Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ՔԱՅԼԵՐՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԵՆ

Մարտ 03,2010 00:00

\"\"Կարծում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը՝ համոզմամբ, որ «ժամանակին եթե ավելի համաչափ լինեին՝ այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ»:

– «Նոր ժամանակներ» կուսակցությունը բավականին ակտիվ մասնակցում է եւ Դաշնակցության, եւ ՀԱԿ-ի կազմակերպած բոլոր միջոցառումներին: Միանգամայն հասկանալի եւ ակնհայտ է, որ դրանք, այսպես ասած, տարբեր ընդդիմություններ են. դուք դեռ չե՞ք կողմնորոշվել՝ ինչպիսի՞ ընդդիմություն լինել:

– «Նոր ժամանակներն» իր տեղն արդեն որոշել է՝ ընդդիմության դաշտը, եւ այդ դաշտը որեւէ մեկը չի կարող սեփականաշնորհել: Մենք գործում ենք ընդդիմության գործողությունների համընդհանուր տրամաբանության մեջ: Եթե կան խնդիրներ, որոնք կապված են արտաքին քաղաքական զարգացումների հետ, ապա մենք գնում ենք ՀՅԴ-ի, «Ժառանգության», Դեմկուսի եւ բոլոր նրանց հետ, ում հետ համաձայն ենք, եւ ովքեր մեզ հետ միասին չեն վախենում այդ հարցերը տանել տապալելու ճանապարհով: Մասնավորաբար՝ հայ-թուրքական արձանագրությունները կյանքի չկոչելը: Հայաստանի ներքին կյանքի հետ կապված խնդիրներում՝ ժողովրդավարություն, համակարգային փոփոխություններ եւ այլն, մենք համագործակցության եզր ունեցել ենք ՀԱԿ-ի հետ. հիմա համագործակցություն չկա, բայց կա առանձնահատուկ հասկացողություն՝ իբրեւ ընդդիմադիր ուժ մասնակից լինել ընդդիմադիր դաշտի բոլոր գործողություններին, եթե դրանք ուժեղացնում են դաշտը եւ համընկնում են մեր կուսակցության ծրագրերի հետ: Մենք խնդիր չունենք: Ավելին, կարծում եմ՝ իրենք կողմնորոշվելու խնդիր ունեն: Չի կարելի մի հարցում ընդդիմադիր լինել, մյուսում՝ ոչ: Քաղաքագիտության մեջ նման ընդդիմություն չկա. ընդդիմությունը դեմ է լինում իշխանության կողմից տարվող ուղղությանը՝ արտաքին, թե ներքին: Սա կարեւոր խնդիր է, եւ լավ կլիներ, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները մեկ անգամ իրար հետ խոսեին այս թեմայով: Հետեւաբար, ստացվում է, որ «Նոր ժամանակները», ինչպես նաեւ «Ժառանգությունը»՝ մասնակցելով տարբեր ֆորմատների, ուղղակիորեն կատարում են արմատական ընդդիմության գործողությունները:

– Երբեւէ չե՞ք մտածել բանակցել «Ժառանգության» հետ եւ արմատական ընդդիմության նոր ֆորմատ ձեւավորել, մանավանդ, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ էլ են:

– Կարծում եմ՝ նմանատիպ խնդիր առաջ է գալու, բայց որպեսզի այս անգամ ամեն ինչ հարյուր տոկոսանոց լինի, այսինքն՝ որպեսզի մի ընթացքից չփլուզվենք կամ մտնենք խորհրդարան ու դրանով ավարտենք, այլ մինչեւ վերջ գնանք հաղթանակի… Թող ներող լինեն, բայց տարբեր ուժեր տարբեր պատճառներով ճանապարհը մինչեւ վերջ չեն հարթել: Պարզապես քաղաքական զարգացումները պետք է պահը հասունացնեն: Եվ իմ տպավորությամբ՝ ՆԺԿ-ն ու «Ժառանգությունը» հայտնվելու են մի այնպիսի տեղում, որտեղ համընդհանուր ընդդիմանալու գաղափարն է հաղթելու: Դա պետք չէ արհեստականորեն հասունացնել, պահը պիտի թելադրի:

– Ի՞նչ տպավորություններ եք ստացել ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքից: Իրատեսական համարո՞ւմ եք այն տեսակետները, որ Հայաստանում արտահերթ փոփոխություններ են սպասվում:

– Այո, հնարավոր են: Կլինե՞ն այդպիսի զարգացումներ՝ կախված է մի շարք ֆակտորներից: Բայց մենք էլ, առաջին նախագահի նման, կարծում ենք, որ արտահերթ զարգացումները ճիշտ կլինեն: Անկեղծ ասած, մի փոքր անտրամաբանական եմ համարում այս առիթով կոալիցիոն կուսակցությունների երեկ հայտնած այն տեսակետները, որ երկիրը բնականոն է զարգանում, եւ արտահերթ փոփոխությունների առիթ չկա: Եթե սա բնականոն է… Բնականո՞ն էր 2008-ի մարտի մեկը, երբ փողոցում կրակում էին… Ես բնականոն զարգացում չեմ տեսնում: Նման տեսակետներ արտահայտողները փաստարկներ էլ չեն բերում, իսկ ընդդիմության խոսքը փաստարկված է՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, արտաքին քաղաքական վերլուծությունները ցույց են տալիս, որ այսօր Հայաստանի բնականոն զարգացումն, ընդհակառակը, վտանգված է:

Եթե բաժակը լցվի մինչեւ վերջ… Ահա թե ինչից եմ ոգեւորված երեկվա հանրահավաքից: ՀԱԿ-ն ունի իր, այսպես ասած, կորիզը, որը միշտ մասնակցում է հանրահավաքներին, երեկ մարդկանց համատարած հոսք էր: Երեկ Կոնգրեսի կորիզը չէր մասնակցում հանրահավաքին, այլ սովորական մարդիկ: Եվ մասնակցում էին բավականաչափ ագրեսիվ տրամադրություններով, այն իմաստով, որ անպայմանորեն ինչ-որ բան պետք է փոխել: Երեկ այնքան շփումներ եմ ունեցել մարդկանց հետ. դա ցույց է տալիս, որ մարդկանց մեջ կա ցանկություն՝ շփվելու լիդերների հետ, ովքեր իրավամբ կասեն՝ փոփոխություններ սպասվո՞ւմ են, ե՞րբ, ի՞նչ է պետք անել դրանց համար: Դա շատ ոգեւորիչ է, որովհետեւ սկսում ես հասկանալ, որ ժողովրդի մեջ արթնանում է այն հույսը, որ կարելի է հավաքվել ու բան փոխել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել