Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՆԴ՝ ԿՐԹԱԿԱՆ ՔՈՂԻ ՏԱ՞Կ

Մայիս 12,2010 00:00

Կամ «Մահարիշի վեդայական կենտրոն»-համալսարանի առեղծվածը

Նորաշենի 16-րդ թաղամաս, շենք 45, 12-րդ հարկ, բնակարան 84. այս հասցեում է գործում տրանսցենդենտալ մեդիտացիայով զբաղվող «Մահարիշի» համալսարանը կամ ինչպես նրա երկրորդ անվանումն է՝  «Մահարիշի վեդայական կենտրոնը»: Այս կազմակերպությունը կրթական քողի տակ մասնակցում է բոլոր կրթական ցուցահանդեսներին, անգամ նրանց, որոնք կազմակերպվում են ԿԳՆ-ի կողմից: Այնինչ՝ նրանց իրականացրած տրանսցենդենտալ մեդիտացիան հայ հոգեւորականները աղանդ են համարում, որը կարող է կործանարար հետեւանքներ թողնել:
Վեդայական կենտրոնի ղեկավար տիկին Սվետան իր չափից ավելի սիրալիրությամբ, կյանքի հաճույքների եւ վայելքների, դրական գույներով կյանք պարգեւելու խոստումներով հեշտությամբ կարող է իր ցանցը գցել երիտասարդների մեծամասնությանը, որոնք շուտ խանդավառվող են: Լավ է աշխատում նաեւ վեդայական կենտրոն-համալսարանի տեղեկատվական համակարգը: Բոլոր տեղեկատուներում կարելի է գտնել նրանց կոորդինատները:
Որոշեցինք գնալ այլընտրանքային այս «համալսարանի» հետքերով: Հայտնի շենքում, երբ նստեցինք վերելակ եւ սեղմեցինք 12-րդ հարկի կոճակը, վերելակում գտնվող շենքի բնակչուհին միանգամից գուշակեց, որ տիկին Սվետայի մոտ ենք գնում եւ վերելակից դուրս գալով՝ ցույց տվեց այդ խորհրդավոր բնակարանը: Այդտեղ ոչ անուն էր գրված, ոչ ազգանուն:
Բնակարանի ճեփ-ճերմակ դռնից այն կողմ բարեհամբույր եւ գեղեցկադեմ տիկին Սվետան իր՝ սեփական «ես»-ի ներքին բանալին գտնելու պատմություններով սկսեց մեր ականջին կաթեցնել, թե ինչքան երջանիկ է դառնալու մեր կյանքը իրենց «կրթությունը» ստանալուց հետո: Հետաքրքրվեցինք՝  ի՞նչ քննություններ են պետք «ընդունվելու» համար: Սկզբում տիկին Սվետան նեղվեց, հետո նրա դեմքին մեղմ ժպիտ հայտնվեց եւ պատասխանեց. «Սա քննության համալսարան չէ: Մենք սովորեցնում ենք տարբեր բարդ իրավիճակներից դուրս գալու եղանակներ: Բայց սերտիֆիկատ ու դիպլոմ ձեզ չենք տալու»:
Մնում էր՝ «Մահարիշին» դիպլոմ էլ տար, դեռ վրան էլ դրված լիներ ԿԳՆ-ի կնիքը: Առանց այդ էլ ԿԳՆ-ն երբեք անուշադրության չի մատնում «Մահարիշի» կենտրոնին, նրան մշտապես հրավիրում է բոլոր կրթական ցուցահանդեսներին եւ էքսպոներին: Վերջին էքսպոյին էլ էր հրավիրել, բայց, տիկին Սվետայի տեղեկացմամբ՝ գումար չունեին, որ մասնակցեին:
«Մահարիշի» հայաստանյան «համալսարանում» ուսման վարձը ցածր չէ: Այստեղ եթե «անաշխատունակ» ես, տիկին Սվետայի որակավորմամբ, ապա ամեն մի պարապմունքը կարժենա 20 հազար դրամ: «Ապառիկով» էլ կարող ես սովորել: Մինչ բուն դասընթացներին մասնակցելը, տիկին Սվետան մեզ խորհուրդ տվեց մասնակցել ներածական դասընթացին, որն անվճար է: Սակայն «ներածականը» մեզ վրա ավելի թանկ նստեց. քիչ էր մնում ընկնեինք տիկին Սվետայի մեդիտացիայի «ջրերը» եւ մահարիշցի դառնալու ճանապարհը բռնեինք… «Դասախոսուհին» խնդրեց գուլպաներով գալ «ներածական դասի»: Եվ այդ օրը նա տարբեր հմտություններով «սովորեցրեց» կառավարել սեփական զգացմունքները: Բայց այդպիսով նա կարծես փորձում էր կառավարել մեզ, քանի որ նրա քարոզներից հետո այնպիսի բաներ էիր ուզում բարձրաձայն ասել, որ սթափ գլխով հաստատ նման բաներ մտքովդ էլ չէին անցնի:
Տիկին Սվետայից վախեցած էին նաեւ նրա հարեւանները: Երբ փորձում էինք նրանցից պարզել, թե ինչ գործունեությամբ է զբաղվում 12-րդ հարկի Սվետան, բոլորը խուսափում էին երկար մեզ հետ խոսել, միայն ասում էին, որ անգլերենի մասնագետ է:
ԿԳՆ Լիցենզավորման վարչության պետ Մովսես Մովսիսյանը «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «ԿԳՆ-ի կողմից լիցենզավորված բարձրագույն, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների շարքում «Մահարիշի» համալսարան անունով կառույց գոյություն չունի: Թե այն ինչ գործունեություն է ծավալում, թող համապատասխան մարմինները պարզեն, մենք չունենք իրավասություն դրսում գրված ամեն անվան հետեւից գնալ- հետաքրքրվել, թե  ի՞նչ է իրականացնում: Դա հարկայինի, այլ կազմակերպությունների խնդիրն է, թող բերեն օրինական դաշտ, այդ կազմակերպությունն էլ դիմի մեզ, տեսնենք նրա կրթական ծրագրերը լիցենզավորման ենթակա՞ են, թե՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել