Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՔՍԻԿԱՆ ԵՎ ԿՈՒԲԱՆ՝ ՀԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ

Մարտ 11,2010 00:00

Party-ի գաղափարից մինչեւ ֆիլմ

\"\"

\"\"

Դեռեւս դեկտեմբեր ամսին մի շարք ինտերնետային կայքերում հայտարարություններ տարածվեցին, որ «Իսպանական կենտրոնը» կազմակերպում է «Havana Nights» երեկույթ Հավանայում, որին կարող են մասնակցել Երեւանի ակումբային կյանքով ապրող 10 ակտիվիստներ: Որոշ ժամանակ անց լուրերը  վերացան ինտերնետ պորտալներից…
Լուրերի անհետացման պատճառը երկար ժամանակ անհայտ մնաց հետաքրքրված հանրությանը. որոշ ժամանակ անց «Իսպանական կենտրոնի» աշխատակազմը հայտարարեց, որ երեկույթը չի լինելու՝ «Պատճառն այն էր, որ ծրագրերը փոխվեցին. երեկույթին փոխարինեց ֆիլմ նկարահանելու գաղափարը»,- «Առավոտի» հետ զրույցում մանրամասնեց իսպանական, լատինական ոճի միջոցառումներ կազմակերպող «Իսպանական կենտրոն» կազմակերպության նախագահ Աշոտ Փարսյանը: Նա հավելեց, որ, ըստ նախնական ծրագրերի, ֆիլմ նկարահանելու գաղափար չկար. «Մենք  պլանավորել էինք միայն հետաքրքիր եւ բովանդակալից ժամանց անցկացնել, որոշել էինք սիրողական մակարդակով նկարահանումներ անել՝ մեր ճանապարհորդության մասին այստեղ պատմելու համար: Նշեմ նաեւ, որ մեր նախնական ծրագիրը նպատակ էր հետապնդում Հավանայի ակումբներից մեկում կազմակերպել փարթի՝ դրսի ակումբային կյանքին հայ երիտասարդությանը ծանոթացնելու համար, որպեսզի պատկերացում կազմեն՝ ինչպես է անցնում իսկական լատինամերիկյան միջոցառումը: Իսկ երբ որոշում կայացվեց հետաձգելու Հավանա ճանապարհորդությունը, որը, ի դեպ, շատ կարճ ժամկետում փոփոխվեց, որոշվեց, որ կարելի է այդ ամենի մասին պրոֆեսիոնալ ֆիլմ նկարահանել»: Մեր զրուցակցի փոխանցմամբ, իրենց ֆիլմ նկարելու գաղափարը կյանքի կոչվեց, որի հետքերով էլ Հավանա էին գնացել ինքն ու ռեժիսորը: Եվ, ի վերջո, նկարահանել էին երկու ֆիլմ, որոնք պատմում են Մեքսիկայի եւ Կուբայի մասին, այսինքն՝ երկու երկրների բնակչության, նրանց վարք ու բարքի, նիստուկացի, երաժշտության, ակումբային կյանքի, անգամ խմիչքների մասին: «Ֆիլմերը սերտ կապ ունեն ժամանցի հետ, այսինքն՝ թե ինչպիսին են ժամանցի հետ կապված ավանդույթները: Այն մոտավորապես «Discovery»-ի ֆորմատով է: Ֆիլմերը նկարահանելիս մեծ ուշադրություն է դարձվել ազգային խմիչքներին, դրանց պատմությանը, թե ինչ տարբերակով են  պատրաստվում եւ այլն»,- նշեց մեր զրուցակիցը:
Իսկ թե ինչու հենց Կուբա եւ Մեքսիկա՝ Ա. Փարսյանը ասաց, որ այդ երկրները մեզ համար չլուսաբանված են եւ մութ: Մեր զրուցակիցը պատմեց նաեւ նկարահանումների ժամանակ իրենց հանդիպած բարդությունների մասին. «Օրինակ, Կուբայում նկարահանումներ իրականացնելը մի դժոխային իրավիճակ էր, այնտեղ ամեն մի ակումբում նկարահանում կատարելու համար պետք է նախ ճշտեիր, թե այն ում է պատկանում՝ տուրիզմի, թե մշակույթի նախարարությանը: Եթե տուրիզմինն էր, ուրեմն, բացի մուտքի արտոնագիր ստանալուց, պետք է մամուլի կենտրոնից քո ID-ն հանեիր եւ ամեն մի ծառ նկարելու համար գրավոր  գրանցեիր, որ ուզում ես այդ ծառը նկարել: Անգամ ակումբի ներսում չես կարող բարը նկարել, քանի որ դա պետությանն է պատկանում: Նման երկրներում նկարահանումներ իրականացնելն իսկապես գլխացավանք է. Պերուում էլ չթողեցին տեսախցիկները օդանավակայանից մտցնել քաղաք, ստիպված թողեցինք այնտեղ՝ շատ մեծ խնդիրների առջեւ կանգնելով: Այն, որ հանցագործությունն ու կրիմինալը լիքն էր ամենուր, դա՝ անխոս: Իսկ թե ինչ էր կատարվում Մեքսիկայի մայրաքաղաքում, ուղղակի սարսափելի էր: Այդ քաոսը, գողերի, մարդասպանների քանակը, որ կար այդ քաղաքում, աննկարագրելի էր: Ոստիկանության մեքենաները ամենուր էին՝ զրահապաշտպան բաճկոններով ու զինված եւ ամեն վայրկյան  պատրաստ կրակելու… Իսկ Բուենոս-Այրեսում ճիշտ հակառակն էր, մարդիկ շատ զարգացած էին: Ակումբային կյանքն էլ զարմանքի էր արժանի»:
Ֆիլմի համար ամենահետաքրքիր կադրերից, որ ֆիքսել են հեղինակները՝ եղել է բրազիլական կառնավալը. «Դա ամենահետաքրքիր եւ ամենակարեւոր մասն էր մեր նկարահանումների: Բրազիլական կառնավալին ուղղակի պետք է ականատես լինել. դա մի համազգային խրախճանք է, մարդիկ ամենաապուշ կերպաներով դուրս են գալիս փողոց եւ լիաթոք ուրախանում…»:
Իսկ թե լատինամերիկյան երկրներին որքանով է հայտնի Հայաստանը, Ա. Փարսյանը ասաց. «Հայերին շփոթում են թուրքերի, արաբների, հույների հետ: Միայն Արգենտինայում էր, որ Հայաստանը մեծ համբավ ուներ, իսկ դա հայ օլիգարխ Էդուարդո Էռնեկյանի շնորհիվ էր: Կուբայում էլ Հայաստանը միայն միջին սերնդին էր հայտնի, այն էլ որպես  սովետական երկիր: Մեքսիկայում Հայաստանի մասին զրո ինֆորմացիա էր: Դե, իսկ Բրազիլիայում էլ հայերը հայտնի են հայազգի դերասանուհի Արաքսի Բալաբանյանով, բացի այդ, կա նաեւ շատ ուժեղ հայկական համայնք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել