Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԻՐՎԱԾ ՊԱՏԺԱՉԱՓ

Մարտ 10,2010 00:00

\"\"Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճիռն անհիմն է ու անտրամաբանական:

Երեկ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ եւ դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Վերաքննիչը երեկ միայն մի սրբագրում արեց՝ կատարեց օրենքի պահանջն ու Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառեց՝ կիսով չափ կրճատելով պատժի չկրած մասը: Ասել է թե՝ Նիկոլն անազատության մեջ կմնա եւս 3 տարի: Գործող իշխանությունների կողմից պաշտոնանկ արված արդեն նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն այս դատավճիռը երեկ այսպես որակեց. «Ե՛վ դատավճիռն էր քաղաքական, ե՛ւ պատժաչափն էր պատվիրված»:

Բայց նախ՝ խոսենք Նիկոլի նկատմամբ համաներման կիրառման մասին: Նախկին դատավորի պնդմամբ, համաներումը, այսպես թե այնպես, պիտի կիրառվեր, եւ, իհարկե, «ճիշտն այն կլիներ, որ դա կիրառեր ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավճիռը կայացնելուն միաժամանակ, եւ պատիժը նշանակելիս ճշգրտեր նաեւ այդ պատժաչափը»: Թե ինչու առաջին ատյանի դատարանը դա չարեց՝ նախկին դատավորը երկու բացատրություն ունի, որոնք երկուսն էլ իրավական հարթությունում են գտնվում: Այդուհանդերձ, նա չբացառեց նաեւ, որ ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ կայացնելու պահին համաներում կիրառել-չկիրառելու մասին հստակ հրահանգ չի ունեցել ու որոշել է գլխացավանքից հեռու մնալու համար այն ուղղակի անտեսել: «Տեսականորեն եւ նաեւ գործնականում դատարանը համաներումը պե՛տք է կիրառեր: Բայց, ինչո՞ւ չէ, դա քաղաքական պատճառ էլ կարող էր ունենալ: Միայն թե՝ նա ոչ թե համաներում չկիրառելու պատվեր կարող էր ունենալ, այլ «փոքր վրիպում» թույլ տար, որպեսզի ինչ-որ տեղ իշխանության կողմից հարվածի տակ չընկներ»,- ասաց Օհանյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլի համար կայացված 7 տարվա ազատազրկման դատավճռին, ապա նախկին դատավորի ասելով, այն անհիմն էր. «Դա անհիմն դատավճիռ էր, որովհետեւ Փաշինյանին, ինչպես նաեւ մյուս քաղբանտարկյալներին, ես անմեղ եմ համարում: Նրան արդարացնող փաստարկներն այնքա՜ն շատ են եւ հակառակը՝ այնքա՜ն քիչ են կամ իսպառ բացակայում են նրա մեղքն «ապացուցող հիմնավորումները», որ անիմաստ էլ է դատավճիռն անհիմն համարելու համար ինչ-որ փաստարկներ բերելը, թեեւ կարելի է մի շնչով դա անել: Ի՞նչ հանցակազմի, ի՞նչ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասին է խոսքը, եթե այդ անկարգություններն ուղղակի եւ, ըստ էության, սադրեցին իշխանությունները՝ հե՛նց Ազատության հրապարակում, որից հետո ժողովրդին ոչինչ չէր մնում անել, քան երկրի իշխանությունների կողմից իրենց պաշտպանելու հույսները կտրած՝ վազել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն եւ նրա «փեշից» քաշել ու օգնություն աղերսել, ինչը շատ ցավալի էր: Թուրքերն այդպիսի բան չէին անի մեր ժողովրդի հանդեպ: Եվ հետո, զանգվածային անկարգությունների պատրաստվող մարդիկ, ժողովուրդը կամ կազմակերպողը «պաշտպանական բարիկադներ» ստեղծելու կո՞չ պետք է աներ: Զանգվածային անկարգություն անողը չի պաշտպանվում, այդ արարքը ենթադրում է ագրեսիվ գործողություններ եւ ոչ թե պաշտպանական: Իսկ պաշտպանական գործողությունների մարդը դիմում է, երբ իր նկատմամբ հարձակում է տեղի ունենում՝ ընդ որում, կյանքի համար վտանգավոր, որը ցավոք, տեղի ունեցավ, եղան նաեւ զոհեր»:

Նախկին դատավորի համար երեկ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատավճիռը, պարզվեց, անսպասելի էր. «Ես միշտ լավատես եմ եւ միշտ հավատում եմ, որ, այնուամենայնիվ, արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում, եւ այդ աստիճանի ճչացող անարդարության հոգեպես պատրաստ չէի: Ես կարծում էի, որ վերջին պահին, գոնե, չարյաց փոքրագույնը կլիներ: Ասենք, եթե դատավճիռը պետք է մեղադրական լիներ, ապա կարող էր նաեւ 4 տարվա ազատազրկում նախատեսել: Այն հոդվածով, որով մեղադրվում է Փաշինյանը, նախատեսում էր 4-10 տարվա ազատազրկում: Դատավորն անունն ի՞նչ է դրել, երբ 7 տարվա ազատազրկման դատավճիռ է կայացրել: Նման հիմնավորում դատավճռում ես համոզված եմ, որ չենք գտնելու: Որքան էլ որ դատավորը ջանքեր գործադրած լինի, չի կարողանալու հիմնավորել, թե նախկինում դատվածություն չունեցող համարվող անձի նկատմամբ ի՞նչ տրամաբանությամբ է սանկցիայի միջինի չափով պատժաչափ նշանակվում»:

Ըստ նախկին դատավորի, քանի որ Փաշինյանին վերագրված մեղադրանքը դատարանում նախ՝ չի հիմնավորվել, առավել եւս ծանրացնող հանգամանքների մասին էլ խոսք չկա, «ուստի՝ ստացվեց, որ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճիռն է պատվեր եւ պատժաչափն է արհեստականորեն ուռճացվել, որպեսզի համաներում կիրառելու դեպքում էլ տակը բան մնա, որ նա նստի: Իշխանությունները չեն հասկանում նաեւ, որ այս ամենով իրենք Նիկոլին ե՛ւ որպես անհատ, ե՛ւ որպես քաղաքական այր ավելի ազդեցիկ են դարձնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել