Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիաընկերությունները մեղադրում են ԵՄ երկրների իշխանություններին

Ապրիլ 20,2010 00:00

Եվրամիության տրանսպորտի հարցերով հանձնակատար Սիիմ Կալլասը հույս ուներ, որ երկուշաբթի օրը Եվրոպայում օդային տարածքը բաց կլինի անվտանգ թռիչքների իրականացման համար, եւ փակված օդակայանների կեսը կկարողանան վերսկսել իրենց աշխատանքները: Նա Եվրոպայում ստեղծված իրավիճակը նաեւ «ծայրահեղ անկայուն» է որակել եւ հավաստիացրել, որ եվրոպական երկրների իշխանությունները աշխատում են խնդրի լուծում գտնելու ուղղությամբ՝ աշխատելով այնպես անել, որ թռիչքների անվտանգությունը չտուժի:
Այդուհանդերձ, երկուշաբթի օրը թվով 17 եվրոպական երկրների օդային տարածքը Իսլանդիայում տեղի ունեցած հրաբխի ժայթքման պատճառով շարունակում էր փակ մնալ: Նախատեսվում էր, որ ԵՄ անդամ երկրների տրանսպորտի նախարարները երկուշաբթի օրը հեռախոսային խորհրդակցություններ էին անցկացնելու՝ հրաբխի շարունակվող ակտիվության պայմաններում օդային փոխադրումների կաթվածահար վիճակի շուրջ լուծումներ գտնելու համար: Եվրոպական որոշ երկրներում արդեն հայտարարվել է օդային փոխադրումները մինչեւ մայիսի 8-ը դադարեցնելու մասին:
Ընդսմին, Օդակայանների միջազգային խորհրդի եվրոպական բաժանմունքն ու Եվրոպայի 36 խոշոր ավիափոխադրողներին միավորող Եվրոպական ավիաընկերությունների ընկերակցությունը (IATA) հայտարարել են, որ «իսլանդական հրաբխի ժայթքումը աննախադեպ իրադարձություն չէ, եւ հրաբուխների ժայթքման դեպքում աշխարհի մյուս երկրներում ձեռնարկվող միջոցառումները չեն ենթադրում այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք մտցված են Եվրոպայի տարածքում»: IATA-ի ղեկավարի համոզմամբ, եվրոպական երկրների իշխանությունների գործողությունները «չմտածված են եւ ծանր վնաս են հասցնում ողջ ավիաոլորտին», որ իշխանությունները պետք է ավելի ճկուն գործեն եւ թույլ տան թռիչքներն այն ուղղություններով, որտեղ դրանք անվտանգ են: Եվրոպայում օդային տարածքի փակ լինելու հետեւանքով ավիաընկերությունները օրական կրում են $200 միլիոնի վնաս: Մասնագետների գնահատմամբ, ավիահաղորդակցության ընդհատումները ավելի լուրջ հետեւանքներ են ունեցել, քան՝ նույնիսկ 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել