Լրահոս
Օրվա լրահոսը

Կդիմեն ՍԴ

Ապրիլ 20,2010 00:00

Վերաքննիչ դատարանը բաց թողեց նախադեպ ստեղծելու հնարավորությունը

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը կարող էր բավարարել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ժորա Խաչատրյանի միջնորդությունը, այն է՝ դիմել ՀՀ սահմանադրական դատարան: Սակայն նախագահող Սեւակ Համբարձումյանը որոշմամբ մերժեց այս միջնորդությունը, հետեւաբար, չկասեցրեց գործի վարույթը:
Ժ. Խաչատրյանը ներկայացնում էր 1992թ.-ից Հայաստանից Բելգիա մշտական բնակության մեկնած, Բելգիայի քաղաքացի Պերճ Հակոբյանի շահերը: Վերջինիս մասին Հայաստանում հիշել են 2002թ.-ին, երբ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ զորակոչից խուսափելու համար: Մինչեւ անցյալ տարի Հայաստան գնացող-եկող Հակոբյանը չի իմացել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, իսկ անցյալ տարի հանգուցալուծումն ավարտվել է նրանով, որ երիտասարդը 18 զորակոչի համար հայրենիքին է «մուծվել» 1մլն 800 000 դրամ:
Ժ. Խաչատրյանը եւ Պ. Հակոբյանի մյուս ներկայացուցիչը՝ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը համաձայն չեն եղել կատարվածին, դիմել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատարան: Հանգուցյալ նախագահողը՝ Միքայել Գրիգորյանը, հակաօրինական որեւէ բան չի տեսել: Գործը հասել էր վերաքննիչ դատարան:
Երեկ իրենց միջնորդությամբ Հակոբյանի շահերի ներկայացուցիչները փորձում էին ապացուցել, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հիմք ունենալով «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը: Մինչդեռ, Պերճ Հակոբյանը Հայաստանից մեկնել է այն ժամանակ, երբ չէր ընդունվել ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ քաղաքացիության մասին օրենքը: Բելգիայի քաղաքացիություն ընդունելու պահից Հակոբյանը, ըստ տրամաբանության, չի հանդիսացել ՀՀ քաղաքացի, հետեւաբար՝ եղել է ՀՀ զինված ուժեր զորակոչվելու ոչ ենթակա:
Պաշտպանն ասաց, որ մինչեւ 1997թ. որոշակի չի եղել Պ. Հակոբյանի քաղաքացիությունը, քանի որ ՀՀ սահմանադրության սկզբնական խմբագրման 14 հոդվածի 2-րդ մասով՝ Բելգիայի քաղաքացին չէր կարող համարվել ՀՀ քաղաքացի: Պ. Հակոբյանի ներկայացուցիչները պնդում էին, որ Հակոբյանն ինքն է ընդունել Բելգիայի քաղաքացիություն, ազատ կամարտահայտությամբ: Հետեւաբար, նրա կամարտահայտությունը պետք է ընդունվի իբրեւ քաղաքացիությունը փոխելու, քաղաքացիությունից   հրաժարվելու սահմանադրական իրավունքի իրականացում:
Ըստ Ժ. Խաչատրյանի, հակասահմանադրական է այն, որ անձին, ըստ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի, ստիպում են մնալ այն երկրի քաղաքացի, որի քաղաքացին լինելուց նա հրաժարվել է ազատ կամարտահայտությամբ: Փաստաբանը վկայակոչեց 2005թ. սահմանադրական փոփոխությունները, Սահմանադրության 14 հոդվածի 2-րդ մասը, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի»: Պ.Հակոբյանը մինչեւ 2005թ. այլ պետության քաղաքացի էր, հետեւաբար, անկախ այլ երկրի քաղաքացիություն ընդունելու պայմանների, եթե չի հիմնավորվել նրա ազատ կամքի արտահայտման հանգամանքը, չեն կարող միաժամանակ դիտել ՀՀ քաղաքացիությունը պահպանած, ինչը, ըստ Ժ. Խաչատրյանի, կդիտվի «ՀՀ քաղաքացիությունը պահպանելուն ուղղված հարկադրանք»: Քաղաքացիությունը պարտականություն չէ, այլ՝ իրավունք: Ի դեպ, դատարանը որեւէ հակասություն չտեսավ Սահմանադրության եւ քաղաքացիության օրենքի նշյալ կետերի միջեւ:
Պ. Հակոբյանի մյուս ներկայացուցիչը՝ Աղասի Արշակյանն ասաց, որ դիմելու են ՀՀ սահմանադրական դատարան:

Հ. Գ. Ի դեպ, այդպես էլ դատարան չբերվեց եւ չուսումնասիրվեց զորակոչիկի քրեական գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել