Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԵՎ Ո՞ՒՄ Է ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ ՕՍԿԱՆՅԱՆԸ

Մարտ 24,2010 00:00

\"\"ՀՀԿ-ական, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հարցնում է նախկին ԱԳ նախարարին

– Ուժ չկիրառելու մասին ՀՀ նախագահի առաջարկը Ադրբեջանի նախագահին վերջին օրերին շարունակ քննարկվում է, մարդկանց մի մասը կարծում է, որ լավ առաջարկ է, մյուսները համոզված են, որ իրավիճակին համարժեք չէ:

– Այն, ինչ ասել է նախագահը, նոր բան չէ, դա Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների առանցքային կետերից մեկն է, եւ ԵԱՀԿ-ի ամբողջ գործունեությունը հիմնված է դրա վրա: Եվ քանի որ բանակցային գործընթացը ընթանում է ԵԱՀԿ շրջանակում, նախագահն առաջարկել է կիրառել այս հիմնական դրույթներից մեկը: Յուրաքանչյուր նորմալ երկրի նորմալ ղեկավար պետք է առաջին հերթին մտածի խաղաղության մասին, իր ժողովրդի անվտանգության եւ ապահով ապրելու մասին: Այն, որ եղել է լարվածություն եւ պահպանվում է, այն, որ Ադրբեջանի կողմից հնչում են ռազմական կոչեր, դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ, եւ գաղտնիք չէ նաեւ այն, որ այդ երկիրը սպառազինության համար հսկայական գումարներ է ծախսում: Բնականաբար, մեր երկրի նախագահը, ով ըստ Սահմանադրության՝ երկրի անվտանգության երաշխավորն է, չի ուզում պատերազմ՝ այնպես, ինչպես չի ուզում մեզնից յուրաքանչյուրը: Եվ նախագահը իր այդ հայտարարությամբ եւս մեկ անգամ փորձ է արել միջազգային հանրությանը, Ադրբեջանի ղեկավարությանը եւ մեր ժողովրդին բացատրել, որ մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե անհրաժեշտություն լինի՝ կկռվենք եւ կհաղթենք նորից:

– Այնուամենայնիվ, համաձայնեք, որ Ղարաբաղի հարցում մենք հայտնվել ենք դժվարին վիճակում, եւ այդ իրավիճակում հայտնվել ենք նաեւ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով:

– Ես ձեր գնահատականի հետ համամիտ չեմ: Դուք կարո՞ղ եք այս ամբողջ ընթացքի մեջ նշել մի տարի, որը շատ բարենպաստ է եղել Ղարաբաղի հարցի կարգավորման գործում: Միշտ էլ նմանատիպ իրավիճակ է եղել, միջազգային կազմակերպությունների կողմից եղել են տարաբնույթ ձեւակերպումներ եւ այլն: Ադրբեջանը միշտ էլ պահանջել եւ սպառնացել է: Ասել, որ հիմա հարցը շատ ավելի խճճված է, բացարձակ այդպես չի: Մենք մեր խնդիրը լուծել ենք, Ղարաբաղի ժողովուրդը իր խնդիրը լուծել է: Այժմ միայն ձեւակերպումների խնդիր կա: Թող գնան-մտածեն, թե ինչ ձեւակերպումներ են տալիս: Բոլորը վերջերս իրենց ցանկալին իրողության տեղ են դնում եւ ինչ-որ ժամկետներ են նշում, մոտալուտ կարգավորման մասին են խոսում չարդարացված լավատեսությամբ: Դա հասկանալի է, դա քարոզչություն է, բայց ո՞ւմ են ուզում համոզել՝ անհասկանալի է: Գոնե մեզ Ղարաբաղի հարցի կարգավորման համար պետք չի համոզել: Մենք ուզում ենք հարցը կարգավորել, բայց կարգավորել այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն է: Մենք, իհարկե, երբեք չենք գնա երկակի ստանդարտների ճանապարհով: Հայաստանում չի գտնվի մեկը, որը հայ-թուրքական 500 կիլոմետրանոց սահմանի բացումը փոխի Ղարաբաղի 5 միլիմետր տարածքի հետ: Եվ եթե ոմանք կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը խառնաշփոթ ստեղծեց Ղարաբաղի հարցում, չարաչար սխալվում են: Նայեք հարցի լուծման պատմության ընթացքը՝ ի՞նչ է, երբ չկար հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքը հա՞րթ էր: Իհարկե՝ ոչ: Խնդիրն այն է, որ հիմա սկսել են խոսել այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ անձամբ են այդ նույն խնդիրը ղեկավարել եւ փորձել են կարգավորել: Մենք փորձել ենք պաշտպանել նրանց, եղել ենք նրանց քաղաքական հենարանը, եւ կարծում եմ, որ նրանք արել են այն, ինչ այդ ժամանակ հնարավոր է եղել: Ես երբեք չեմ ասում՝ կարող էին ավելին անել եւ դիտավորյալ չեն արել: Կարողացել են իրականացնել այն, ինչ իրականացրել են, եւ այդ հարցում ՀՀԿ-ն նրանց քաղաքական հենարանն է եղել:…

– Կոնկրետացնենք՝ դուք նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին եւ Վարդան Օսկանյանի՞ն:

– Իհարկե, նկատի ունեմ Վարդան Օսկանյանին: Ընդունեք, որ գոնե այդ հարցում Ռոբերտ Քոչարյանը որեւէ հայտարարություն չի արել: Նկատի ունեմ Վարդան Օսկանյանի անպատասխանատու վերաբերմունքն արտաքին քաղաքական հարցերին: Վարդան Օսկանյանը փորձում է արտաքին հարցերին ներքաղաքական լուծում տալ՝ կոչ անելով իշխանափոխության: Ո՞ւմ նկատի ունի, ես կուզեի իրեն հարցնել՝ ո՞ւմ է ուզում փոխել ինքը եւ ի՞նչ խնդիր է ուզում լուծել: Կուզեի, որ ինքը մի փոքր մտածեր իր ասածների մասին եւ փորձեր հասկանալ՝ ինքն ի՞ր մտքերն է արտահայտում: Վերադառնալով Ղարաբաղի հարցին՝ եկեք մի բան հաշվի առնենք՝ եթե մի ժամանակ հարցի չլուծումը կարելի էր համարել սխալներից խուսափելու ճանապարհ, ապա այժմ հարցի ձգձգումը ինքնին կարող է սխալ լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել