Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՎԵՐԱԾՆՎՈՂ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մայիս 05,2010 00:00

\"\"Այն հանրապետականից վերաճել է միջազգայինի

Երաժշտարվեստի ոլորտում անցկացվող հանրապետական մրցույթներում նկատելի է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնակցությունը: Տարիներ շարունակ բուհն իր շրջանակներում անցկացնում է արդեն ավանդական դարձած, իր երախտավորների անունով, այդ թվում՝ Գ. Սարաջեւի անվան դաշնակահարների, Հ. Տեր-Ղեւոնդյանի անվան կոնցերտմայստերների, Թ. Շահնազարյանի անվան վոկալիստների, Ղ. Սարյանի անվան կոմպոզիտորների մրցույթներ եւ այլն: 2007թ. եւ 2008թ. կոնսերվատորիայի նախաձեռնությամբ Գյումրիում սկիզբ դրվեց երաժիշտ կատարողների «Վերածնունդ» փառատոնին: 2009-ին այն վերաճեց միջազգայինի՝ հյուրընկալելով 10 երկրներից 490 մասնակիցների: Ընդ որում, յուրաքանչյուր մասնակից պարտադիր կատարելու էր Կոմիտասի ստեղծագործություններից, քանի որ այդ տարի նշվում էր մեծ վարպետի ծննդյան 140-ամյակը: Այսօր երկրորդ տարին Գյումրիում մեկնարկում է «Վերածնունդ» միջազգային փառատոնը:
«Առավոտը» զրույցի հրավիրեց Երեւանի կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Կարինե Ավդալյանին: Նա տեղեկացրեց, որ մի քանի օր, մինչ փառատոնի եզրափակիչ գալա համերգը՝ մայիսի 13-ը, գյումրեցիները «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շնորհիվ, հյուրընկալ տանտիրոջ իրավունքով, սեփական հարկի տակ ընդունելու են բազմաթիվ երաժիշտների: Այս տարի այն անցկացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Մշակույթների մերձեցման միջազգային տարվա» շրջանակներում: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի, ԿԳ նախարարությունները, «Փյունիկ» եւ «Շիրակ» բարեգործական հիմնադրամները: «Հայտեր են ստացվել Ռուսաստանից, ԼՂՀ-ից, ԽՍՀՄ երկրներից, Չինաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից: Փառատոնին մասնակցում են 10-25 տարեկան շուրջ 1000 երաժիշտ-կատարողներ՝ 3 տարիքային խմբերով, 6 անվանակարգերում: Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են ճանաչված արվեստագետներ Հայաստանից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Բելառուսից, Կիպրոսից եւ Իրանից: Մրցանակային ֆոնդում նախատեսված են Գրան պրի, երեք մրցանակային տեղեր, դիպլոմներ: Սահմանված են նաեւ այլ մրցանակներ հետեւյալ անվանակարգերում՝ հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող, վիրտուոզ կատարող, հայ հոգեւոր երգերի լավագույն կատարող, հանձնաժողովի խրախուսական մրցանակ, հանդիսատեսի համակրանք, բեմական հմայք եւ այլն»,- տեղեկացրեց Կ. Ավդալյանը: Հայտնեց նաեւ, որ այս տարի, փառատոնին զուգընթաց, անցկացվելու է ավանդական դարձած՝ «Մշակույթների երկխոսություն» գիտաժողովը: Նախկինում այն կրել է «20-րդ դարի հայ երաժշտության դասականներ» անվանումը: Անցկացվել է նաեւ «Հայ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստը եւ Գյումրին» գիտաժողովը, որը հնարավորություն ընձեռեց դիտարկել եւ արժեւորել այն փաստերն ու նյութերը, որոնք կապված են 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ պրոֆեսիոնալ երաժշտության կայացման փուլում Գյումրիում ստեղծագործող արվեստագետների՝ Ն. Տիգրանյանի, Ա. Տիգրանյանի, աշուղներ Ջիվանու, Շերամի եւ այլոց կարեւոր ավանդին: 2008 եւ 2009թթ. անցկացվել են հայ-ռուսական մշակութային երկխոսությունն արծարծող մշակութային գիտաժողովներ եւս: «Մայիսի 6-8-ին էլ կկայանա «Մշակույթների երկխոսություն. Հայաստանը եւ համաշխարհային մշակույթը» թեմայով միջազգային գիտաժողովը: Այս նախաձեռնությանը սիրով են արձագանքել արտերկրի շուրջ 10 բուհեր եւ գիտական կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Լիտվայից, Վրաստանից, Հայաստանի տարբեր բուհերից ու թանգարաններից եւ այլ կազմակերպություններից»,- ասաց Կ. Ավդալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել