշտոնյաների կասկածելի վարքագիծը պետք է որ մտածելու տեղիք տար, հայերը նախազգուշական միջոցառումներ ձեռնարկեին: Ադրբեջանի շատ պաշտոնյաներ, որ հայ մայր ունեին, իրենց ծնողներին Բաքվից ուղարկում էին Ռուսաստան։ Այս ամենը հայտնի եւ տեսանելի էր հայերին, բայց նրանք չէին սպասում, որ կառավարության գիտությամբ եւ թույլտվությամբ կարող է կոտորած իրագործվել։

Բաքվում լարված դրությունն օր օրի վատթարանում էր: «Վախենում էինք աշխատանքի գնալ։ Նստում էինք մետրո, թուրքերը զույգ աչքերով էին նայում, գործարանում չէինք կարողանում խոսել, էս կողմից, էն կողմից թափվում էին գլխներիս։ Քաշվեցինք, որ չթակեն»,- պատմում է տիկին Գալինան։ Ջարդերն սկսվելուց հետո հայերը վերջնականապես խուճապի մատնվեցին։ Վախ ու սարսափի մթնոլորտում նրանք ստիպված եղան լքել Բաքվի իրենց տունուտեղն ու տեղափոխվել Հայաստան։

Գաղթելիս Կարապետյանների ընտանիքն իր հետ կարողացավ վերցնել միայն փաստաթղթեր եւ հագուստ։ Քանի որ տիկին Գալինայի հարսի մայրը կիրովականցի էր, ուստի ընտանիքն ընտրեց հենց այս քաղաքի մերձակա գյուղը։ Նրանց հետեւելով՝ Շահումյանում հավաքվեցին նաեւ մյուս ազգականները։

Նոր միջավայրին հարմարվելու խնդիրն արագ լուծվեց։ Նոր բնակավայրը՝ Շահումյան գյուղը, հիմնականում բնակեցված էր ադրբեջանցիներով, ու 88-ից հետո գյուղում մեծ թիվ էին կազմում փախստականները։ Լեզվի խնդիր նույնպես չկար, քանի որ արմատներով գորիսեցի ու հայրենիքի հետ կապը պահպանած լինելով՝ նրանք չէին մոռացել հայերենը։ «Լեզուն մեր լեզուն ա, գրական չենք խոսում, մենք էլ Գորիսի լեզվով ենք խոսում, ինչ տարբերություն կա, մեր հայկական լեզուն ա, հասկանում ենք»։ Բնիկները նույնպես բարյացակամ էին գաղթականների հանդեպ։

Կարապետյանները Բաքվում տուն ունեին, աշխատանք. «Բաքու աշխատում էի կարի ֆաբրիկայում, հարսս աշխատում էր, տղաս նախարարի վարորդ էր, 17 տարի գործ ա արել, 17 տարի արձակուրդ չեն տվել, լավ աշխատող էր, մինիստրը հետը մոտիկություն էր անում։ Դե որ էդպես դառավ, եկանք»։ Իսկ հայրենիք վերադառնալով՝ դարձան աղքատ: «Լավ ապրել ենք, հարգանքով, պատվով, որ եկել ենք էստեղ՝ դառել ենք աղքատ։ Ոչ մի բան չունենք, ինչ էլ եղել ա, ծախել-կերել ենք։ Հարեւանի կնիկը գնացել ա, իրա կոտրածները բերել ա մեզ։ Բայց մենք էդպես չենք ապրել, ընտիր ապրել ենք»,- հիշում է տիկին Գալինան։ Երբ Կարապետյանները եկան Շահումյան, ադրբեջանցիներն արդեն հեռանում էին այնտեղից։ Այն տունը, ուր հիմա տիկին Գալինայի ընտանիքն է ապրում, պատկանում էր մի ադրբեջանցու։ Վերջինս առաջարկեց փոխանակել իրենց տները՝ խոստանալով Գալինայի ընտանիքի գույքն ու ողջ իրերը ուղարկել Հայաստան։ Բայց դրժեց խոստումը։

Հայաստանում Կարապետյանները սկզբում աշխատում էին. տիկին Գալինայի որդին տաքսու վարորդ էր, հարսը՝ հաշվապահ, տիկին Գալինան՝ ֆիրմային խանութի աշխատակից։ Բայց ոչ շատ անց երեքն էլ անաշխատանք մնացին։ Տղան մեկնեց Վոլգոգրադ՝ արտագնա աշխատանքի, բայց քանի որ գործերն անհաջող էին՝ վերադարձավ։ Եվ արդեն տասը տարի անգործ է։ Չորս հոգանոց ընտանիքն այժմ մի կերպ գոյատեւում է 75-ամյա տիկին Գալինայի կենսաթոշակով։

Աշխատանքի տեղավորման բոլոր ջանքերն ապարդյուն են. հարսը հայերեն գրել-կարդալ չգիտի, ուստի ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում, տղան 50-ն անց է, իսկ բոլոր գործատուները 25-40 տարեկան աշխատողներ են պահանջում։ ՀՀ կառավարությունն անտարբեր է գաղթականների ու նրանց խնդիրների հանդեպ։«Ո՞ւմ ասենք, ո՞ւմ մոտիկանանք։ 22 տարի ա՝ թոշակավոր եմ, 10 կոպեկի օգնություն եմ գյուղսովետից ստացել։ Կարկուտը տարել ա բերքը, բայց օգնություն են տալիս նրան, ով մեծերի հետ մոտիկ ա։ Նպաստը ո՞ւմ են տալիս՝ ով գործ, ավտո, խանութ ունի, գյուղի 90%-ը էդպեսներն են ստանում»,- պատմում է տիկին Գալինան։

Բայց նույնիսկ այս պայմաններում նրանք պատրաստ են մինչեւ իսկ աչք փակել երկրում տիրող անօրինությունների վրա, միայն թե աշխատանքի խնդիրը լուծվի. սա է նրանց հիմնական մտահոգությունը։ Եթե գործ լինի՝ հայրենիքում լավ կապրեն. «Իկրա չենք ուտի, բադրիջան կուտենք, բադրիջան չենք ուտի, կարտոշկա կուտենք, մի գործ ճարենք, ուրիշ բան չենք ուզում»։

Տիկին Գալինան պատմում է, որ ադրբեջանցի հարեւանների հետ շփումն ավելի սերտ է եղել, քան հիմա՝ հայերի հետ։ Պատճառն ամենեւին էլ ազգային խնդիրը չէ, այլ նյութական պայմանների սղությունը. «Դե որ գործ չկա, չես կարող էնպես շփում ունենաս հարեւանի հետ, ընկերի հետ, ամեն ինչը փող ա, որ փող չկա՝ ինչպես հարեւանի տունը գնաս, ինչով անես հարեւանություն։ Որ հարեւանի հետ մի անգամ չնստես կոֆե խմես, մի անգամ մի խնջույքի գնաս, որ դուռը չբացես մտնես, ինքը մեր տուն, մենք իրա, դա ինչ հարեւանություն ա։ Մենք էդպես չենք եղել։ Բաքու ընտիր ենք եղել, հարսանիք, ծնունդ, կամպանի հավաքված, խոնչա կապած, թուրքը մեր տուն ա գնացել, մենք՝ իրա։ Ըստեղ էդ ինչ կյանք ա. 22 տարի ըստեղ եմ, մի անգամ մի հարսանիք եմ գնացել: Բաքու էլ մարդ չի եղել, որ մեր տանը հաց չուտի, թո՛ւրք էլ, հայե՛ր էլ։ Տղիս ասում էի՝ լինելո՞ւ ա էն օրը, որ նստենք հացի, մեր սեղանին թուրք չլինի, ընկերներ ու շրջապատը սաղ թուրքեր են եղել։ Հիմա կան մարդիկ, որ ասում են, թուրքի մատոռով եք, մեկն ասում ա՝ խի՞ եք ասում, որ Բաքու լյավ ա եղել…»:

Երկու ժողովուրդների միջեւ չի եղել ազգային խտրականություն, թշնամանք: Կողք կողքի են եղել թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին: «Չի եղել, որ մեկը մի դուշմանություն աներ, աշխատանքից գնում էինք, մաշինը կանգնեցնում էինք, կողքին սեղան կար, սամովարը դրած, կնանիք գալիս էին, նստում, 2 հայ էինք, 10 թուրք, ծիծաղելով չայ էինք խմում, հաց ուտում, ընկերական անցնում էր մեր ժամանակը։ Մինչեւ վերջին օրը, երբ մաշին էինք նստում, բաց չէին թողնում ձեռքներս, ասում էին՝ ի՞նչ ենք արել Աստծուն, որ սենց լավ հարեւանները գնում են մեզանից»,- հիշում է Գալինա Կարապետյանը ու հավելում, որ երբեմն ադրբեջանցիներն իրենց ազգակիցներից էլ շատ ավելի հարգանքով են վերաբերվել հայերին. «Իրանց հարսանիքը երկու տեսակ ա լինում. կանանց եւ տղամարդկանց հարսանիքները տարբեր օրեր ա լինում, տղամարդկանց հարսանիքում կին չի լինում։ Որ գնում էինք, իրանք տափին էին նստում։ Մեզ համար սեղան էին դնում, իմանում էին, որ հայը գնում ա գործատեղիցը, հայի նման գեղեցիկ ստոլ էին բացում, որ մեզ դուր գա։ Իրանց ազգից բարձր են հարգում իրանք մեզ։ Իրանք դաժե մեզանից ավելի հարգանքով են։ Մենք կարող ենք իրանց վրա դուռ էլ կողպել, համա իրանք չեն անի, կասեն՝ համեցե՛ք, եկ, կհարգեն, կպատվեն»։

Հայերի ու ադրբեջանցիների սովորույթներում շատ ընդհանրություններ են եղել, ըստ տիկին Գալինայի. «Մեզ նման աստվածապաշտ են, հյուրասեր, հարգանքով, ընկեր սիրող։ Մեզ նման սիրում են ոչխար մորթել, մատաղ անել, հարեւանության մեջ ուտել-խմել»։

«Էդ էլ որտեղի՞ց սկսվեց կռիվը. ոչ մենք ենք մեղավոր, ոչ իրանք»,- ասում է տիկին Գալինան՝ համոզված, որ ադրբեջանցիները երբեք էլ միտք չեն ունեցել արյուն հեղելու։ Բայց քիչ անց նա փոքր-ինչ անկեղծանում է՝ մեջբերելով հոր խոսքերը. «Մոտիկություն ենք արել, չենք մտածել, որ քանի տարուց հետո էսպես կլինի։ Բայց հերս ասում էր՝ թուրքը շուն ազգ ա, ինչքան էլ մոտիկ լինես, փետը ձեռքի՛դ պահիր։ Ինչի՞ մեր աղջկերանցը չեն տալիս թուրքերին։ Գիտեին, որ վերջն էդ ա լինելու, վերջը դուրս ա գալու, կռիվ ա լինելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել