Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՀՐԱՆՈՒՄ ԷԼ Է ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՎԵԼ

Ապրիլ 20,2010 00:00

Անցած շաբաթ եւ կիրակի օրերին Թեհրանում տեղի է ունեցել միջուկային գագաթաժողով, որը ամերիկյան համանման գագաթաժողովի այլընտրանք էր դիտարկվել: Դրան մասնակցել են աշխարհի 56, այդ թվում՝ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ մի շարք այլ երկրների ոչ պաշտոնական պատվիրակություններ: Միջազգային գագաթաժողովը տեղի է ունեցել միջուկային զենքի չտարածման եւ զինաթափման թեմայով՝ «Ատոմային էներգիա՝ բոլորին, միջուկային զենք՝ ոչ մեկին» կարգախոսի ներքո: Ինչպես հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, թվով 14 պետություններ ներկայացված են եղել ԱԳ նախարարների, եւս 14-ը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով: Ռուսաստանյան պատվիրակությունը գագաթաժողովում գլխավորել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին միջոցառումից առաջ երկրի նախագահ Ահմադինեջադին առաջարկել էր հրաժարվել գագաթաժողով անցկացնելու նախաձեռնությունից, քանի որ ԱՄՆ-ի հետ հակադրության հարցում Իրանի դիրքորոշումը պաշտպանող երկրների թիվը շատ սահմանափակ է, եւ դա կարող է միայն ընդգծել Իրանի մեկուսացված լինելու հանգամանքը: Փորձագետները գտնում են, որ գագաթաժողովի ժամանակ հենց այդպես էլ եղել է. Իրանի դիրքորոշումը պաշտպանել են միայն Սիրիայի, Լիբիայի եւ Իրաքի պատվիրակությունները:
Գագաթաժողովի մասնակիցները ընդունել են ամփոփիչ հռչակագիր, որտեղ կոչով դիմել են միջազգային հանրությանը՝ ճանաչել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը ստորագրած բոլոր երկրների կողմից խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու իրավունքը: Փաստաթուղթն ուղարկվելու է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Իսկ Ահմադինեջադը հերթական անգամ մեղադրել է ԱՄՆ-ին եւ անձամբ Օբամային այն բանում, որ ԱՄՆ-ն միջուկային զենք ոչ միայն օգտագործել է, այլեւ սպառնում է այսուհետ եւս օգտագործել՝ միաժամանակ արգելելով Իրանին ատոմային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով: Ահմադինեջադը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չեղյալ համարել ԱՄՆ-ի եւ մյուս այն երկրների անդամությունը, որոնք ՄԱԿ-ում վետոյի իրավունք ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել