Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ» ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Փետրվար 19,2010 00:00

Նախորդ տարվա դեկտեմբերին թերթերից մեկը հրապարակեց ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23-ի հրամանը, որի համաձայն՝ երկրի բանակն անցնում էր զորանոցային վիճակի, եւ ձեւավորվում էր Երեւան քաղաքի կայազորի պետի աշխատակազմը: «Մեդիամաքս» գործակալությունը երեկ խնդրել է Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանել այն փաստը, որ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Յորան Լինդբլադը ստորագրություններ է հավաքում համապատասխան բանաձեւի տակ՝ հրամանի հեղինակներին պատասխանատվության կանչելու նպատակով: «Պաշտպանության նախարարի գործողությունները պետք է դիտարկել Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության այն իրական սպառնալիքների համատեքստում, որոնք առկա էին 2008թ. հունվար-մարտ ամիսներին: Ադրբեջանի ագրեսիվ ելույթներն ու զինված ուժերի շփման գծի օպերատիվ իրավիճակը խոսում էին Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակից Ադրբեջանի օգտվելու պատրաստակամության մասին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման նպատակով: Բառացիորեն մի քանի օր հետո (4 մարտի 2008թ.) ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտ տեղի ունեցած լրջագույն միջադեպը, որը, դատելով հակառակորդի գործողությունների ծավալներից ու բնույթից, կարող էր վերածվել լայնածավալ ռազմական հակամարտության, ապացուցում է նախարարի գործողությունների համարժեքությունը: Մեր ջանքերն այդ ժամանակ ուղղված էին բանակը քաղաքական գործընթացներից հեռացնելուն, որի մեջ նրան ներքաշում էր ընդդիմությունը, եւ իշխանության փոփոխության ժամանակահատվածում նրա ուժերը երկրի անվտանգության ապահովման վրա կենտրոնացնելուն: Պետք է չափազանց անտեղյակ կամ չափազանց կողմնակալ լինել, որպեսզի չհասկանալ այդ ժամանակահատվածի ակնհայտ իրականությունը: Զարմանալի է, որ պատգամավոր Լինդբլադը հավատացել է այդ անհեթեթությանը, ինչը որոշակի ենթադրություններ է առաջացնում: Տհաճ է, որ այդ գաղափարի՝ ատելությամբ եւ արդարանալու ցանկությամբ կուրացած հեղինակները վնաս են հասցնում երկրի հեղինակությանն ու մեր բանակի համբավին»,- «Մեդիամաքսին» ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել