Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես չպղծել հուշարձանը

Հուլիս 02,2010 00:00

Անկախ նրանից, ով է դրա պահպանությամբ զբաղվում

\"\"«Առավոտի» «Կաթողիկոսական» եւ «ախպերական» օբյեկտներ» հոդվածին արձագանքեցին մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության ղեկավար Սերժիկ Առաքելյանն ու նրա տեղակալ Վլադիմիր Պողոսյանը: Ս. Առաքելյանը, մասնավորապես հստակեցնելով, թե որ հուշարձանների պահպանությամբ է իրենց ՊՈԱԿ-ը զբաղվում, նշեց, որ իրենք եւս դեմ են ցանկացած հուշարձանի աղավաղելուն: Նա հիշեցրեց, որ Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, կառավարության կողմից հաստատված կանոնադրության համաձայն, իրականացնում է պետական սեփականություն համարվող, չօգտագործվող հուշարձանների պահպանությունը, եւ իրենց համակարգում գործում է 11 մարզային ծառայություն: Նա հավելեց, որ տվյալ ՊՈԱԿ-ը ակտիվորեն համագործակցում է ոստիկանության, դատախազության եւ համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ հուշարձանների սեփականատերերի հետ:

«Առավոտի» խնդրանքով Ս. Առաքելյանն ու Վ. Պողոսյանը ներկայացրին, թե վերջին շրջանում ո՞ր հուշարձանների հարցով են դիմել իրավապահ մարմիններին: Ամենաթարմը Նորատուսից գողացված խաչքարի դեպքն է: ՊՈԱԿ-ը ահազանգել է, եւ երկու օրում խաչքարը վերադարձվել է: Զրուցակիցներս նշեցին, որ լինում են դեպքեր, երբ մարդիկ բարի գործ են ցանկանում անել՝ վերանորոգել որեւէ հուշարձան, սակայն նրանց ձեռնարկած աշխատանքները դադարեցվում են, քանի դեռ, գործող կարգի համաձայն, նախագիծը հաստատված չէ լիազորված մարմնի կողմից:

Արագածոտնում, օրինակ, մեկը վերցրել ու վարել էր հուշարձանի տարածքը՝ ահագին վնաս պատճառելով, ինչի առիթով գործ է հարուցվել:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության «Արփի» բնապատմական արգելոցի մասնաճյուղում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ արգելոցի հսկիչ-պահակ Վ. Ղարախանյանը այդ տարածքում ինքնակամ կառուցել էր թոնրատուն եւ դրան կից օժանդակ այլ շինություններ՝ չունենալով թույլտվություն եւ անհրաժեշտ նախագծային փաստաթղթեր: Ըստ գլխավոր դատախազության կայքի, շուրջ երկու տարի շարունակվող ապօրինի շինարարությունը իրականացվել էր ինչպես արգելոցի տնօրինության, այնպես էլ շահագրգիռ ու վերադաս մյուս կառույցների լուռ համաձայնությամբ, եւ վերջիններիս կողմից գործնական ոչինչ չէր ձեռնարկվել:

Շենգավիթ համայնքում պատմական գերեզմանոցի տարածքը կենցաղային աղբից մաքրվել էր՝ կրկին համապատասխան ահազանգից հետո: Մի գործ էլ Կարճեւանի համայնքի ղեկավարի վրա կա: Ցանկը կարելի է շարունակել: Վլադիմիր Պողոսյանը փաստեց, որ 2001թ. կառավարության որոշմամբ 151 եկեղեցի հանձնվել է Հայ առաքելական եկեղեցուն:

Ըստ կարգի ու օրենքի, պետք է այդ 151 եկեղեցու համար պահպանական պարտավորագրեր կնքվեին, ինչը մինչ օրս արված չէ: «Ամեն տարեկան հաշվետվության ժամանակ այս մասին ահազանգում ենք»,- ասում է Պողոսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել