Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆՋՈՒՆԻՆ»՝ ԵՊՀ-ՈՒՄ

Մայիս 05,2010 00:00

«Համալսարանական» թատրոն-ստուդիան 5 տարեկան է

\"\"«Ես կվայելեմ քանդելու հեշտանքը, իմ հաջորդը թող կրե վերաշինության տաժանքը». փանջունիական այս սկզբունքը այսօր էլ է թերեւս գործում մեր հասարակության տարբեր, այդ թվում՝ նաեւ քաղաքական էլիտայի շրջանակներում:
 ԵՊՀ մշակույթի կենտրոնի բեմում օրերս «Համալսարանական» թատրոն-ստուդիայի հիմնադրման 5-ամյակի առիթով «Համալսարանականը» ներկայացրեց «Ընկեր Բ. Փանջունի» բեմադրության պրեմիերան՝ ըստ Երվանդ Օտյանի համանուն պիեսի: Պիեսի հեղինակն է բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արթուր Գեղամյանը, բեմադրիչը՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, կոմպոզիտորը՝ ՀՀ վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, նկարիչը՝ ՀՀ նկարիչների միության երիտասարդ նկարիչների միավորման նախագահ Աննա Հարությունյանը:
\"\" Հարազատ մնալով օտյանական ստեղծագործությանը՝ բանասեր-սցենարիստը Փանջունու կերպարին ներարկել էր 21-րդ դարին բնորոշ հատկություններ՝ դարձնելով ավելի մոդեռն: Իսկ բեմադրությունն ու բեմի դասավորությունն այնպիսին էր, որ Փանջունին կամ տեր Սահակը, կամ մյուս հերոսները միայն բեմում չէին, այլ հաճախ էին մուտք գործում հանդիսատեսի տարածք, կարծես ամեն անգամ ցույց տալով, որ իրենք հասարակությունից դուրս եկած կերպարներ են:
 «Ջիմ Դենդին» բեմադրությամբ իր կարիերան սկսած «Համալսարանականը» հոկտեմբերին հրավիրված է մի շարք փառատոների: Մինչ ներկայացման սկիզբը՝ ստուդիայի դերասանական առաջին խումբը  թատրոն-ստուդիայի տարեդարձի առիթով պարգեւատրվեց պատվոգրերով:
«Առավոտը» զրուցեց Արթուր Գեղամյանի հետ, որը նաեւ Փանջունու դերակատարն էր: Զրուցակիցս նկատեց. «Ցանկացած կերպար խաղալիս այն եւ օգնում է, եւ խանգարում: Օգնում է այնքանով, որ ընկալումները սկսում են ուրիշ կերպ լինել, խանգարում է, քանի որ հետո այդ նույն կերպարը մեջդ է մտնում եւ տարբեր հարցերում այն քո եսից առաջ է խոսում: Ես ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեմ, բայց, օրինակ, Փանջունու կերպարն օգնեց՝ ինչ-որ կերպ հասկանալ քաղաքականությունն ու քաղաքական գործիչների հոգեբանությունը: Հեղափոխական Փանջունու կերպարը, որը քաղաքական գործչի սիլուետ է, ինձ օգնեց ընկալել հեղափոխությունը, որը մարդկանց տանում է կործանում: Խանգարեց նրանով, որ երբ այդ կերպարը մեջս մտավ, սկսեցի կասկածամտորեն վերաբերվել ցանկացած քաղաքական իրավիճակի՝ մտածելով սա այն է, ինչ պիտի լինի՞, թե՞ փանջունիական հերթական խաղն է»: Հետաքրքրվեցինք՝ փանջունիների վերջը մի օր գալո՞ւ է, թե՞ նրանք Օտյանի կերտած կերպարի պես անմահ են մնալու: Արթուրը պատասխանեց. «Ինչպես կասեր Թումանյանը՝ մարդակեր գազան մարդը դեռ երկար այսպես կմնա… չեմ կարծում, որ Փանջունին կամ փանջունիությունը կվերանան: Օրինակ՝ Իտալիայում Փանջունիի կերպար համարվում է Սիլվիո Բերլուսկոնին… Ուղղակի մեզ «ռես սերգոներ» եւ «տեր սահակներ» են պետք, որ գոնե մի քիչ մեղմվի փանջունիությունը»:
Հետաքրքրվեցինք՝ մեզանում ո՞ր գործիչն է ասոցացվում Փանջունիի հետ: Զրուցակիցս պատասխանեց. «Դա թողել ենք հանդիսատեսի դատին»:
Կարինե Դավթյանից էլ հետաքրքրվեցինք՝ «Համալսարանական» ստուդիան ի՞նչ է ուզում փոխել համալսարանական կյանքում: Նա պատասխանեց. «Ցանկացած ներկայացումից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունենում ուսանողների մեջ. փոխվում է մտածողությունը, դաստիարակությունը, ճաշակը»: Տիկին Դավթյանը նշեց, որ օտյանական ներկայացումով բեմ է բարձրանում թատրոնի դերասանական կազմի երրորդ սերունդը եւ նշեց. «Թատրոնը դեռ նոր ձեւավորվող է, ուստի նույնիսկ բեմի բանվոր, լուսավորող եւ թատրոնի այլ աշխատակիցների՝ գտել եմ ուսանողների միջից: Հենց այդտեղից էլ սկսում է սեփական եսը վերանայելու, մտածողությունը արժեւորելու գործընթացը, որի հնարավորությունը տալիս է միայն թատրոնը»: Մեր դիտարկմանը, թե արտալսարանային դաստիարկությունը, որը կատարվում է, ասենք, նման նախաձեռնությունների միջոցով, մեր բուհերում լավ չի կազմակերպվում, տիկին Դավթյանը պայմանավորեց բուհի ղեկավարության աջակցության հանգամանքով, իսկ Մարտին Վարդազարյանը նույն խնդրի վերաբերյալ նշեց. «Շատ ափսոս, որ փողային, էստրադային նվագախմբերը, երգչախմբերը, թատերախմբերը ինչ- որ չափով պակասել են ուսանողական շրջապատից: Դրանք բեմում համատեղ ստեղծագործություն ներկայացնելու հնարավորություններ էին, միասնություն ձեւավորող հմտություններ»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է խանգարում դրանց գոյությանը: ՀՀ վաստակավոր գործիչը պատասխանեց. «Խանգարում է ամեն ինչում բիզնեսային մոտեցումը: Ժամանակին, երբ կային նման խմբեր բուհերում, դրանց ծախսերը հոգում էին պետականորեն եւ արհմիութենական միջոցներով: Իսկ հիմա որոնվում է, թե ով կլինի հովանավորող, որ իր անունը մեկ անգամ եւս տրվի եւ նա օժանդակի: Ինչ-որ չափով մեկնած ձեռքի խնդիր կա, բայց մյուս կողմից էլ պիտի ձեռք մեկնել, որ այդ վիճակից դուրս գանք, որը թող շատ չհամարվի, բայց ճահճային է եւ վտանգավոր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել