Լրահոս
Օրվա լրահոսը

Սողանքներ եւ զբոսաշրջիկներ

Մարտ 02,2010 00:00

\"\"Առողջարանային Դիլիջանի ներկայի երկու մշտական բաղադրիչները

Դիլիջանում վերջին տարիներին դրական փոփոխությունները տեսանելի են, սակայն քիչ չեն նաեւ խնդիրները, որոնցից ամենակարեւորն ու հրատապ լուծում պահանջողը սողանքներն են: Հենց սողանքների դեմ պայքարի շրջանակներում էր հանգստյան օրերին Դիլիջան այցելել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
2005 թվականից Դիլիջանի քաղաքապետ, հանրապետական Արմեն Սանթրոսյանի հետ մեր զրույցը քաղաքի հիմնախնդիրների մասին է:
«2009 եւ 2010 թվականներին քաղաքի բյուջեն հիմնականում նույնն է՝ շուրջ 600 միլիոն դրամ: Անցյալ տարվա բյուջեն կատարվեց գրեթե ամբողջությամբ՝ 99.8 տոկոսով: Անցյալ տարի համայնքի բյուջեի մեջ պետական լրավճարը 130 միլիոն դրամ էր, իսկ այս տարի այն նախատեսվում է 150 միլիոն դրամի չափով: Պետբյուջեից լրավճարի աճ է եղել, այս առթիվ շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը»,- նշեց Արմեն Սանթրոսյանը եւ հավելեց, որ այս տարի նախատեսում են ավարտել Դիլիջանի երկրագիտական թանգարանի եւ պատկերասրահի եռահարկ շենքի շինարարությունը: Այն ամբողջովին կառուցվում է համայնքի միջոցներով: Շենքը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա մայիսի վերջին:
Բացի սրանից, միջոցները կուղղվեն քաղաքի ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ Սայաթ- Նովայի փողոցն ամբողջությամբ կասֆալտապատվի, զբոսաշրջության զարգացման նպատակով կբարելավվեն քաղաքի ենթակառուցվածքները: Դիլիջանը ֆինանսական կենտրոն դառնալու հետ կապված՝ մեծ շինարարություն է սկսվել: 2008 թվականին կառավարության որոշմամբ Դիլիջանի նախկին հիվանդանոցի շենքը հատկացվեց ՀՀ կենտրոնական բանկին: Այժմ մեծ թափով ընթանում է կենտրոնական բանկի նոր շենքի շինարարությունը: Պետությունից բացի, ըստ քաղաքապետի, մասնավոր ներդրողներն էլ են Դիլիջանում շինարարություն իրականացնում: Օրինակ՝ «550 երեխայի համար կառուցվում է անգլիական դպրոց՝ Թաիլանդի թագավորական դպրոցի նման: Սա մեծ ծրագիր է, կարելի է ասել, որ քաղաքի մեջ քաղաք կկառուցվի՝ բոլոր հարմարություններով»,- հայտարարեց Արմեն Սանթրոսյանը:
Բայց սողանքները եղել եւ մնում են Դիլիջանի ամենամեծ հիմնախնդիրը: Համայնքը իր ֆինանսական հնարավորություններով չի կարող լուծել այս խնդիրը: «Ռոտոնդո» թաղամասը բլրի վրա է, այն ամբողջությամբ գտնվում է սողանքային գոտում: Քաղաքի տարբեր հատվածներում կան սողանքային գոտիներ, սակայն «Ռոտոնդոն» է առավել ակտիվ սողանքի վտանգավոր տարածք: Դիմել ենք կառավարություն, հույս ունենք, որ այս հարցում կօժանդակի»,- ասաց քաղաքապետը:
Հայտնի է, որ խորհրդային շրջանում, Նիկոլայ Կոսիգինի վարչապետության շրջանում, 11 միլիոն ռուբլով հակասողանքային թունելներ են կառուցվել, որոնք այդպես էլ չեն գործարկվել: Դրանք հիմա կարո՞ղ են օգտագործվել: Մեր այս հարցին ի պատասխան՝ Արմեն Սանթրոսյանն ասաց. «Մեծ թունելներ են, որոնց շինարարությունը խորհրդային շրջանում այդպես էլ չավարտվեց, դրանք շահագործման չհանձնվեցին: Դրենաժային այդ երեք թունելների ընդհանուր երկարությունը 1700 մ է: 2008թ. կառավարությունը հանձնաժողով ստեղծեց, ուսումնասիրություներ կատարվեցին: Մեծ հանձնախումբ էր ստեղծվել, որի մեջ ընդգրկվել էին քաղաքաշինության նախարարության, «Արփա-Սեւան» ընկերության ներկայացուցիչները, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, Դիլիջանի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի աշխատակիցները, քաղաքի ճարտարապետը: Բայց գործը կիսատ մնաց: 2009 թվականին, կապված ֆինանսական ճգնաժամի հետ, այս նպատակին գումարներ չհատկացվեցին: Այդ թունելները միմյանց միացված չեն: Մնում է մասնագիտական որոշակի ուսումնասիրություն, դրենաժները գործարկելու որոշակի ներդրում, եւ համակարգը քաղաքի համար կարող է փրկություն լինել»:
Քաղաքապետի հետ եղանք «Ռոտոնդո» թաղամասում եւ տեսանք սպառնալից չափերի հասած սողանքը: Նորովի կառուցված Մատինովի աղբյուրի պատը սողանքից երկու տեղում ճեղք է տվել, քանդվել է ուղեւորների սպասասրահը:

Հ. Գ. Սրանով հանդերձ, քաղաքապետը հավաստիացնում է, որ զբոսաշրջիկների սուր պակաս Դիլիջանը չի զգում: «Ամանորին Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, մասնավոր կացարաններում ազատ սենյակ չկար: Բայց 2009-ի ամռանը, 2008-ի համեմատությամբ, զբոսաշրջիկների հոսքը 20%-ով պակաս էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել