Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԹԱՑԻԿ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԱԾ ԵՆ…

Փետրվար 11,2010 00:00

\"\"Դպրոցներում ստուգողական եռուզեռ է

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Ավան համայնքների դպրոցներում երեկ մեկնարկեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից կազմակերպվող ընթացիկ ստուգումները: Առաջիկա 3 օրերի ընթացքում դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտների գիտելիքները կստուգվեն թեստերի միջոցով. 8-րդցիները՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներից, 9-րդցիները՝ հայոց լեզու, հանրահաշիվ, երկրաչափություն, հայոց պատմություն առարկաներից, 10-րդցիները՝ ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, 11-րդցիները՝ հայ գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն առարկաներից: Անցյալ տարի,  բարձր գնահատելով ընթացիկ ստուգումների արդյունավետությունը, այնուամենայնիվ, որոշ դպրոցների տնօրեններ դժգոհում էին, թե կազմակերպվածության առումով թերություններ կային: Այս տարի  հենց դպրոցներում փորձեցինք ճշտել՝ ինչպիսի՞ն է իրավիճակը: Հյուրընկալվեցինք Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցում, որտեղ 9-րդ եւ 10-րդ դասարանցիները ընթացիկ ստուգման էին մասնակցում հայոց լեզու եւ ռուսերեն առարկաներից: Տնօրեն Ծովինար Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում կազմակերպվածության մակարդակը: Նա պատասխանեց. «Արտաքին գնահատման ողջ գործընթացը կազմակերպել էր ԳԹԿ-ն, դպրոցը ոչնչից տեղյակ չէ՝ ոչ թեստերի, ոչ էլ ձեւաթղթերի բաժանման առումով, մենք ընդամենը տրամադրել էինք դպրոցը, դասարաններն ու երեխաներին: Կազմակերպվածությունը բարձր մակարդակի վրա է»:
Մեր հարցին՝ ընթացիկ ստուգումները չե՞ն խոչընդոտում դասապրոցեսի բնականոն ընթացքին, Ծ. Ղազարյանը պատասխանեց. «Անշուշտ, խոչընդոտում են, քանի որ այսօր ժամը 10-ից ընթացիկ ստուգմանը մասնակցող դասարանները դաս չարեցին, որովհետեւ յուրաքանչյուր դասարան պիտի 90 րոպե այդ գրավորները գրեր: Բայց սա շատ կարեւոր էր, քանի որ մենք ինքներս էլ պիտի տեսնենք, թե մեր դպրոցի որակն ինչպիսին է, եթե, իհարկե, թեստերի առաջադրանքները համապատասխանում են մեր ծրագրերին, դրա մասին դեռ տեղյակ չենք: Երբ ստուգումը վերջանա, թեստերը կուսումնասիրենք եւ մեր առաջարկություններն ու եզրակացությունները կուղարկենք ԳԹԿ»:
Հարցին, թե ինչո՞ւ նման հետեւողականություն չցուցաբերեցին անցյալ տարի, չէ՞ որ նախորդ տարի էլ էր նույն գործընթացը կազմակերպվել դպրոցում, տիկին Ղազարյանը պատասխանեց. «Անցյալ տարի պրոցեսն այս կարգի խիստ բնույթ չէր կրում, կային թերություններ, բայց կոնկրետ մեր դպրոցը չարձագանքեց դրանց, քանի որ դա ընդհանուր էր: Բայց քանի որ այս տարի Երեւանում առաջինը մեր դպրոցում սկսվեց այդ պրոցեսը, այս անգամ ակտիվորեն կուսումնասիրենք թեստերը»: Մեր դիտարկմանը, թե կան դպրոցի տնօրեններ, որոնք ընթացիկ ստուգումը դիտարկում են որպես վերահսկողություն իրենց աշխատանքի նկատմամբ, տիկին Ղազարյանը պատասխանեց. «Դա վերահսկողություն չէ, ընդհակառակը, դպրոցին օգնություն է. երեխան 9-րդ դասարանից նախապատրաստվում է միասնական քննությանը, եւ քննության ժամանակ իրեն լարված չի զգում: Բայց ես կառաջարկեի, որ գոնե ձեւաթղթերը նախօրոք ուղարկվեն դպրոց, որ երեխաները ծանոթանան դրանց, քանի որ 90 րոպեն բավարար չէ, որ երեխային բացատրեն ձեւաթղթի հետ աշխատանքը, եւ հետո նա հասցնի առաջադրանքները կատարել: Ձեւաթղթերին ծանոթ լինելու դեպքում երեխան հոգեբանորեն կպատրաստվեր, տեխնիկական մասի վրա ժամանակ չէր ծախսվի եւ 90 րոպեն կկենտրոնացներ առաջադրանքների վրա»:
Տիկին Ղազարյանը նաեւ նշեց. «Արտաքին գնահատումը շատ օգտակար բան է, բայց, կարծում եմ, որ այն հիմա չպիտի կազմակերպվեր, քանի որ այս օրերին, մինչեւ փետրվարի 19-ը ներառյալ, Երեւանում օլիմպիադաներ են ընթանում, եւ մեր լավագույն աշակերտները մասնակցում են օլիմպիադաներին: Դա նշանակում է, որ իմ արդյունքն այնքան էլ օբյեկտիվ չի լինի: Լավ կլիներ, որ գնահատումը կազմակերպվեր փետրվարի 20-ից հետո»:
Նշված առաջարկի մասին  պարզաբանում խնդրեցինք ԳԹԿ մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանից: Նա ասաց. «Օլիմպիադաների հիմնական մասը, մասնավորապես՝ տարածքային օլիմպիադաները, արդեն ավարտվել են, ինչը համաձայնեցրել ենք քաղաքապետարանի կրթության վարչության հետ: Իսկ փետրվարի 20-ից հետո անցկացնել չէինք կարող, քանի որ այդ ժամանակահատվածում եւս լինելու են ընթացիկ ստուգումներ: Իսկ եթե դպրոցում բացակայում է ընդամենը 3-4 երեխա, դա չի խանգարում, քանի որ մեզ հետաքրքրում է դպրոցի ընդհանուր մակարդակը»:
«Առավոտը» ընթացիկ ստուգման «պլյուսներն» ու «մինուսները» բացահայտեց նաեւ աշակերտների աչքերով: Օրինակ՝ թիվ 125 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Էրիկ Պետրոսյանը նշեց. «Հայոց լեզվի թեստերը մի քիչ դժվար էին, սակայն ընթացիկ ստուգումը շատ օգտակար է մեզ համար՝ փորձի ձեռքբերման առումով: Ուղղակի կային առաջադրանքներ, որոնց ձեւակերպումները հասկանալի չէին»: Գեորգի Երեմյանն էլ նկատեց. «Ընդհանուր առմամբ գոհ եմ, ուղղակի այն առաջադրանքում, որի համաձայն պետք է տրված բառերով շարադրություն կազմեինք, կային բառեր, որոնք տարածված բառեր չէին եւ իմաստը մեզ համար հասկանալի չէր, օրինակ՝ անխոնջ, կայմ, հորձանք բառերը եւ այլն»: Մեր հարցին՝ գուցե դա նրանից է, որ գիրք քի՞չ են կարդում, աշակերտը պատասխանեց. «Չէի ասի, որ գիրք քիչ ենք կարդում, մեր գրականության ուսուցչուհին մեզ շատ է գրքեր կարդալ հանձնարարում»:
Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ ընթացիկ ստուգումներ են իրականացվել նաեւ Սյունիքում, ինչը, հավանաբար, ԳԹԿ-ն «թաքցրել» էր, որպեսզի Երեւանի դպրոցների ուսուցիչները համապատասխան միջոցներ չձեռնարկեին՝ թեստերը ձեռք բերելու եւ իրենց դպրոցի «ինտելեկտուալ պատիվը փրկելու» համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել