Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդները դժգոհ են

Հունիս 08,2010 00:00

Ռեպորտաժ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցից

Հունիսի 1-ին կայացած առաջին միասնական քնությունների՝ կենսաբանության, ընդհանուր պատմության եւ աշխարհագրության արդյունքներն արդեն հայտնի են: Հունիսի 6-ին կայացավ այդ քննությունների արդյունքների բողոքարկումը: Ինչպես նշեց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, պատկերը հուսադրող չէ: Կենսաբանություն առարկայի միջին միավորը 10,8 բալ է, ընդհանուր պատմությանը՝ 12,9-ը, աշխարհագրությանը՝ 11, 3:
Կենսաբանություն առարկայից անբավարար ստացել է 400 դիմորդ, պատմությունից՝ 36, աշխարհագրությունից էլ՝ 53: Առաջին միասնական քննության ժամանակ միայն երկու 20 միավոր է գրանցվել կենսաբանությունից, աշխարհագրությունից եւ ընդհանուր պատմությունից 20 միավոր չկա, ընդամենը մեկ 19,75 միավոր կա պատմություն առարկայից եւ երկու 19,25՝ աշխարհագրությունից:
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս դիմորդները բողոքարկելու հնարավորություն ունեն քննության արդյունքները հայտարարելու հաջորդ մեկ օրվա ընթացքում՝ ժամը 10-18-ն ընկած ժամանակահատվածում:
«Առավոտը» եղավ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, որտեղ կայացել էր կենսաբանություն առարկայի միասնական քննությունը: Օրվա առաջին կեսին շուրջ 40 դիմորդ էր արդեն բողոքարկել: Ինչպես պարզեցինք դիմորդներից, դժգոհությունները հիմնականում թվերի կլորացման, վերահաշվարկի, հարցաշարից դուրս հարցերի եւ թեստերի կազմմանն էին վերաբերում:
Ապագա բժշկուհի Գայանե Դանիելյանը կենսաբանություն առարկայից ստացել էր 15 միավոր, որից դժգոհ էր: Նրա խոսքով՝ «Հանձնարարված չէր, որ խնդրի վերջում պետք է կլորացնել թիվը, ես էլ չէի կլորացրել: Համակարգիչը դա սխալ է հաշվել, այդպես ես կորցրել եմ 0,25 միավոր»:
Դիմորդ Աիդա Սարգսյանը, որը 15 միավոր էր ստացել, բողոքարկում էր թեստում առկա բովանդակային սխալներից. «Կար հարց, որտեղ խնդրի պահանջն ու առաջադրանքը չէին համապատասխանում իրար: Դա հանգիստ վիճակում մարդու սրտի կծկումների քանակի մասին է: Ըստ կենսաբանության գրքի՝ կծկումների քանակը 75 է, ես դա էլ նշել եմ: Համակարգիչը ճիշտ է համարել այլ պատասխան՝ 80»:
Դիմորդ Էմիլյա Մելոյանը անբավարար էր ստացել՝ հավաքելով ընդամենը 6,5 միավոր: Երբ նա իր հայրիկի հետ վրդովված մտավ բողոքարկման կենտրոն, դիմորդի հայրը սկսեց բոլորին բարձրաձայն բացատրել, որ չորս մասնագետ դասախոսներ քննել են իր երեխային ու ասել, որ նա չէր կարող «կտրվել» քննությունից:
ԳԹԿ ներկայացուցիչ, ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն անմիջապես փորձեց հանգստացնել ծնողին, որից հետո հայրը միակ դիտորդ «Առավոտին» տված հարցազրույցում ասաց, որ ոչ մի դժգոհություն չունի քննությունից, ուղղակի երեխայի «խաթրը» չկոտրելու համար նրա հետ եկել է բողոքարկելու:
Ռեգինա Ավագյանի բողոքարկումն էլ օգտագործվեց ի վնաս իրեն: Նա ժամանակի սղության պատճառով խնդիրներից մեկի պատասխանի բոլոր թվերը չի հասցրել անցկացնել ձեւաթուղթ, ինչի արդյունքում կորցրել է 0,25 միավոր: Ռեգինան դժգոհեց թեստերից: Ասաց, որ դրանց լրացման ձեւը շատ բարդ է. «Ես այդ խնդիրը ճիշտ լուծել էի սեւագրության մեջ, եթե նայեն՝ կհամոզվեն: Ինձ տրված է եղել ընդամենը երկու ուղղման հնարավորություն, որոնք ես արդեն օգտագործել էի: Խնդիրը վերստին լուծելու դեպքում ճիշտ պատասխանը գտել եմ, բայց քանի որ պատասխանի տեղում տրված էր երկու նիշ գրելու հնարավորությունը, մնացած նիշերը չգրեցի, միեւնույն էր՝ համակարգիչը չէր հաշվելու: Ժամանակս էլ չհերիքեց խոտանեի ձեւաթուղթս եւ նորը վերցնեի»:
Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Մարիա Կարապետյանը, որը եկել էր բողոքարկման իր աշակերտուհու հետ, «Առավոտին» ասաց. «Կազմված թեստերը բարդ էին ու խրթին նախադասություններով»: Ուսուցչուհու ձեւակերպմամբ, քննական թեստերը հիմնված են եղել «կարողա»-ների վրա. «Խնդիրներ են տրված գիտնականի մակարդակով՝ կարող ա՞ հանկարծ սենց բան լինի… Մի՞թե կարողայով խնդիր են լուծում… Քննասենյակներում կլորացնելու եւ չկլորացնելու խորհուրդներ են տվել դիմորդներին, որի արդյունքում ցածր գնահատական են հավաքել նրանք: Օրինակ՝ աշակերտը հարցրել է՝ որքա՞ն կլորացնեմ, ասել են՝ մի կլորացրու, վանդակից հետո այս երկու թիվը գրի, քեզ բավական է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել