Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՄԻԱԿՆ Է

Հուլիս 14,2010 00:00

\"\"Ի լուր բոլորի հայտարարում է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, թեեւ նա ժամանակին դժգոհ էր Կոնգրեսի պասիվ պահվածքից:

«Անցյալ պառլամենտական ընտրություններից հետո «Ժառանգության» հետ որեւիցե կապի, համագործակցության մասին խոսք լինել անգամ չի կարող, որովհետեւ այն ժամանակ ես տեսա, որ իրենք նեղ շահերի ետեւից են գնում, եւ արդեն պարզ դարձավ, իրենք ասացին, որ այս հանցավոր ռեժիմի հետ փորձելու են երկխոսության գնալ: Ամեն մեկն ինքն է որոշում իր տեղը եւ բախտը հասարակությունում, քաղաքական կյանքում: Յուրաքանչյուրն ինքն է կերտում իր տեսակը, իմիջը, անելիքները: Այդ ճանապարհը, ցավոք, ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանը. ցավով եմ ասում, որովհետեւ որոշակի հարգանք կար, Աստված իրենց հետ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» համագումարին եւ համագումարում տեղի ունեցածին՝ ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Մեր զրուցակիցը ծիծաղելի է համարում իր կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանին համագումարի հրավիրելը. «Վարդանը հասուն մարդ եւ գործիչ է, երբեւիցե իր կուսակցությանն ու ընկերներին չի դավաճանի: Նա հստակ հայտարարել է, եւ դա մեր կուսակցության դիրքորոշումն է՝ մեզ համար կա Հայ ազգային կոնգրես, մենք ակտիվ մասնակցելու ենք նրա հզորացմանն ու ուժեղացմանը: ՀԱԿ-ը միակ մարմինն է, որն այս բարդ իրավիճակում կարող է ստանձնել առկա խնդիրների լուծումը, միակ կառույցն է, որի ինտելեկտուալ, կազմակերպչական եւ հնարավորությունները, եւ փորձառու մասնագետները ի զորու են այդ բեռն իրենց ուսերին կրել»:

Ըստ պարոն Մարգարյանի, քաղաքական իմաստով ամառը հանգիստ կլինի, բայց աշնանը աշխուժացումներն անխուսափելի է համարում. «Մադրիդյան այդ նորացված փաթեթը աշնանը սեղանին կդրվի, նախ՝ երկու, ապա հինգ շրջանների վերադարձի հարցը, զորքերի դուրսբերումը, Արցախի կարգավիճակի հարցը: Ձգելու տեղ արդեն չկա, ժամանակի առումով լիմիտը սպառվել է»: Այս առումով մեր զրուցակիցը, ով մոտ մեկ տարի առաջ քննադատում էր Կոնգրեսին պասիվ պահվածքի համար, այժմ ճիշտ է համարում ՀԱԿ-ի որդեգրած դադարի ռեժիմը, որովհետեւ գտնում է, որ հարկ չկա «ժամանակից շուտ նորից ժողովրդին տանել այս հանցավոր ռեժիմի կրակի առջեւ կանգնեցնել. պարտվողականության պաշարները սպառվել են, արտաքին քաղաքական ոլորտում էլ մեր իշխանությունների դիմակը լրիվ պատռվեց՝ Թուրքիայի հետ հարաբերություններ լավացնելու նախաձեռնողականության արդյունքում: Արդեն իշխանություններն իրենք են խոսում այն մասին, որ հարյուր հազարավոր մարդիկ լքում են Հայաստանը, եւ դեմոգրաֆիկ խնդիրներ կան, սոցիալական ոլորտում էլ սրանից վատը էլ չի լինում, հետեւաբար մանյովրելու հնարավորություններն էլ են սպառվել»: Ըստ մեր զրուցակցի, այն, որ Ադրբեջանում այժմ բավականին աշխույժ աշխատանք է տարվում փախստականների հաշվառման եւ վերադարձի նախապատրաստման առումով, հենց ապացույցն է իր կանխատեսման: Բայց այն, որ հայաստանյան կողմը միայն վերջին մեկ տարում է սկսել խոսել ադրբեջանահայ փախստականների մասին, այն էլ՝ երբեմն-երբեմն, մեր զրուցակցին արդեն չի զարմացնում, քանի որ նախորդ եւ ներկայիս նախագահների վարած քաղաքականությունը, նրա համոզմամբ, մշտապես բխել է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից: Ավելին՝ «Ո՞նց կարող են խոսել կես միլիոն ադրբեջանահայ փախստականների մասին, երբ հայ մարդը սեփական երկիրն է լքում: Նման գործունեության արդյունքում ոչ թե արտաքին գործերի նախարարը պետք է հրաժարական տա, այլ նախագահը՝ իր նախարարներով, կանգնի դատարանի եւ ժողովրդի դատի առջեւ: Ինչքա՞ն կարելի է երկրի շահը դնել հանուն սեփական հարստացման»:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին Հայաստան, որից հիացած էին իշխող քաղաքական ուժերը, Գառնիկ Մարգարյանը նկատում է, որ Արեւմուտքը երբեւիցե մտահոգ չի եղել եւ չի լինի մեր խնդիրներով, մեր երկրի ծանր իրավիճակով՝ լինի տնտեսական, քաղաքական, թե բարոյական, քանի որ մեր երկրում առկա ծանր իրավիճակի հիմքերը, նրա համոզմամբ, դրել է հենց Արեւմուտքը՝ ելնելով իր ստրատեգիայից՝ ինչպես Իրաքում, Աֆղանստանում, Վիետնամում, Հարավսլավիայում եւ տասնյակ այլ կենտրոններում. «Իշխանավորները, ռեժիմի չինովնիկները հաճախ ոգեւորվում են էդ մի քանի դոլարով, որ տալիս է Արեւմուտքը, բայց բուն նպատակը այդ դոլարներով այս հանցավոր ռեժիմին պահելն է ու սեփական հարցերը լուծելը: Խնդիրը մեկն է՝ ով ավելի շուտ Կովկաս կմտնի՝ ՌԴ-ն, թե՞ ԱՄՆ-ը: Արցախյան հարցը 16 տարի շահարկել են, հիմա էլ են նույնն անում: Դա շատ վատ է: Այդ հարցը պետք է դրվի օրակարգ եւ լուծվի, բայց քանի դեռ ոչ լեգիտիմ իշխանություն է՝ կշարունակեն հարցը շահարկել, եւ որեւէ դրական լուծում ակնկալելն անիմաստ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել