Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի լեզու գիտես՝ այդքան երկիր կարող ես գաղթել»

Մայիս 18,2010 00:00

Ըստ բանաստեղծ Հակոբ Մովսեսի, սրան կբերի օտարալեզու դպրոցների բացումը

\"\"

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը եւ բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը: Թեման օտարալեզու կրթության ներդրումն ու դրա շուրջ ծավալված աժիոտաժն էր: Հ. Մովսեսը միայն տեսականորեն է փոփոխություններին կողմ եւ գտնում է, որ ամեն դեպքում հայերենը պաշտպանել է պետք. «Աշխարհում բոլոր ժողովուրդներն իրենց կրթությունը ստանում են մայրենիով: Հիշենք Հեգելի հայտնի արտահայտությունը՝ եթե մտավորականը իր կրթությունն իր մայրենի լեզվով չի ստացել, նա տգետ է, մտավորական չէ»: Մյուս կողմից, բանաստեղծը ավելացնում է՝ հայ մտավորականը, մարդը տգետ է, եթե չի ինտեգրվում համաշխարհային մշակույթին:
Ա. Բլեյանը կարծում է, որ ՀՀ-ում հանրակրթական դպրոցը չի կարող  միասնական չլինել, որովհետեւ այն կբերի անհավասարություն, որը արգելված է կրթության բոլոր միջազգային օրենքներով: Նա կարծում է, որ այս փոփոխություններով ԿԳ նախարարությունը բուն կրթական բարեփոխումների գործը, որը թվում է՝ պետք է շարունակեր, թողնում է մի կողմ, որոշներին կռվեցնում իրար հետ եւ այլն: Բլեյանը գտնում է, որ այլալեզու կրթություն կարող է լինել միայն որոշ դեպքերում. «Օրինակ, կասենք՝ բրա՛վո, Վրաստան, երբ Ջավախքում հայերեն ուսուցմամբ պետական դպրոց կբացի»: Բանախոսը գտնում է, որ այլալեզու դպրոցների բացման մասին՝ օրենքի փոփոխությունն անցնելու դեպքում, քաղաքացիները կհայտնվեն հիմար վիճակում. «Նրանց ընտանեկան, խոսակցական լեզուն հայերենն է եւ դրանով իրացվում է նրանց տաղանդը, հնարավորություն է տալիս զարգանալու համար»: Բլեյանը վստահ է, որ ԱԺ-ն չի ընդունի սույն օրենքը, որովհետեւ, ըստ նրա, դա իրավական առումով եւս մերժելի է. «Եթե ընդունեց, ուրեմն արձանագրում ենք, որ Հայաստանը այլեւս քաղաքական անկախ միավոր չէ»:
Հ. Մովսեսն ամեն կերպ ուզում էր հասկանալ փոփոխությունների դրդապատճառները. «Մեր պապերի խոսքը՝ քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես, ընդունելի է, բայց մեր երկրում հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ծիտիկը թռնում է, կասկածում ես՝ ո՞ւմ ջրաղացին է ջուր լցվում: Իմ մեջ մի խուլ վախ, կասկած կա՝ չլինի՞ այս ամենը արվում է ոչ թե ներքին պահանջներից, մշակութաբանական կամ սոցիալական-տնտեսական նկրտումներից ելնելով, այլ՝ մի ուրիշ պատճառով եւ դա ստիպված են անում»: Բանաստեղծը վախենում է՝ սրա տակ էլ թաքնված չլինի հերթական այլասերանքը. «Վախը առաջին հերթին կապված է նրա հետ, որ նորից վերակենդանանա ոչ թե լեզուներ սովորելու դարասկզբի ավանդույթը, որը մանուկաբեղյաններ ու հակոբմանանդյաններ ծնեց, այլ ռուսական դպրոցներով Հայաստանը ողողելու գարշելի քաղաքական պրակտիկան, որը 30-ական թվականներից մեր մշակույթը ամորձատեց եւ գլխատեց մինչեւ 80-ականները»: Հ. Մովսեսը գտնում է, որ ժողովուրդը լեզու է սովորում մի նպատակով. «Երկրից ցվրվի-գնա»: Նրա խոսքով՝ «քանի լեզու գիտես՝ այդքան մարդ ես» ասույթն էլ մեր օրերում պետք է փոխարինել՝ «քանի լեզու գիտես՝ այդքան երկիր կարող ես գաղթել» արտահայտությամբ:
Ա. Բլեյանին էլ զայրացնում է այն, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մարդկանց խախտված իրավունքների պաշտպանության գործերը թողած՝ եթերում այս փոփոխությունների մասին է կարծիքներ հայտնում: Իսկ Հ. Մովսեսը գտնում է, որ յուրաքանչյուր ոք արտահայտվելու իրավունք ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել