Լրահոս
Օրվա լրահոսը

27. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Մարտ 26,2010 00:00

\"\"
Ձախից աջ՝ Կարպիս Սանթուրյան, Ռուբեն Մելքոնյան, Ստեփան Ժամկոչյան, Ռոբերտ Գալստյան, Արամայիս Միքայելյան, Խաչատուր Սարաֆյան:

\"\"
Տեսարան Վարդանանց փողոցից:

– Պապս՝ ղարսեցի Աղասի Մելքոնյանը, շուկայի քյաբաբնոցում հաց ուտելիս է լինում,- պատմեց Խաչիկ Սարաֆյանը,- գալիս- հայտնում են, որ Էջմիածնի կողմից մոլլան էշով Երեւան է գալիս: Թողնում է հաց ուտելն ու գնում դիմավորելու մոլլային: Պապս Ղարսից գաղթական էր, գիտեր այդ մոլլային, քանի որ նա Ղարսի 1915թ. հայերի կոտորածների կազմակերպիչներից էր ու մեծ վնասներ էր հասցրել հայությանը: Իսկ թե ինչու էր Հայաստանում հայտնվել՝ չգիտենք: Բայց Աղասի պապս գիտեր Հայաստանում նրա գտնվելու մասին ու հետեւում էր, որ հազարավոր հայերի կոտորածների դիմաց վրեժը լուծի: Հավանաբար, հատուկ հանձնարարությամբ են այդ մոլլային թուրքերը Հայաստան ուղարկել: Աղասի պապս մոտենում է, թե՝ «Ծխախոտ տուր, մոլլա»: Մոլլան, թե՝ «Չեմ ծխում»: Քաշում, ցած է գցում էշից, մոլլան հասցնում է կծել պապիս բութ մատը: Իսկույն մորթում է մոլլային: Պապիս բութ մատին մնացել էին մոլլայի ատամների հետքերը: Պապս պատերազմում հետախույզ էր, «լեզու» բերող: Շքանշաններով պատերազմից տուն վերադարձավ:

– 1974 թվականն էր,- ասաց Ռոբերտը,- հիվանդանոցում Այփար Նովրուզովի հետ խոսում էինք, ասացի, որ քսան տարի հետո Ղարաբաղը կազատենք թուրքական լծից, սկսեցինք վիճել, մի ուրիշ թուրք ասաց. «Ոնց որ միշտ՝ վերջը ձեզ բոլորիդ մորթելու ենք»: Բռնեցի կոկորդից, խեղդում էի: Բժիշկը եկավ, թե՝ «Ի՞նչ ես անում, մեր փողի աղբյուրը ինչո՞ւ ես կտրում»:

– Մեր փողոցում միայն օրենքով գողեր ու արհեստավորներ չէին ապրում,- ասաց Խաչիկը,- այստեղ են ծնվել, սովորել երգչուհի Հասմիկ Պապյանը, ջութակի հայտնի վարպետներ Հակոբ ու Սամվել Երիցյանները, իսկ Սամվելի աղջիկը՝ Սյուզի Երիցյանը, հայտնի ջութակահար է:

– Կարավաթի համար հաճախ էին ֆինբաժնից գալիս,- ասաց Ռոբերտը,- ամեն ինչ արագ թաքցնում էինք: Իսկ թաղային Վալոդը «մեր մարդն» էր, ոչ ոքի վնաս չէր տալիս: Փողոցում կոշկակարներ էին, կարավաթի վարպետներ: Պոլիտեխնիկականում էի սովորում, մահճակալների գլխույկների համար մամլաձեւեր մշակեցի, որ միանգամից ստանանք ու հետագա մետաղամշակման կարիք չունենա: Մեր տանն էինք ձուլում: Բայց 1967 թ. վերացավ մահճակալագործությունը: Հորս զնդանն ու մկրատը պահել եմ:

– Բա Տիկոյի ֆռիկնե՞րը,- հուշեց Խաչիկը:

– Հա, Տիկոն մեր փողոցի ճարպիկ տղաներից էր,- Խաչիկի խոսքը շարունակեց Ստեփանը,- Քշտուկ կար, որը Քեհյանի ու Սեմիրջյանի մանկության ընկերն էր, նրանց հետ ֆուտբոլ էր խաղում: Ժամացույց էր վաճառում, բայց նրա պես ստախոս չկար: Խմող էր: Քեհյանն ասում էր, որ տաղանդավոր ֆուտբոլիստ է, կանչում է «Սպարտակում» ֆուտբոլ խաղալու, բայց չի գնում: Նրան հրում էին, իբր դուռը պատահական բացվեց, մյուսները հասցնում էին տնից մի բան թռցնել: Հետո բռնեցին Քշտուկին: Մեր փողոցում Միսակ անունով մսավաճառ կար, «Մստո» էին ասում: Պատերազմի ժամանակ փրկել էր գենսեկ Լեոնիդ Բրեժնեւի կյանքը: Բրեժնեւը երբ Երեւան է գալիս, հանդիպում է Միսակին, թե՝ ի՞նչ անեմ քեզ համար: Միսակը, թե՝ «Կանազի» ճանապարհին «Լռություն» սրճարան ունենք, թույլ տուր, որ աշխատի»: Հետո «Բրեժնեւի կաֆե» էին ասում:

– Մի պատմություն էլ պատմեմ,- ասում է Ստեփանը,- 1955 թվականն էր, եղբայրս՝ Սարգիսը, Չախրի տղան՝ «Թըմբ» Հարությունը, «Էպադ» Էդվարդն ու «Իննի» Հակոբը մորաքրոջս տղայի՝ Սարգսի հետ գնում են Մառնեուլի՝ Սարգսի համար աղջիկ ուզելու: Հինգ արհեստավոր, անուն հանած տղամարդ, նստում են «թախտաբիթի» «Մոսկվիչն» ու ճանապարհվում: Աղջկա ծնողները ընդունում են, պատվում տղաներին: Տրամադրությունները լավ ետ են վերադառնում, Սեւանի «Մինուտկա» մտնում, որ ճաշեն: Դուրս գալիս տեսնում են դռան մոտ ուսապարկ կա գցած, վերցնում են, ճանապարհին զննում, տեսնում՝ զինվորի շորեր են: Ետ են վերադառնում, տեսնում զինվորը «Մինուտկայում» նստած է, վերադարձնում են ուսապարկը, նրա համար ուտելիք պատվիրում, ճանապարհի փող տալիս: Ուզում են մեքենա նստեն, մի ռուս աղջիկ է մոտենում, թե՝ ինձ էլ տարեք: Ասում են՝ տեղ չկա: Աղջիկը զոռում է՝ ձեր ծնկներին կնստեմ: Վերջը վերցնում են: Ճանապարհին աղջիկը սկսում է հայերի մասին վատ խոսքեր ասել, վիրավորել տղաներին: Կանգնում են, ռուս աղջկան դուրս անում մեքենայից: Այդ պահին էլ միլիցիոներները սկսում են կրակել: Տղաները հասկանում են, որ ռուս աղջկա հետ այս ձեւի հանդիպումը միլիցեքն են սարքել: Տղաները դիմադրում են, հետո փախչում, մի քանի ժամ Հրազդանում են անցկացնում, որ խաղաղվի, բայց Երեւանում միլիցեքը շրջապատում են, ձերբակալում տղաներին: Ձեւակերպում են, իբր թե բռնաբարել են ռուս աղջկան, հետո նրանց կապում են ֆուտբոլի դաշտում երկու օր առաջ եղած ծեծկռտուքի հետ: Այդ օրերին Սվերդլով քաղաքի թիմի՝ Երեւանի «Սպարտակի» հետ խաղի ժամանակ մեծ կռիվ էր եղել: Դատավորը սխալ էր դատել, ու ֆուտբոլասերները դաշտ են մտել, հարձակվել դատավորի վրա: Մեր փողոցից յոթ հոգու էլ միացնում են գործին, ամեն մեկին 20- 25 տարի տալիս, չնայած տղաներից ոչ ոք ֆուտբոլ չէր սիրել: Բանակից վերադարձա, Ռումինիայում էի ծառայել, տեսա փողոցը լաց ու շիվան կապած: Ասացի՝ «Հա, գիտեմ, եղբորս համար եք լաց լինում»: Եղբորս դանակահարել էին: Հիվանդանոցից տարել էին դիահերձարան: Կարծել էին, թե մահացել է: Հետո պատահականորեն պարզվել է, որ կենդանի է ու փրկվում է: Հետո բացատրեցին, որ ձերբակալված տղաների համար են լացում: Մեկնեցի Մոսկվա՝ արդարություն պահանջելու: Ինձ Սովետական Միության մարշալ Կլիմենտ Վորոշիլովն ընդունեց: Հետո ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ռուդենկոն ընդունեց: Բոլորն ասում էին, որ կօգնեն: Մի իրավաբան հուշեց. «Տղա ջան, գնա հյուրանոց, ինչ գիտես՝ գրի առ, դիմում ձեւակերպիր, որ գործը տեղից շարժենք»: Մի քանի ամիս հետո տղաներին ազատեցին բանտից: Իսկ մորաքրոջս տղան՝ Սաքոն, այդպես էլ չամուսնացավ: Հիմա նա ԱՄՆ- ում է, եղբոր երեխաներին է օգնում այնտեղից:

– Կոլխոզշուկայում ամենալավ ջուրը մեր փողոցի մարդիկ էին ծախում,- ասաց Խաչիկը,- Սարյան Տիգրանը, նրա որդիները՝ Սաքոն, Գառնիկը, Ասատուրը, Մուկուչ Պապանն էլ կայարանում էր ջուր ծախում:

– Պատերազմի տարիներին հայրս «Ձեթօճառում» հյուսն էր աշխատում,- նոր պատմություն սկսեց Ստեփան Ժամկոչյանը,- մորս հետ գնում էինք վառելու համար փայտի կտորներ հավաքում: Տուփ ուներ, ձեթը լցնում էր մեջը, ես պայուսակով կոմբինատի տարածք էի մտնում, իբր ինձ չի էլ ճանաչում, կողքովս անցնելիս տուփը, հետն էլ մի երկու օճառ գցում էր պայուսակիս մեջ: Հայրս մի պայուսակ ուներ, որի տակ գաղտնի շերտ կար, որտեղ արեւածաղկի սերմ, պիստակ էր լցնում, վրան փայտի կտորներով ծածկում: Մի անգամ հերթափոխի պետ Կարոն զգուշացնում է հորս, թե՝ «Ուստա Հակոբ, քեզ ծախել են, էսօր բան- ման չտանես»: Կոմբինատի մուտքից դուրս գալիս կոմբինատի տնօրեն Խաչատրյանը, շալվարը վեր քաշելով մոտենում է, թե՝ «Ուստա Հակոբ, գրասենյակիս սեղանը խախուտ է, արի նայի, ամրացրու»: Երբ հայրս մոտենում է սեղանին, իբր հենց այնպես, տնօրենը հարցնում է՝ «Ուստա, հետաքրքիր է, էս ի՞նչ ես տանում»: Սկսում է մեկ- մեկ դուրս թափել պարունակությունը: Հայրս ասում է՝ «Ընկեր Խաչատրյան, մինչեւ վերջ թափ տուր, տես, որ փայտ եմ տանում, որ երեխեքս չմրսեն»: «Լավ, ուստա Հակոբ, ինձ խաբել են, իսկ քեզ հալալ է, գնա տուն»,- ասում է տնօրենը: Հաջորդ օրը հայրս շնորհակալություն է հայտնում Կարոյին՝ զգուշացնելու համար, իսկ Կարոն ասում է. «Քո փեսայի հայրը՝ «Ուզուն» Հակոբն է մատնել, որի թոռներին այս փիս տարիներին պահում, փրկում ես սովամահությունից»: Հայրս նման գողություններում էնքան կատարելագործված էր: Էնքան ձեթ, օճառ էր բերում, որ ավելցուկը ծախում էի: Մի անգամ շուկայում միլիցեքը ինձ բռնեցին օճառ ծախելիս ու տարան Գետառի մոտի քաղմասը: Մայրս դիմեց քյաբաբխանի Հակոբջանին: Սա մտավ քաղմաս, թե՝ մեր տղան է: Իսկույն բաց թողեցին: Կանչեց, ինձ ու մորս քյաբաբ տվեց:

– Դե, ով չգիտեր, որ Ժամկոչյանների մոտ ֆիստաշկա կամ օճառ գողանալը պապենական արհեստ է,- կատակով ասաց Խաչիկը:

– Մեր փողոցում ոչ ոք իր հարեւանին չի նեղացրել,- ասաց Արամայիսը:

– Հայրս Արզնիում էր աշխատում,- իր պատմությունների շարքը շարունակեց Ստեփանը,- բանակից որ վերադարձա, շոր չունեի հագնելու: Արզնիից ածուխ, փայտ էինք բերում: Իսկ պատերազմի տարին ութ տարեկան էի, Մետաքսի շուկայում մոմպաս, կոզինախ էի վաճառում: Սարի թաղ հացի հերթի էինք գնում: Հացը քարտով մայրս էր բաժանում: Վերջում իրեն հաց չէր մնում: Մորաքրոջս ընտանիքը ունեւոր էր, բայց նրանց տղաները ոնց որ «մեռելի զդաչի» լինեին, նիհար, հիվանդոտ, իսկ ես՝ չնայած ոտաբոբիկ էի, բայց՝ կարմրաթուշ, թմբլիկ: Ամռանը Թոխմախ լիճ էինք գնում լողալու: Մի օր ճանապարհին չոր հացի կտոր գտանք, էնպես էինք կրծոտում: Իմ կյանքի ամենահամեղ հացն էր: Մեր փողոցը Կրիվոյ փողոցի «Հայառի» շենքից էր սկսվում: Գողական փողոց էր, ութ «օրենքով գող» է տվել հանցագործ աշխարհին, իսկ փողոցում ոչ մի գողություն չի եղել:

– Մի անգամ «Շկոլը», անունով տղա էր, հավաքեց փողոցի տղաներին,- ասաց Ռուբենը,- թե՝ ծխո՞ւմ եք, մի անգամ էլ տեսնեմ ծխելիս՝ կպատժեմ, փող ունեք՝ մոմպաս գնեք կերեք, ծխելուց լավ է:

– Փողոցի վերեւում պիոներական ճամբար կար, կռիվ է ընկնում,- ասաց Ստեփանը,- տղաները կռվում են, մեր փողոցի Հովիկը, որը նոր էր ազատվել կալանավայրից, գնում է, որ հաշտեցնի կռվողներին, Վանիկը դանակով խփում է, սպանում Հովիկին:

– Մի անգամ Սանթուրը տնից դուրս գալիս բարեւում է հարեւանուհուն՝ Լուսիկին, թե՝ «Ի՞նչ ես անում»: Լուսիկը, թե՝ «Շուկա եմ գնում»: Սանթուրը՝ «Դուռն ինչո՞ւ ես կողպում»: «Դե, որ ասում ես՝ չեմ կողպի»,- պատասխանում է Լուսիկը:

– Փողոցում մի հարսանիք լիներ, բոլորինն էր: Հարգանք, պատիվ կար:

– Իմիջիայլոց, մեր փողոցի Հակոբը գաղտնի կազմակերպության անդամ էր, անկախության համար պայքարի նվիրյալ, հայրենասեր Զատիկյանի հետ դատվեց ու գնդակահարվեց,- ասաց Խաչիկը:

Ռոստոմի փողոցում լուսանկարեցի զրուցակիցներիս ու քայլեցի դեպի Նար- Դոսի փողոց՝ ինքնամոռաց շարունակելով փողոցի տարեց մարդկանց հետ զրույցը: Փորձում եմ կապ գտնել 50- 60- ականների մթնոլորտի ու այսօրվա իրավիճակի՝ բարոյահոգեւոր անկման բերող մի խումբ մարդկանց կողմից երկրի ունեցվածքին տիրանալու, կոռուպցիայի հետ: Այն թափանցել է մեր կյանքի բոլոր ոլորտները՝ տնտեսություն, մշակույթ, բանակ, ոստիկանություն, առողջապահություն, բնության պահպանություն, ու բարոյահոգեւոր անկումը սպառնալիք է դառնում երկրի անվտանգությանը: Իհարկե, «օրենքով գողերի» համակարգը չէր կարող այսօրվա ճգնաժամի խորացման հիմք հանդիսանալ: Գիտեմ, որ գողական համակարգը 19- րդ դարում ստեղծել են ռուսական իշխանությունները, որպեսզի հսկողության տակ պահեն ու կառավարելի դարձնեն այն: Սակայն խորհրդային տարիների սկզբներին այն արդեն անկառավարելի էր: Այս մտքերով էի տարված, երբ ավտոմեքենան կտրուկ արգելակեց, որ չհարվածի ինձ: Նար- Դոսի մայթերը զբաղեցրել են դագաղ, շինանյութ կամ անվադող վաճառող խանութները, ստիպված փողոցի բանուկ մասում եմ հայտնվել: Վարդանանց փողոցում անցնելու մայթ չկար, իսկ մեքենաները հետիոտնին անցնելու տեղ չէին զիջում, որոշեցի Չարենցի փողոցով անցնել: Այստեղ եւս ավտոպահեստամասեր վաճառող խանութները երկու կողմերից հետիոտնից գրավել են մայթերը: Թվում է, թե դագաղները, շինանյութերն ու ավտոդողերը շուտով փողոցի երթեւեկելի մասն էլ կգրավեն: Չարենցի փողոցի ավտոպահեստամասերի վաճառքի այս կուտակումը տեսնելով՝ համեմատեցի 19- րդ դարի երեւանյան արհեստագործական համքարությունների հետ: Իհարկե, այս խանութների տերերը ոչ մի համքարության մեջ միավորված չեն: Ամեն մեկը պայքարում է իր ապրանքը վաճառելու համար: Ու նրանց թվում է, որ եթե անվադողը անցորդի «աչքը խոթեն», ավելի շուտ կվաճառեն ու առաջ կանցնեն հարեւանից:

Ես հոգնել էի եւ համատարած ավտոպահեստամասերի արանքում սրճարան էի փնտրում: Ոչ մի տեղ չգտա: Անցորդին, գնորդին կամ հենց պահեստամաս վաճառողին սպասարկման ոչ մի հնարավորություն չեն թողել:

Այդ պահին էլ ես մտածեցի, որ որպես լրագրող լուսավոր աստղի տակ եմ ծնվել, քանի որ հանդիպեցի Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել