Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃԱՐՈՎԻ ԸՆԴՈՒՆՎՈՂՆԵՐԻՆ ԲԱՆԱԿ ԵՆ ՏԱՆԵԼՈՒ

Մայիս 06,2010 00:00

Իսկ իրավաբանականի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներն էլ անվճար չեն սովորելու

Այս տարի անակնկալներ են մատուցվել ոչ միայն ասպիրանտուրայում եւ մագիստրատուրայում կրթությունը շարունակել ցանկացողներին, այլեւ ապագա դիմորդներին: 2010-2011 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերը եւս ընդհանուր առմամբ կրճատվել են, իսկ իրավագիտություն եւ միջազգային հարաբերություններ մասնագիտությունների գծով ընդհանրապես անվճար ուսուցմամբ տեղեր չեն հատկացվի:
Այլեւս չեն հատկացվի տարկետման իրավունքով վճարովի ուսուցմամբ տեղեր: «Առավոտի» հետ զրույցում ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն այս բարեփոխումները ներկայացրեց պետության գերակա ուղղությունների եւ կարիքների արդյունավետ գնահատման ֆոնի ներքո: Պաշտոնյան իր խոսքում անընդհատ շեշտում էր, որ իրենք կատարել են մի շարք ուսումնասիրություններ, բայց այդպես էլ որեւէ ուսումնասիրության մասին կոնկրետ տվյալներ, արդյունքներ, որեւէ փաստաթղթով ամրագրված չտեսանք: Պարոն Սուքիասյանը հավելեց. «2010-2011 ուստարվա բակալավրիատի ընդհանուր տեղերը ձեւավորելիս հաշվի ենք առել նաեւ ժողովրդագրական ցուցանիշները, շրջանավարտների թիվը, պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերի հավասար մրցակցային դաշտի ապահովումը: Վճարովի տարկետման իրավունքով տեղերն անցյալ տարիներին նախատեսված էին միայն պետական բուհերի համար, եւ երբեմն շեղումներ էինք ունենում բովանդակային եւ որակական ուղղություններում»: Քանի որ հասարակության մեջ դեռեւս անորոշ է, թե ի վերջո վճարովի ընդունվելու դեպքում իրենց տղա երեխային տանելո՞ւ են բանակ, թե՝ ոչ, պարոն Սուքիասյանին խնդրեցինք հստակեցնել այս հարցը: Նա նշեց. «Եթե երիտասարդն ընդունվում է վճարովի համակարգ, տարիքը զորակոչայինի հասնելուց հետո զորակոչվում է բանակ, վերադառնալուց հետո՝ շարունակում ուսումը: Միայն անվճար տեղն է իր հետ բերում տարկետման իրավունք, իսկ վճարովին այլեւս տարկետման իրավունք չունի: Սա վերաբերում է նաեւ մագիստրատուրային»:
Դառնալով բակալավրիական տեղերի բաշխմանն ըստ մասնագիտությունների՝ Ռ. Սուքիասյանը նկատեց. «Անցյալ տարվա համեմատ պահպանվել եւ ավելացել են բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հայագիտություն մասնագիտությունների գծով, մշակութային բուհերին ու մասնագիտություններին հատկացված տեղերի քանակը: Օրինակ՝ Մանկավարժական համալսարանում ռեժիսուրա, մասսայական հանդիսություններ, հեռուստաֆիլմերի, հեռուստածրագրերի ռեժիսուրա մասնագիտությունների գծով նախորդ տարի անվճար տեղ չի եղել, այս տարի հատկացրել ենք, նույնը վերաբերում է պարարվեստին, մշակութային գործունեությանը, փողային, էստրադային, ժողգործիքների նվագախմբին եւ այլն»: ԵՊՀ-ում միջազգային հարաբերություններ եւ իրավագիտություն մասնագիտությունների գծով 2010-2011 ուստարում ընդհանրապես անվճար հիմունքներով տեղեր չեն հատկացվի: Մեր այն դիտարկմանը՝ եթե նախկինում այս մասնագիտությունները հիմնականում ապահովված խավի անձանց զավակների մենաշնորհն էին, ապա այժմ օրենքով ենք ամրագրում այդ մոտեցումը, նույնիսկ խելացի երեխաներին հնարավորություն չտալով այստեղ սովորել անվճար համակարգով, պարոն Սուքիասյանն այսպես պատասխանեց. «Խելացի երեխան, ուսանողը հնարավորություն կունենա սովորելու: Եթե, օրինակ՝ նշված մասնագիտությունների գծով լինեն փայլուն արդյունք ցույց տված երիտասարդներ, ապա ֆինանսավորման նոր մեխանիզմներ ենք մշակում, որպեսզի հոգ տանենք նրանց մասին»: Սակայն այս պարագայում էլ պարոն Սուքիասյանը որեւէ հստակ մեխանիզմ չնշեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել