Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՆԴՎԱԾ ԵՆ ՀԱՎԱՏՆ ՈՒ ԳԱԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հուլիս 07,2010 00:00

ԳԱԱ ինստիտուտներից շատերի շենքերը վթարային վիճակում են

\"\"Հովսեփ Արղության 2-րդ նրբանցք, 10 տուն հասցեում գտնվում է ՀՀ ԳԱԱ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը: 50-ամյա պատմություն ունեցող այս հաստատությունում նախկին շուրջ 300 աշխատակցի փոխարեն այժմ աշխատում է 111-ը, իսկ ինստիտուտի 4 մասնաշենքերը հեռու են բարեկեցիկ լինելուց: Ինստիտուտի տարածքի առյուծի բաժինը այժմ չի պատկանում գիտական հաստատությանը: Այդ հատվածում կառուցվել է մի բարձրահարկ բնակելի շենք, իսկ դրա կողքին շուտով վեր կխոյանա եւս մեկը: Մեր տեղեկություններով՝ այս շենքերը կառուցում է  իրանական մի ընկերություն:
«Առավոտը» երեկ այցելեց ինստիտուտի տարածք: Սկզբում մեզ «դիմավորեցին» բարձրահարկ \"\"«էլիտարների» հողն ու փոշին, այնուհետեւ ինստիտուտի գողտրիկ այգին, որը, ցավոք, ոռոգման խնդիրների պատճառով սկսել է չորանալ: «Առավոտի» ֆոտոխցիկը ֆիքսեց ինստիտուտի շենքային «կնճռոտ» կողմերը: Տնօրեն Նիկոլայ Կնյազյանը հաճախ չէր էլ ցանկանում դժգոհել՝ հույս չունենալով, որ դրանից ինչ-որ բան կփոխվի: Այնուամենայնիվ, խնդրեցինք մանրամասնել ինստիտուտի հրատապ խնդիրների մասին: Նա նշեց. «Հրատապ է ինստիտուտի տարածքի ցանկապատումը: Քանի որ ջեռուցում չկա, բոլոր մասնաշենքերը նմանվել են այն բնակարանին, որտեղ երկար ժամանակ մարդ չի ապրել՝ ամենուրեք բորբոս է»: Համեմատաբար բարվոք վիճակում է ինստիտուտի վարչական մասնաշենքը, ծայրահեղ՝ գրադարանային մասնաշենքը, որտեղ լուսամուտները, տնօրենի խոսքով, ծառայում են միայն լույսի մուտքի համար, ոչ թե ցրտից կամ շոգից պաշտպանելու: Դառնալով 4-րդ մասնաշենքի՝ դեռեւս լուծման հեռանկար չունեցող խնդիրներին՝ պարոն Կնյազյանը նշեց. «Թերմիկ դահլիճի տանիքը հիմնանորոգման կարիք ունի. անընդհատ կաթում է:  Թերմիկ դահլիճը հնարավորություն կտար մեծամասշտաբ փորձնական աշխատանքներ կատարելու, քանի որ այնտեղ ծավալային վառարաններ եւ սարքավորումներ կան: Դահլիճում մտադրություն ունենք կապակցող նյութերի արտադրություն դնել, ինչը կապված է փոքր քիմիայի հետ, որը էկոլոգիապես մաքուր է, արտանետումներ չկան»: Խնդիրներից բացի, լրացուցիչ անհանգստություն են առաջացնում նորակառույց բնակելիները: Պարոն Կնյազյանը այս մասին ասաց. «Սա նույնն է, ինչ հաստոցաշինական գործարանի կողքին մանկապարտեզ կառուցեն, այնինչ՝ համապատասխան գոտի պիտի լիներ, որ պաշտպաներ ոչ միայն աղմուկից, այլեւ ամեն ինչից: Օրինակ՝ Մոսկվայի եւ ՌԴ-ի այլ տարածքների գիտական կենտրոնները  կառուցում են մեծ տարածքներում, անտառային գոտիներում, ուստի արդյունքներն էլ են այլ… Ոչ միայն մեր շինություններն են քանդված, այլեւ մի փոքր հավատը՝ ապագայի նկատմամբ»:
Թե այս իրավիճակը ե՞րբ կփոխվի՝ դժվար է ասել, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ տարեկան բյուջեն կազմելիս ԳԱԱ-ից ինստիտուտներին, այսպես ասած, հրահանգ է իջեցվում, որ «այլ ծախսերին» հանկարծ չդիպչեն, քանի որ վստահ են՝ կառավարությունից, միեւնույն է, այս առումով հաստատ ավելի գումար չեն տրամադրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել