Լրահոս
Օրվա լրահոսը

Վկայից դարձավ մեղադրյալ

Մայիս 12,2010 00:00

Փորձագետն ասում է, որ Աբելյանը թմրանյութ չի օգտագործում

Այս քաշքշուկը, որի մեջ ընկած է արցախյան պատերազմի հերոսը, յուրահատուկ է մեր օրերի դատաիրավական համակարգի որոշ պաշտոնյաների գործունեությանը: Յուրահատուկ է, որովհետեւ նման փաստերով լեցուն է մեր մամուլը, փաստերը բազմաթիվ են եւ աղաղակող, հաճախ՝ նաեւ անհավատալի, որովհետեւ շատ դեպքերում դատաիրավական համակարգի որոշ պաշտոնյաների գերխնդիրը դառնում է ոչ թե իրական հանցանքի կամ հանցագործի բացահայտումը կամ թեկուզ կասկածյալ թվացող մարդու արդարացումը, այլ պարտադիր պայման է ձեռքն ընկածի վրա հանցանքը բարդելն ու դատելը:
Ջոն Աբելյանը 1990 թվականից մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Արցախի ինքնապաշտպանական ռազմական գործողություններին, որի համար արժանացել է ՀՀ եւ ԼՂՀ «Արիության» համար մեդալների եւ գերատեսչական բազմաթիվ պարգեւների:
Արցախյան պատերազմի օրերին շատ կամավորականներ իրենց հետ մարտադաշտ էին տանում նաեւ իրենց պատանեկան տարիքում գտնվող տղաներին: Ջոն Աբելյանը այդ կամավորներից մեկն էր, ով 1993-94 թթ.-ին «Գարեգին Նժդեհ» ջոկատի կազմում ընդգրկեց նաեւ իր որդուն՝ 13-ամյա Աբել Աբելյանին:
Պատերազմից հետո Աբելը ընդունվեց Հունաստանի զինվորական ակադեմիան: Ավարտելուց հետո շարունակեց իր զինվորական գործը մինչեւ 2005 թ., ստանալով ավագ-լեյտենանտի կոչում: Նույն թվականին ծրագրում է պաշտպանության նախարարության համակարգից տեղափոխվել ԱԱԾ համակարգ: Տեղափոխման գործընթացը ձգձգվեց եւ անգործ չմնալու նպատակով՝ ժամանակավոր այլ աշխատանքի անցավ:
Ամեն ինչ, սակայն, սկսվեց այստեղից: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում 2007թ. հունվարի 10-ին հարուցվեց քրեական գործ (ՀԿԳ քննիչ Վարդան Մուրադյանի կողմից): Քրեական գործի նյութերով, նախաքննական մարմնի որոշմամբ սրճարանի տնօրեն Աբել Աբելյանը ներգրավվեց նախ որպես վկա: Ա. Աբելյանից չկարողանալով ստանալ իրենց անհրաժեշտ, զրպարտանք համարվող վկայությունները, նախաքննական մարմինը Ա. Աբելյանին մեղադրանք է առաջադրում ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելու համար:
2007թ. հոկտեմբերի 29-ին նախաքննական մարմինը Աբել Աբելյանին նոր մեղադրանք է առաջադրում ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 271 հոդվածի 1-ին մասով, այն է՝ նաեւ թմրանյութ օգտագործելու:
Աբել Աբելյանից իր մանկության երկու ընկերների դեմ ցուցմունքներ էին փորձվում կորզվել նաեւ խոշտանգումների միջոցով: Փաստաբանը, տեսնելով խոշտանգված երիտասարդի վիճակը, պահանջում է դատաբժիշկ, սակայն մի շարք միջնորդումներից հետո, նախաքննական մարմինը տարբեր պատճառաբանությամբ մերժում է, եւ միայն գլխավոր դատախազին դիմելուց հետո՝ դատաբժիշկը 40 օր հետո զննում է մեղադրյալին եւ ապացուցվում է, որ Աբելի մարմնի վրա առկա սպիները համապատասխանում են տվյալ օրվա խոշտանգմանը:
2007թ. փետրվարի 3-ին որոշում են «չհրաժարվել» Աբելից եւ նա նույն գործով ճանաչվում է մեղադրյալ: Ավագ-լեյտենանտ Աբել Աբելյանին ուղարկում են ոչ թե «Վարդաշեն» մեկուսարան, ուր պահվում են ուժային կառույցների ներկայացուցիչները (ինչպես պահանջում է օրենքը), այլ՝ «Նուբարաշեն»՝ ռեցիդիվիստների խուց:
Զգալով, որ ապօրինի ձերբակալությունը, խոշտանգումները եւ տարատեսակ այլ հոգեբանական ճնշումները չեն կոտրում երիտասարդին եւ նրան ձերբակալված պահելը ոչ մի արդարացում չի գտնում, ծրագրվում է կեղծել Աբել Աբելյանի մեզի հետազոտությունը, որպեսզի ապացույց ստեղծվի Աբելին ազատազրկված պահելու համար: Աբելյանի փաստաբանը պահանջում է անցկացնել մեզի հետազոտության նոր փուլ, եւ քանի որ անկախ փորձագիտական կենտրոնի պատասխանը ապացուցում է, որ Աբել Աբելյանը թմրանյութ չի օգտագործում, մեզի պատասխանը գործի մեջ լինելով հանդերձ, քննիչը շարունակում է հիմք ընդունել մեզի հետազոտության կեղծ ապացույցը:
2007թ. նոյեմբերի 29-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի որոշմամբ Աբել Աբելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է եւ քրեական գործի վարույթը կարճվում է:
Նա 2009թ. օգոստոսի 24-ին ճանաչվում է անպարտ, արդարացվում ու դատարանի դահլիճից ազատ է արձակվում: Թվում էր, թե արդարությունը հաղթել է, շնորհիվ երկրի օրենքները հարգող եւ անաչառ դատավորի: Սակայն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացնում դատախազը:
ՀՀ վերաքննիչ դատարանի այս տարվա մարտի 22-ի որոշմամբ, Աբել Աբելյանի մասով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվում է ամբողջությամբ: Վերաքննիչ դատարանը Աբել Աբելյանին պատիժ է նշանակում 8 տարվա ազատազրկման ժամկետով: Փաստորեն, 4 տարի տեւած քաշքշուկը նորից է կրկնվում: Լրագրողական ուսումնասիրությունից անգամ հստակ երեւում է, որ 31-ամյա Աբել Աբելյանը գործին առնչվում է այնքանով, որքանով որ նա սուտ ցուցմունք չի տվել իր մանկության ընկերների վրա:
Վերաքննիչ դատարանը գործը քննելիս Աբելյանի մասով թույլ է տվել քրեա-դատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Հայոց բանակի 31-ամյա սպա Աբել Աբելյանը, արցախյան ազատամարտի բովով անցած նրա ազատամարտիկ հայրը դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել