Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է գերնպատակը

Մարտ 20,2010 00:00

Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի՝ Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումը

«Մեզ համար ամեն գնով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը գերնպատակ չէ: Մեր գերնպատակը Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումն է, որը կլինի խաղաղ քաղաքական բանակցությունների արդյունքում»,- երեկ հայտարարել է Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման շուրջ «վտանգավոր իրավիճակ է ստեղծվել»: Պատգամավորը վստահեցնում է, որ հայկական դիրքերը շատ հստակ են եւ ամուր, եւ Ղարաբաղի խնդրի հարցում կարեւորը ԼՂ կարգավիճակի հարցն է. «Եթե Ադրբեջանը ուզում է արագացնել այս պրոցեսը, ապա պետք է նախ ազատագրի իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքները՝ Շահումյանը, Մարտակերտը եւ Մարտունին, որտեղ պետք է բնակվեն բռնագաղթած հայ փախստականները»,- ասել է ՀՀԿ-ականը: Պարոն Շարմազանովը կրկնել է այն տեսակետը, ըստ որի՝ «Որեւէ մեկը չի կարող ղարաբաղցիների ճակատագիրը առանց իրենց մասնակցության լուծել, եւ խնդրի բանալին ոչ Բաքվում է եւ ոչ էլ եվրոպական մայրաքաղաքներում, այլ՝ Ստեփանակերտում»:
Հակադարձելով Վարդան Օսկանյանի տեսակետներին, որոնք հնչել են «Ա1+»-ի հետ զրույցում, ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ հայտարարել է. «Պարոն Օսկանյանը թող լարի հիշողությունը եւ հիշի, թե երբ է եղել, որ մեկ տարում միանգամից 8 պետության ղեկավար ու 22 արտգործնախարար եւ միջազգային կազմակերպության ղեկավար այցելեն Հայաստան, թող հիշի՝ քանի՞ անգամ է եղել, որ ԱՄՆ դեպարտամենտը հայտարարել է, թե չի կարող ազդել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վրա: Ավելին, թող հիշի՝ քանի՞ անգամ է ինքը զրուցել ԱՄՆ պետքարտուղարի հետ, այն դեպքում, երբ մեր արտգործնախարարը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Քլինթոնի հետ: Ի տարբերություն պարոն Օսկանյանի, որ 2007-ի դեկտեմբերի 19-ին ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց, որ ճանաչում է Կարսի պայմանագիրը, այսօրվա արտգործնախարարը չի խոսել դրա մասին, ավելին՝ նախագահն իր հայտնի ուղերձում ասել է, թե այդ արձանագրությունները որեւէ կապ չունեն նախկինում կնքված հայ-թուրքական պայմանագրերի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել