Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՎԵԼ ԴԱՍԱԳՐՔԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹՈՒԹՅՈՒՆԻՑ

Ապրիլ 03,2010 00:00

Ոլորտի մասնագետները մտահոգված են

«ՀՀ հանրակրթական դպրոցներում գործածվող դասագրքերի որակի խնդիրը ձեռք է բերել աննախադեպ հասարակական հնչեղություն: Դասագրքերի վերաբերյալ հրապարակային քննադատական ելույթները դարձել են խիստ հաճախադեպ, իսկ այդ քննարկումները երբեմն արվում են ոչ մասնագիտական ամբիոններում, ինչն էլ իր բացասական հետեւանքն է ունենում դպրոց-դասագիրք-ուսուցիչ-հեղինակ արժեքների ընկալման վրա»,- այս կարծիքին է «Տաթեւ» գիտահամալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը:
«Զանգակ-97» հրատարակչության նախաձեռնությամբ երեկ կայացավ «Դպրոցական դասագրքերում օգտագործվող հասկացությունների միօրինականացումը» թեմայով «կլոր սեղան»: Քննարկման հիմնական թեման ժամանակակից դպրոցական գրքերում առկա տերմինների պարզաբանումն էր ու դասագրքերի նկատմամբ կիրառվող չափանիշների համակարգի ստեղծումը: Արդյունքում կսահմանվեն այն պահանջներն ու պայմանները, ըստ որոնց կշարադրվի դասագրքի բովանդակությունը, պատկերազարդումն ու էջադրումը:
Ս. Մկրտչյանի խոսքով, «կլոր սեղանի» նպատակն է՝ քննարկել եւ հասկանալ դասագրքերում օգտագործվող հասկացությունների միասնականացման խնդիրը. «Քննարկումները հնարավորություն կտան ընդհանրացնելու այս պահին առկա տվյալներն ու բացահայտել փորձնական հետազոտությունից դուրս մնացած խնդիրները»:
Հայոց լեզվի 7, 8, 9 դասագրքերի հեղինակ, Վ. Բրյուսովի
անվան լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Ֆրիդրիխ Խլղաթյանը նշում է, որ միասնականացումը պետք է սկսել նախ դպրոցական ծրագրերից. «Հայաստանում դպրոցական ծրագրի սկսման գործընթացը սխալ ուղու վրա է: Որովհետեւ ծրագրի կազմմանը ընդգրկվում են հաճախ այնպիսի մարդիկ, որոնք ո՛չ այդ առարկայի հետ կապ ունեն, ո՛չ մանկավարժության, ո՛չ էլ՝ դպրոցի: Կարճ ասած՝ այսինչի կինն է, այնինչի քույրը… Բերում են կիսատ-պռատ ծրագրեր, որոնք հանձնվում են մասնագետների քննարկմանը, նրանք էլ երկար-բարակ եզրակացություններ են գրում, որոնք երբեք հաշվի չեն էլ առնվում: Դասագիրքն էլ ստեղծվում է այդ ծրագրերի հիման վրա, իսկ քննադատողները քարկոծում են ոչ թե ծրագիրը, այլ՝ դասագիրքը: Սա սխալ մեխանիզմ է: Դրա համար նախ ծրագրային համակարգը շտկենք, հետո միասնականացման մասին մտածենք»:
Երեւանի պետական մանկավարժական համալսարանի տարիքային հոգեբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Կարապետյանը փաստեց. «Կարող ենք շատ բան փոխել, բայց կարեւոր է, որ դասագրքում եղածը երեխան ընկալի: Երբեմն առկա դասագրքային գրականության մեջ օգտագործվում են այնպիսի տերմիններ, որոնք կենցաղում այլ նշանակությամբ են օգտագործվում, ինչը երեխային շփոթության մեջ է գցում եւ խանգարում ընկալմանը: Պետք է տերմինների միասնականացման ժամանակ ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք մենք իմաստները շատ չենք խառնում»:
Գրականագետ Արտեմ Սարգսյանը խնդրի լուծման հարցում կարեւորեց լեզվի տեսչության դերը. «Պետք է հասկանալ, թե ով է վավերացնելու բոլոր այս որոշումները, դրա համար նախ լեզվի պետական տեսչությունը թող մտածի հայերենի բարձրագույն խորհուրդը վերածնելու մասին: Միայն այդ դեպքում բացթողումները կլրացվեն»:
ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանը նույնպես կարեւորեց հայերենի բարձրագույն խորհրդի վերածնման հարցն ու նշեց. «Տարիներ շարունակ տերմինաբանական կոմիտեն կամ հայերենի բարձրագույն խորհուրդը չեն աշխատել, ինչի պատճառով էլ տերմինների հասկացության խնդիրը կանգ է առել: Երեխան երբ բացում է դասագիրքը՝ վերլուծելու, ծանրութեթեւ անելու շատ հնարավորություն չունի, նրա համար դժվար է անմիջապես հասկանալ այս կամ այն տերմինի նշանակությունը: Միասնականացումը հնարավորություն կտա դասագրքային խառնաշփոթից ազատվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել