Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԷԼ ԾԱԽԵՑԻՆ

Ապրիլ 27,2010 00:00

Թավշյա հեղափոխությունից հետո մեր ազգային կորուստների ու նվաճումների հաշվեկշռում իբրեւ կարեւոր ձեռքբերում նշում էինք Արցախի ազատագրումը եւ դպրոցի հայկականացումը: Բայց, որքան էլ տխուր է ասելը, այսօր երկուսն էլ հարցականի տակ են:

Արցախի խնդիրը, հասկանալի է, ուղղակիորեն կապված է արտաքին գործոնների հետ, որոնք կարելի է հաղթահարել միայն ուժով եւ դիվանագիտությամբ: Դպրոցի դեպքո՞ւմ ով է մեզ վրա ազդում: Մե՞նք ենք ուզում մեր տունը քանդել, թե՞ դարձյալ արտաքին ուժերի հետ գործ ունենք:
Որ ոչ բացահայտ գործող ուժեր կան, գիտենք: Մշակութային պատերազմը գնալով թեժանում է: Շատ ուրիշ փոքր ազգերի հետ միասին մեզ էլ են ցանկանում իրենցով անել ու կուլ տալ իրենց ծավալապաշտական նկրտումներն առանձնապես չթաքցնող թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, թե՛ Ֆրանսիան ու Գերմանիան… Մեր մշակութային ժառանգությունը եւ ժողովրդի որոշ հատվածների շարունակում են յուրացնել կամ ոչնչացնել թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան… Հայկական դպրոցներն ու հայագիտական առարկաների ուսուցումը սահմանափակվում է աշխարհի բազմաթիվ հայաշատ երկրներում…
Այս իրավիճակում, փոխանակ այդօրինակ ճնշումներին ու հարձակումներին դիմագրավելու, հաճախ միանում ենք մեր թշնամիներին եւ մեր տնօրինության տակ եղածն էլ նվիրում նրանց, կամավոր ավերում մեր ազգային տունը:
Իսկ ի՞նչ էր մեր ձեռք բերածը:
Խորհրդային տարիներին ազգային հանրապետություններում գործող, այսպես կոչված, ռուսների համար դպրոցները աստիճանաբար վերածվեցին՝ անկախ ազգային պատկանելությունից, բոլորի համար դպրոցների: Այսպես՝ Հայաստանում դրանք ռուսալեզու ուսուցմամբ դպրոցներ էին, որոնցում դասավանդվում էին նաեւ հայոց լեզու եւ հայ գրականություն՝ այն էլ կամընտրական հիմունքներով: Սա նշանակում էր՝ դրանցում սովորող բոլոր ոչ ռուսների կրթություն ու դաստիարակություն ռուսական մշակույթի ստանդարտներով, ռուսական մտածելակերպով, ռուսական հոգեբանությամբ, այսինքն, վերջին հաշվով՝ ռուսացում: Եթե Խորհրդային Միությունը գոյատեւեր եւս 50 տարի, ապա այդ բազմազգ կայսրությունը լիովին կվերածվեր ազգերի գերեզմանոցի, որտեղ թաղված կլիներ նաեւ հայ ժողովուրդը՝ իր հնամյա լեզվով ու մշակույթով հանդերձ:
1989 թ. Հայաստանի լուսավորության նախարար Միսաք Դավթյանի հրամանագրով մեր երկրում վերջ տրվեց այս տխուր ընթացքին. ռուսական դպրոցները մեծ մասամբ աստիճանաբար վերափոխվեցին հայկականների: Մնացին միայն որոշ ռուսալեզու դպրոցներ ու դասարաններ ռուսների համար, թեեւ դրանցում թույլատրվում էր սովորել նաեւ այլ ազգային փոքրամասնությունների, ՌԴ քաղաքացի հայերի երեխաներին, նաեւ Ռուսաստանից վերադարձած բարձրդասարանցիներին: Այս ազգափրկիչ փոփոխությունը 1993 թ. ամրագրվեց «ՀՀ լեզվի մասին» օրենքով:
Մի պահ հանգիստ շունչ քաշեցինք, թե վերջապես ունեցանք մեր ազգային միասնական դպրոցը՝ հայալեզու կրթությամբ: Չնայած այդ դպրոցը իր էությամբ մինչեւ այսօր էլ լիովին ազգային չի դարձել: Նրանում 12 տարի պարտադիր դասավանդվում է ռուսաց լեզու, ինչպես նաեւ եւս մի օտար լեզու (գերազանցապես՝ անգլերեն):
Ահա ազգային փոքրամասնությունների եւ օտար լեզուների նկատմամբ այսպիսի հանդուրժողականության պայմաններում մենք ունենք մարդիկ, որոնք ուզում են ավելին. ուզում են, որ ամեն հայ իրավունք ունենա իր երեխային ուսման տալու ռուսների համար դպրոցներում կամ էլ դրանց օրինակով ստեղծվելիք՝ անգլիացիների համար դպրոցներում: Որքան էլ տարօրինակ է, այդ կարգի մարդկանց թվին է պատկանում նաեւ ՀՀ ԿԳ ներկայիս նախարարը՝ մի մարդ, որ ի պաշտոնե կոչված է պաշտպանելու եւ զարգացնելու հայալեզու դպրոցն ու նրա միասնականությունը:
Օրերս հայտնի է դարձել, որ այդ նախարարը «ՀՀ լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է օրենքով թույլ տալ Հայաստանում հայազգի քաղաքացիների համար բացել օտարալեզու հանրակրթական մասնավոր դպրոցներ: Սա կնշանակի՝ հայ ազգը դատապարտել օտարախոս եւ հայախոս հատվածների պառակտման, հատվածներ, որոնցից օտարախոսը կլինի վերնախավը (քանի որ միայն նա ի վիճակի կլինի վճարովի կրթության): Դա կնշանակի՝ ազգի արագացված վերասերում եւ վերացում, քանի որ օտարախոսությունը կդառնա սոցիալական առաջխաղացման նախապայման եւ խթան:
Չենք կարծում, թե նախարարի սրտով է այսպիսի հեռանկարը: Բայց եթե նա գործում է իր ազգային բնազդների դեմ, ուրեմն հանձնարարություն է կատարում: Դժվար չէ կռահել, թե դա ում հանձնարարությունն է: Պատահական չէ, որ նախարարի օրենսդրական այս նախաձեռնությունը հետեւեց ղրղզական հեղաշրջմանը եւ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի այն սպառնալիքին, թե ԱՊՀ ցանկացած երկրում կարող են կրկնվել ղրղզական դեպքերը, եթե…
Ուրեմն, մեր անկախ երկրի ղեկավարներն այնքան են կախված դրսի ուժերից, որ պատրաստ են համաձայնել հայ ազգի վերացման սցենարին, միայն թե պահեն իրենց իշխանությունը:
Ներկայիս մեր գործող կրթական համակարգը, «ՀՀ կրթության մասին» եւ «ՀՀ լեզվի մասին» օրենքները՝ իրենց պահանջներով, լիովին համապատասխանում են միջազգային օրենսդրությանը: Իսկ ահա նախարարի նոր նախաձեռնության հետեւանքով, բացի հայոց լեզվի եւ ազգային ինքնության վերացման վտանգից, նախ՝ քաոսի կվերածվի ՀՀ կրթական համակարգը, երկրորդ՝ համատարած կխախտվեն մարդու իրավունքները: Տվյալ երկրի կրթական համակարգի միասնականությունն ու կենտրոնացվածությունը նպատակ ունեն ապահովելու երկրի քաղաքացիների համար կյանքի ու գործունեության հավասար պայմաններ ու հնարավորություններ, բացառելու կրթական ու լեզվական խտրականությունը, պատրաստելու տվյալ երկրի լիարժեք քաղաքացիներ, երաշխավորելու տիրապետող ազգի ու նրա մշակույթի հարատեւությունը, այլ ոչ թե նպաստելու ազգի սերուցքի օտարմանն ու արտագաղթին, ժողովրդի լեզվական ու կրթական հակամարտ շերտերի առաջացմանը, ազգի լեզվական ու մշակութային ուծացմանն ու ձուլմանը:
Գործիչներ կան, որոնց անունը ժողովրդի պատմության մեջ գրվում է ոսկե տառերով, գործիչներ էլ կան՝ սեւ տառերով:
Չենք կարծում, թե ԿԳ ներկայիս նախարարը տառապում է Հերոստրատի բարդույթով: Բայց դա թույլ մխիթարություն է: Կուզեինք, որ նրա մեջ զարթներ Վարդանանց ոգին եւ նա ընդդիմանար օտար ճնշումներին, այլ ոչ թե Վասակի նման հարմարվեր եւ ազգը տաներ կորստի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել