Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ՝ ՊԱՐԶԱՊԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Հուլիս 06,2010 00:00

ՀՀ Սահմանադրության 15-ամյակի առիթով ՀՀ ՍԴ  նախագահ Գագիկ Հարությունյանի հուլիսի 3-ի ելույթը

\"\"

Հայաստանի Հանրապետության մեծահարգ պարոն Նախագահ,
Վեհափառ Տեր,
Հանդիսավոր արարողության հարգելի մասնակիցներ:
Մեր ժողովրդի պատմական ճակատագրում Սահմանադրություն երեւույթն ունեցել է հիմնաքարային նշանակություն: Պատմահայր Մովսես Խորենացին 365 թվականի Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովի ընդունած Կանոնական սահմանադրության հետ էր կապում ողորմածության հաստատումը եւ անգթության հաղթահարումը Հայաստան երկրում:
Հայ իրականության մեջ իրավակարգավորումը երբեք ինքնանպատակ չի եղել, կտրված չի եղել մեր սոցիալական կյանքից ու այն վերափոխելու հրամայականներից՝ նույնիսկ պետականության կորստի պայմաններում: Օրենքն ու իրավունքը բախտորոշ նշանակություն են ունեցել մեր լինելության ու ինքնության պահպանման գործում: Դրա լավագույն վկայություններն են նախաքրիստոնեական եւ հետքրիստոնեական շրջանի հայ իրավունքի հուշարձանները, Ազգային-եկեղեցական ժողովների կողմից ընդունված կանոնական սահմանադրությունները, Հովհաննես Օձնեցու «Հայոց կանոնագիրքը», հայ գաղթօջախների դատաստանագրքերը, Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» եւ Շահամիրյանների «Որոգայթ փառացի» նախաբանները, որոնք, ի մասնավորի, իրավական ամբողջական տեսություններ են ներկայանում:
Պատմական իրողությունները միանշանակ վկայում են, որ երբ հայ իրականության մեջ շեշտը դրվել է փոխհամաձայնությամբ ձեռք բերված կանոնների միջոցով ողջ հանրային կյանքը կարգավորելու վրա, ակնառու առաջընթաց է գրանցվել բոլոր ոլորտներում: Թեկուզ սաղմնային վիճակում, սակայն սահմանադրական մշակույթը մեր գոյության ու զարգացման համար առանցքային նշանակություն է ունեցել դեռեւս մարդկային հանրության պատմության արշալույսին: Հակառակը, անհամաձայնությունները կամ դրանք բռնությամբ հաղթահարելու փորձերն են դարձել անհաջողությունների պատճառ: Բազում են նման օրինակները ոչ միայն մեր, այլեւ շատ այլ երկրների պատմության ծալքերում:
Վերածննդի դարաշրջանի ազատական իրավամտածողության սաղմնավորումը Եվրոպայում առաջին պլան մղեց մարդկային իրավունքների ու ազատությունների երաշխավորման անհրաժեշտությունը, որը հեղափոխական մտածողության ալիքի վրա իր առաջին համակարգված գործնական արտահայտությունը գտավ 1689 թվականին Անգլիայում ընդունված Իրավունքների բիլլում: Այն հետագայում իր արտացոլումը գտավ Անկախության մասին 1789 թվականի ամերիկյան հռչակագրում, ինչպես նաեւ Մարդու եւ քաղաքացու իրավունքների մասին նույն թվականի ֆրանսիական հռչակագրում: Վերջինս բովանդակում է սահմանադրականության հոյակապ բանաձեւում, շեշտելով, որ «Այն հասարակությունը, որում ապահովված չեն իրավունքի երաշխիքները եւ չկա իշխանությունների տարանջատում, չունի Սահմանադրություն»:
Ձեւավորվում էր պետական-հանրային կյանքի կազմավորման նոր տրամաբանություն, որի առանցքն իրավունքի կարեւորումն ու իշխանության սահմանափակումն էր: Հակոբ եւ Շահամիր Շահամիրյանները դեռեւս 1773 թվականին ապագա անկախ Հայաստանի համար գրվող Սահմանադրությունը պարզապես անվանեցին «Որոգայթ փառաց»՝ անվան մեջ ամփոփելով սահմանադրական կարգավորումների ողջ իմաստն ու տրամաբանությունը:
 Սնվելով սահմանադրական իրավամտածողության այդ ակունքներից՝ ազատական-իրավական զարգացումներն աստիճանաբար կյանքի կոչեցին դեռեւս վաղ միջնադարում ճանաչում գտած այն հանճարեղ ընդհանրացումը, որ եթե մարդկային կյանքի օրենքները չեն բխում բնական իրավունքից, բնության օրենքներից, ապա դրանք օրենքներ չեն, այլ դրանց այլասերումը: Արեւմտյան քաղաքակրթությունների համար գաղափարաբանական այդ հենքի վրա առաջընթացի գլխավոր ու մնայուն երաշխիքը դարձավ հասարակության ժողովրդավարական ներուժի խելամիտ իրացումը:
Նախորդ հազարամյակն իր հետ բերեց ինչպես շրջադարձային բազում լուծումներ, այնպես էլ համակարգային աննախադեպ հակամարտություններ ու փլուզումներ, որոնք տասնյակ երկրների համար սահմանադրական նոր լուծումների անհրաժեշտություն թելադրեցին: Դրա վերջին երկու մեծ ալիքները ծավալվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից եւ ապա՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: Երկու դեպքում էլ զարգացումները գնացին պատմականորեն քննություն բռնած եւ այլընտրանք չունեցող արժեհամակարգային միեւնույն ուղիով՝ սահմանադրական ժողովրդավարություն հաստատելու անհրաժեշտության գիտակցման եւ երաշխավորման ճանապարհով:
Սահմանադրական օրենսդրության ձեւավորման նորագույն պատմությունը Հայաստանում վերսկսվում է 20-րդ դարի սկզբին՝ հայոց պետականության վերածննդով, եւ շարունակվում է մինչեւ մեր օրերը: Այն անցել է երեք պատմական փուլ, որոնցից յուրաքանչյուրին, բնականաբար, հատուկ է սահմանադրական իրավունքի որակական իր տիպը:
Նորանկախ Հայաստանի Հանրապետությունն իր առաջին քայլերն սկսեց ազգային-պետական իրավական համակարգն ամուր ու որակապես նոր հիմքերի վրա դնելու փորձով: Առաջին նման փաստաթուղթը 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված՝ Հայաստանի անկախության մասին հռչակագիրն էր: Հռչակագրի նախապատրաստման ու տարբեր նախագծերի համադրման համար ստեղծվեց հատուկ խորհրդարանական հանձնաժողով: Վերջինիս աշխատանքի բնույթը, ներկայացված տարբեր նախագծերի քննարկման ընթացքը շատ ընդհանրություններ ունեին հայկական իրականության մեջ հրավիրված սահմանադիր ժողովների հետ՝ առաջին հերթին հասարակական համաձայնության մթնոլորտի ապահովման առումով: Պատահական չէր, որ Հռչակագիրն ընդունվեց մեծ խանդավառությամբ:
Բովանդակային առումով Անկախության հռչակագիրը հայ սահմանադրական մշակույթի պատմության մեջ որակապես նոր էջ բացեց: Այն հիմնարար, հետեւողականորեն համակարգված, պատմատրամաբանական խոր ընդհանրացումներ բովանդակող, ազգային ինքնության առաջնահերթությունները հաշվի առնող, միջազգային սահմանադրաիրավական զարգացումների ընդհանուր տրամաբանությունից ելնող նորմերի ու սկզբունքների համակարգային ամբողջականություն է, որը երբեք չի կորցնի իր թե՛ պատմական եւ թե՛ իրավական-արժեբանական նշանակությունը:
Այս հիմքի վրա Հայաստանի նորանկախ Հանրապետությունը ձեռնամուխ եղավ երկրի Հիմնական օրենքի մշակմանը պատմական մի այնպիսի ժամանակահատվածում, երբ համակարգային փլուզման դժվարությունները մեզանում ուղեկցվում էին պատերազմի իրողությամբ, բնական աննախադեպ աղետի ավերիչ հետեւանքներով, վերարտադրական խոր ճգնաժամով, որոնք իրենց բնորոշ կնիքն էին դրել երկրի հանրային-քաղաքական կյանքի ու իրավական գործընթացների վրա: Այսուհանդերձ, Սահմանադրական հանձնաժողովին հաջողվեց՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, աշխատանքային խմբի, հատկապես Էդվարդ Եգորյանի ակտիվ ջանքերով, ի մի բերել բազմաթիվ նախագծերում արված առաջարկությունները եւ հանրաքվեի ներկայացնել Գերագույն Խորհրդի հավանությանն արժանացած մի նախագիծ, որը շրջադարձային եղավ մեր երկրի իրավական կյանքում: Ընդունված Սահմանադրության մեծագույն առաքելությունը եղավ այն, որ մեր պետականության կայացմանն անշրջելի լիցք հաղորդեց, դրսեւորվեց որպես բարդագույն իրավիճակները համակարգային փոխկապվածության մեջ հաշվի առած ու երկրի սահմանադրական կայունությունը երաշխավորող Հիմնական օրենք: Մի շարք անցումային երկրների դա չհաջողվեց հիմնականում այն պատճառով, որ սահմանադրական մակարդակում չապահովվեց պետական մարմինների ապալեգիտիմացման վտանգի կանխումը:
Բնական էին նաեւ սահմանադրական զարգացումների հետագա քայլերը մեր երկրում, որոնք համարժեք էին հանրային կյանքի զարգացումներին, Հայաստանի միջազգային ինտեգրման խորացմանը, ստանձնած միջազգային պարտավորություններին, իրավունքի գերակայության երաշխավորման հրամայականներին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու տարբեր քաղաքական ուժերի նախաձեռնությունները սահմանադրական զարգացումների ուղղությամբ հանգեցրեցին 2005թ. բարեփոխումներին, որոնց արդյունքում սահմանադրական մի շարք լուծումներ երկրում իրավունքի գերակայության հաստատման կարեւոր նախադրյալներ ստեղծեցին:
Երկրում սահմանադրական զարգացումներն անհրաժեշտ ու հավասարակշռված դինամիկա պետք է ունենան: Դա բնական զարգացման տրամաբանությամբ է թելադրված: Սահմանադրությունը չի կարող դառնալ քարացած դոգմաների ժողովածու: Խորհրդանշական է հետեւյալ դիպվածը. Ալբերտ Էյնշտեյնը համալսարանում քննության ժամանակ ուսանողներին առաջադրում է այն նույն հարցերը, ինչով նրանք քննություն էին հանձնել նախորդ տարում: Ուսանողներից մեկը զարմանքով հարցնում է. դոկտոր Էյնշտեյն, չէ՞ որ սրանք նախորդ տարվա հարցերն են: Էյնշտեյնը պատասխանում է. միանգամայն ճշմարիտ եք, սակայն դրանց պատասխաններն ինձ համար այլեւս նույնը չեն:
Սահմանադրությունը կոչված է երաշխավորելու հանրային կյանքի դինամիկ հավասարակշռությունը, հանդես գալու որպես կենսագոյի հիմնարար կանոնների շուրջ շարունակաբար նորոգվող հասարակական համաձայնություն:
Սակայն սահմանադրական տեքստային լուծումները, դրանց բովանդակային զարգացումները դեռեւս բավարար չեն: Էականն այդ լուծումների ու իրական կյանքի միջեւ անջրպետի հաղթահարումն է, որն այսօր դարձել է մեր պետական օրակարգի առանցքային խնդիրներից մեկը:
Սահմանադրությունից՝ սահմանադրականություն, իրավական, ժողովրդավարական պետության կարգախոսից՝ քաղաքացիական հասարակության կայացում՝ սրանք ոչ միայն նպատակ, այլեւ կոնկրետ խնդիրներ են, որոնք կանգնած են մեր երկրի առջեւ եւ նույնքան կոնկրետ լուծումներ են պահանջում:
Սահմանադրությունը եւ սահմանադրականությունը չեն կարող դիտարկվել միայն նեղ իրավական առումով, պրագմատիկ իրավահարաբերությունների կամ վերացական հասկացությունների համատեքստում: Թե՛ մեկը եւ թե՛ մյուսը խոր մշակութային երեւույթներ են, ունեն արժեհամակարգային փոխպայմանավորված ամուր արմատներ, դրանց իմաստավորման, ընկալման ու ճանաչողության քաղաքակրթական հստակ կողմնորոշիչներ ու մակարդակ: Այդ փոխլրացման շրջանակներում է, որ սահմանադրական մշակույթն իր հերթին պայմանավորում է սահմանադրական ժողովրդավարության մոդելի, դրա զարգացման ռազմավարության ընտրությունը:
Յուրաքանչյուր ազգի մշակույթը նրա իմաստավորված գոյությունն է, արժեվորված ներկայությունը ժամանակի մեջ: Յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի սահմանադրականության արժեքային կողմնորոշիչները պայմանավորված են նրա սոցիալ-մշակութային դիմագծով եւ թելադրում են կոնկրետ սահմանադրական լուծումների առանձնահատկությունները:
Սահմանադրականությունն իր հերթին սահմանադրական արժեքների համակարգային ու իմաստավորված առկայությունն է հանրային կյանքում, անհատի սոցիալական վարքագծի բոլոր դրսեւորումներում: Խնդիրը հանգում է ոչ թե Սահմանադրության պարզապես կիրառմանը, այլ այն սոցիալական համակարգի ձեւավորմանը, որում Սահմանադրությունն իրացվում է այդ համակարգի յուրաքանչյուր բջջի կողմից՝ որպես դրա գոյության կենսապայման, որտեղ սահմանադրական նորմատիվ բնույթի արժեքներն իրական կյանքի կանոն են դառնում:
Պետականության կայացումը տեւական ու դժվարին գործընթաց է: Համակարգային ամեն մի սխալ վերարտադրվող շղթա կարող է դառնալ ու ավերիչ հետեւանքներ ունենալ՝ առավել եւս, եթե դա վերաբերում է արժեբանական կողմնորոշումներին: Հայաստան պետության համար առանցքային խնդիր է իրավական ողջ համակարգը սահմանադրական արժեբանությանը ներդաշնակելը, թե՛ իրավաստեղծ քաղաքականության մեջ եւ թե՛ իրավակիրառ պրակտիկայում սահմանադրական հիմնարար արժեքների ձեւախեղումներից խուսափելը, իրավունքի գերակայության կայուն երաշխիքներ ապահովելը: Անառարկելի ճշմարտություն է, որ այնտեղ, որտեղ իրավունքը հանդես է գալիս առանց ժողովրդավարության, սկիզբ է առնում դիկտատուրան, իսկ ժողովրդավարությունն առանց իրավունքի՝ պարզապես ֆարս է: Մեր պետության սահմանադրական անձնագրի անփոփոխելի բնութագրիչն է իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կայացումը: Այս որակներն օրգանական ամբողջականություն են եւ թելադրում են համարժեք վարքագիծ թե՛ պետության եւ թե՛ քաղաքացիական հասարակության կողմից: Յուրաքանչյուր շեղում այդ որակներից՝ սպառնալիք է մեր ապագային ու մեր ազգային անվտանգությանը:
Մեր պետական կյանքի տասնհինգամյա սահմանադրական տարեգրությունը վկայում է, որ որքան էլ մեծ է եղել Սահմանադրության դերը հանրային խոր ճգնաժամերից խուսափելու համար, այսուհանդերձ, շարունակում է զգալի մնալ խզումը Սահմանադրության եւ սոցիալական իրականության միջեւ: Այս երեւույթը բնորոշ է անցումային բոլոր երկրներին, որոնք օբյեկտիվ իրողություններից ելնելով ընտրեցին մոդելային սահմանադրությունների արմատավորման ճանապարհը: Սակայն անցումագիտության ներկա ընդհանրացումները վկայում են, որ նման իրավիճակներում ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ հասարակական հարաբերությունների սահմանադրականացման, Սահմանադրության ինքնաբավությունը երաշխավորելու, սահմանադրականության, պառլամենտարիզմի ու արդարադատության նոր որակ ապահովելու համար: Արդի մարտահրավերներին համարժեք արձագանքի հրամայականը պահանջում է պետության եւ քաղաքացիական հասարակության փոխգործակցության որակապես նոր մակարդակ, առավել ակտիվ համակարգված քայլեր ժողովրդաիշխանության ամրապնդման ու սահմանադրական ժողովրդավարության հաստատման ճանապարհին:
Ինչ են հուշում պատմության դասերը եւ սահմանադրական զարգացումների միջազգային փորձը՝ հայ սահմանադրականության զարգացման ներկա հիմնախնդիրների հոլովույթում: Դրանք, մասնավորապես, թելադրում են, որ.
– առանց հանրային կյանքի խելամիտ իմաստավորման, ինչպես վկայում էր մեծ Քերթողահայրը, չենք կարող «աշխարհական կարգերի գիտություն ձեռք բերել եւ քաղաքական կարգեր սովորել»,
– առանց հասարակական համաձայնության, փոխվստահության, հանդուրժողականության ու քաղաքացիական համերաշխության՝ երկրում սահմանադրականության հաստատումն անհնարին է,
– սահմանադրական արժեքներն ապրող իրողություն կարող են դառնալ միայն ու միայն այն ժամանակ, երբ դրանք գիտակցված անհրաժեշտություն են թե՛ պետական իշխանության եւ թե՛ հասարակության յուրաքանչյուր անդամի համար,
– հասարակության անդամների ու պետական ինստիտուտների սահմանադրական իրավագիտակցության միջեւ եղած աններդաշնակության հաղթահարումը վճռորոշ պայման է երկրում սոցիալական անհամաձայնությունների ու հնարավոր կատակլիզմների հաղթահարման համար,
– սահմանադրական իրավական պետության գերագույն խնդիրը պետք է լինի իրավունքի երաշխավորումը, ապահովումն ու պաշտպանությունը եւ իշխանության սահմանափակումը,
– առանց սահմանադրական կայունության՝ երկրում դինամիկ ու առաջընթաց զարգացում երաշխավորելն անհնարին է,
– Սահմանադրությունը չի կարող դիտվել որպես իրավական գործիք պետական իշխանության ձեռքում, այն քաղաքացիական հասարակության Հիմնական օրենքն է, ու առաջին հերթին սահման է դնում իշխանությանը եւ երաշխավորում է մարդկանց բնական իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Սահմանադրության գերակայության երաշխավորումը ողջ պետական իշխանության գերագույն խնդիրն է: Այս հարցում կարեւոր դեր է վերապահվում նաեւ սահմանադրական դատարաններին: Դատական սահմանադրական վերահսկողությունը մեր երկրում ոչ միայն կայացել, այլեւ միջազգային լայն ճանաչում է ստացել: Էապես մեծացել է նաեւ սահմանադրական դատարանի ներազդեցությունը ներպետական սահմանադրաիրավական զարգացումների վրա: Միայն վերջին երկուսուկես տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ծավալուն իրավական դիրքորոշումների հիման վրա որոշումներ է կայացրել ավելի քան 160 գործերով, որն ավելին է, քան Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Լատվիայում, Լիտվայում եւ Մոլդովայում՝ միասին վերցրած: Ընդ որում, 29 գործով վեճի առարկա օրենքների դրույթները ճանաչվել են Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, որը նույնպես միջազգային չափանիշներով գրեթե աննախադեպ է: Նման իրավիճակի համակողմանի վերլուծությունը՝ թե՛ դրականի եւ թե՛ բացասականի առումներով, սահմանադրական դատարանը ներկայացրել է վերջին երկու տարիների իր տարեկան հաղորդումներում:
Սահմանադրական ախտաբանության ու վերահսկողության համակարգը մեզանում հետագա զարգացման անհրաժեշտություն ունի: Վերջին սահմանադրական զարգացումները միայն կիսաքայլ էին այս ուղղությամբ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Արեւմտյան Եվրոպայի բազմաթիվ այլ երկրների տասնամյակների փորձը վկայում է, որ այս ոլորտում համակարգային բացերն անհամատեղելի են իրավական պետության կայացման հիմնարար սկզբունքների հետ: Գործառույթ- ինստիտուտ- լիազորություն շղթայի դինամիկ ներդաշնակությունն է սահմանադրական վերահսկողության արդյունավետության հետագա բարձրացման, մարդու սահմանադրական իրավունքների անմիջական գործողության ու Սահմանադրության գերակայության ապահովման գլխավոր երաշխիքը:
Այս հիմնախնդիրը համակողմանի քննարկման առարկա կդառնա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ 2010թ. հոկտեմբերին Երեւանում հրավիրվող միջազգային խորհրդաժողովում, որը նվիրվում է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին:
Սահմանադրության գերակայության երաշխավորումը սահմանադրական նորմատիվ պահանջ է եւ բխում է առաջին հերթին Սահմանադրության արժեբանական կողմնորոշիչներից ու սահմանադրական կարգի հիմունքների հիմնարար սկզբունքներից: Չափազանց կարեւոր է, որ օրերս, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի ստեղծման քսանամյակի կապակցությամբ հղած իր ուղերձում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ի մասնավորի, շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության համար բարձրագույն արժեքներ են մարդկային արժանապատվությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, անխտրականությունը, բազմակարծությունը, հանդուրժողականությունը, համերաշխությունը, մարդու իրավունքների հարգումը, որոնց արմատավորումը մեր պետական օրակարգի առաջնահերթություններից է:
Դրանք՝ որպես նաեւ սահմանադրականության անկյունաքարային արժեքներ, պահանջում են անհետաձգելի իրացում՝ մեր երկրի յուրաքանչյուր բնակչի համար Սահմանադրությունն օր առաջ դարձնելով ապրող իրողություն:
Հանդիսավոր արարողության հարգարժան մասնակիցներ,
սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ մեզ բոլորիս, Հայաստանի Հանրապետության բնակչությանը, ողջ հայ ժողովրդին Սահմանադրության 15-ամյակի կապակցությամբ եւ ավարտում խոսքս՝ հիշեցնելով Մեծ Պատմահոր պատգամը՝
չվրդովեցնենք երկրում ու մեր ներսում խաղաղությունը,
խուսափենք տգիտությամբ չարափառության հաստատումից,
հավատարիմ մնանք մեր առաքելական հավատքին,
Սահմանադրությամբ հաստատենք ողորմածությունը Հայաստան երկրում:
Սրանք մեր պատմական ճակատագրի հրամայականներն են եւ յուրաքանչյուրիս պարտքն ու պատասխանատվությունը սերունդների առջեւ:
Այլընտրանք՝ պարզապես գոյություն չունի:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել