Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔԸ» ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ

Մայիս 07,2010 00:00

\"\"Դա հնարավոր եղավ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելուց հետո

Այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված զույգ արձանագրությունների վավերացման գործընթացը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցվեց, թուրքական կողմը դրանք համարեց Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարանների դարակներում, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ սառնարանում դրված փաստաթղթեր, ակնհայտորեն ջերմացան թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Արդեն ապրիլի 27-ին ադրբեջանական եւ թուրքական ԶԼՄ-ներն արձանագրեցին, որ կողմերը 2008-2009թթ. ընթացքում, բանակցությունների 14 փուլից հետո, ի վերջո, համաձայնության են եկել էներգետիկ ոլորտում համագործակցության՝ գազի մատակարարման, դրա գների եւ էներգետիկ այլ խնդիրների շուրջ: Կողմերի միջեւ նաեւ այդ համաձայնությունից էր, որ մեծապես կախված էին մասնավորապես դեպի ԵՄ երկրներ գազի տարանցման Nabucco եւ «Հարավային հոսք» ծրագրերը, որոնցից առաջինը՝ Արեւմուտքի, երկրորդը՝ Ռուսաստանի նախաձեռնությունն էին: Հենց «Հարավային հոսք» ծրագրի շրջանակներում գազի տարանցման շուրջ համատեղ հուշագիր էր ստորագրվել Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռումինիայի միջեւ, բայց ծրագրի կենսագործման համար անհրաժեշտ էր, որ համաձայնության գային Թուրքիան եւ Ադրբեջանը: Արդեն ապրիլի 28-ին Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օտտինգերը ողջունել էր երկու երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությունը՝ հայտարարելով, թե՝ Թուրքիան եւ Ադրբեջանը «Հարավային հոսք» գազային ծրագրի իրականացման համար անփոխարինելի գործընկերներ են, եւ նրանց միջեւ համաձայնությունը նոր ճանապարհներ է բացում գազի ռազմավարական բաշխման իմաստով, հանդիսանում է «Հարավային հոսքի» հիմքն ու ապահովում Թուրքիայի եւ ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը: Ի դեպ, Ադրբեջանը հիմա պատրաստ է համագործակցել նաեւ Nabucco գազատարի ծրագրի շրջանակներում, որը նախատեսվում է կառուցել Կենտրոնական Ասիայից մինչեւ Ավստրիա եւ Գերմանիա։ Այն անցնելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը:

Անկարայի եւ Բաքվի միջեւ կնքված հաշտությունը, իհարկե, ձեռնտու է Ռուսաստանին, որը «Հարավային հոսք» նախագծով փորձում է հարվածել Ռուսաստանը շրջանցող գազի արտահանմանը դեպի Եվրոպա՝ Nabucco նախագծին: Իսկ դա հնարավոր եղավ, երբ հայ-թուրքական արձանագրությունները հենց ՌԴ-ի «պասով» նախ՝ կարգավորման փուլ մտան, ապա նաեւ սառեցվեցին:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այո՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ, եւ հատկապես՝ գազային ոլորտում ձեռք բերված համաձայնությունը, ուղղակի կապված է հայ-թուրքական արձանագրությունների կասեցման հետ: Նրա ասելով, Ադրբեջանը բավականին բացասական վերաբերմունք ուներ եւ ցավագին էր ընդունում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, ուստի թուրք-ադրբեջանական հարաբերությունների միջեւ առաջացած լարումը առաջին հերթին ազդեց հենց գազային ծրագրերի վրա: «Ադրբեջանը բոյկոտում էր այդ ծրագրերը, գազի գների շուրջ երկու երկրների միջեւ բանավեճ կար, բայց հիմա, քանի որ, գոնե ժամանակավորապես սառեցվեց հայ-թուրքական պրոցեսը Ադրբեջանը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ գազային ծրագրեր իրականացնելուն ոչինչ այլեւս չի խոչընդոտում, ու այս իմաստով նշանակություն չունի, դրանք ռուսակա՞ն, թե՞ արեւմտյան նախագծեր են»,- ասաց Ստ. Գրիգորյանը: Նա միաժամանակ շեշտեց, թե չի ուզում ուղղակիորեն կապել հայ-թուրքական հարաբերությունները ռուս-թուրքական՝ էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի հետ, որովհետեւ «ռուս-թուրքական գազային ծրագրերը «Հարավային հոսքի» շրջանակներում առաջին հերթին կապված էին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դժվարությունների հետ: Բացի այդ, Ռուսաստանը՝ որպես այդ նախագծի հեղինակ, ուզում էր նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել՝ թույլ չտալու համար Nabucco-ի կառուցումը, եւ հենց այդ նպատակով էլ «Հարավային հոսքը»՝ որպես ռուսական գազն այլընտրանքային ճանապարհով Եվրոպա հասցնելու ծրագիր, հավանական է, որ կիրականացվի նույնիսկ այն պարագայում, երբ ՌԴ-ն Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հետ կապված խնդիրներ այլեւս չունի»:

Ասել է թե՝ հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը շատ որոշակիորեն ազդեց ոչ միայն երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա, այլեւ դուռ բացեց էներգետիկ ոլորտում տարածաշրջանային ծրագրերի կենսագործման համար, որոնք, բնականաբար, շրջանցելու են Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել