Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ»

Հուլիս 22,2010 00:00

\"\"Կարծում է ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը

ԱԺ նախկին պատգամավոր, ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը այժմ իր ամառն անցկացնում է հայրենի Մեղրիում եւ մեր խնդրանքով ներկայացնելով քաղաքական տրամադրությունները Մեղրիում՝ ասաց. «Այդ տրամադրությունները այնպիսին են, ինչպես հանրապետության բոլոր բնակավայրերում, սոցիալական խնդիրները ավելի գերիշխող են, մարդկանց այսօր հետաքրքրում է օրվա ապրուստի խնդիրը: Սա է իրավիճակը, գումարենք, որ գյուղատնտեսական տարին անբարենպաստ էր, աշխատատեղեր չկան: Սա է»: ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածը, որում ասվում է՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ոչինչ դեպի լավը չի գնալու, պարոն Հարությունյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Ես ինքս բուն ելույթին ծանոթ չեմ, բայց եթե նման ձեւակերպում է եղել, ապա, բնականաբար, այստեղ ոչ մի նոր բան չկա, իրականում այդպես է: Բայց Ղարաբաղի հարցը ի՞նչ կապ ունի մարտի 1-ի հետ, Ղարաբաղի հարցը ի՞նչ կապ ունի քրեա-օլիգարխիկ համակարգի հետ: Անուղղակի կապեր կան, բայց այսօր ընդհանուր, համակարգային փոփոխություններ են հարկավոր, եւ այդ ամենը Ղարաբաղի հարցի հետ կապ չունի: Բայց, այո, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, հաղորդակցման ճանապարհները չբացվեն, Ջուլֆայի գիծը չբացվի, Թուրքիայի գիծը չբացվի, բնականաբար, եթե մենք կունենանք, ասենք, 2 տոկոս տնտեսական աճ, ապա այս հարցերը լուծելուց հետո, հաստատ, մենք մի քանի անգամ ավելի շահեկան վիճակում կլինենք»: Սամվել Նիկոյանը մեր թերթի հետ զրույցում ասել էր, թե՝ հայտարարելով, որ ՀԱԿ-ը չի միջամտի եւ չի խառնվի Ղարաբաղի հարցին, ՀԱԿ-ն այդպիսով իշխանությանը զրկում է ընդդիմության գործոնից, մինչդեռ միշտ էլ իշխանությանը հարկավոր է եղել ընդդիմության խոսքը, որպեսզի բանակցային գործընթացներում դա օգտագործվի: Մեր զրուցակիցը Հանրապետական պատգամավորի այս դիտողությանը ի պատասխան՝ երեկ նկատեց. «Էլ ի՞նչ են ուզում, իրենք իրենց համար արհեստական ընդդիմություն են ստեղծել եւ այս գործոնը իրենց ուզած ձեւով օգտագործում են»: Մեր ճշտող հարցին՝ ո՞ր քաղաքական ուժին նկատի ունի, պարոն Հարությունյանն ասաց. «Դուք շատ լավ գիտեք, դե, կոալիցիայի ինչ-որ ուժի՝ Դաշնակցություն կլինի, «Օրինաց» կլինի, մի օր կարող է «Բարգավաճ» լինել: Բայց ի՞նչ է պատահել, մենք բազմիցս ենք հայտարարել, որ եթե Ղարաբաղին վտանգ սպառնա, մենք լինելու ենք առաջին գծում («մենք» ասելով Գրիգոր Հարությունյանը նկատի ունի ՀԱԿ-ը- Մ. Ե.), այսինքն՝ ի՞նչ են ուզում անել, մենք վեր կենանք հակաթուրքական ցույցե՞ր անենք»: Մեր դիտարկմանը՝ իսկ ինչո՞ւ՝ ոչ, ինչո՞ւ ձեռքները ծալած նստել եւ սպասել, թե երբ կարող է վտանգ ստեղծվել Ղարաբաղի համար, ինչո՞ւ չմիջամտել նախապես, չօգնել իշխանություններին, պարոն Հարությունյանն ասաց. «Մենք բազմիցս ենք ասել, թե ինչ է պետք անել: Որպեսզի իշխանությունը չասի՝ թե էս ծանր վիճակում դեռ ընդդիմությունն էլ մեզ մյուս կողմից է նեղում, մենք ասացինք՝ ձեզ չեզոք միջանցք ենք տալիս, հնարավորություն ենք տալիս, գնացեք-աշխատեք»:
ՀԺԿ վարչության քարտուղարը Ղարաբաղի հարցի կարգավորման այս փուլը գնահատեց «սովորականից մի քիչ արագացված» եւ ասաց, թե ճնշումներ, իհարկե, կան, բայց եւ այնպիսի իրավիճակ չէ, որ հարցը մոտ ապագայում է լուծվելու, առայժմ, ըստ նախկին պատգամավորի, շուտափույթ լուծման վտանգ չկա: Մեր զրուցակիցը կողմ է հարցի լուծմանը. «Կարծում եմ՝ հարցն ինչքան շուտ լուծվի, այնքան մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի: Չեմ կարծում՝ հարցի լուծումը ձգձգելով մենք շահեկան վիճակում ենք: Սա իմ անձնական կարծիքն է: Բայց հարցի շուտափույթ լուծում ասելով ես չեմ հասկանում կապիտուլյացիա: Որքան էլ շուտափույթ, ամեն դեպքում կարգավիճակի, անվտանգության հետ կապված հարցերը միանշանակ պետք է առաջնային լինեն»:
ՀԺԿ վարչության քարտուղարին հարցրինք նաեւ՝ արդյոք ՀԺԿ-ն, դառնալով ՀԱԿ-ի մաս, չկորցրե՞ց իր քաղաքական դիմագիծը, իր երբեմնի տեղն ու դերը հայաստանյան քաղաքական կյանքում: Գրիգոր Հարությունյանը, իհարկե, փորձեց ցրել մեր կասկածները եւ ասաց. «Չէ, մենք, բնականաբար, ոչինչ չենք կորցրել, շատ հարցերում հենց ՀԱԿ-ի ներսում մենք եղել ենք ընդդիմադիր, շատ հարցերում մեր անհամաձայնությունն ենք հայտնել: Տարբեր առիթներով այս ամենը եղել է: Ամեն դեպքում, ՀԱԿ-ի ձեւավորումը ես համարում եմ ճիշտ, եւ այդ կարծիքին է նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը»: 2012-ի խորհրդարանական ընտրություններին ՀԺԿ-ի մասնակցության ձեւի մասին հարցին պատասխանելով էլ՝ ՀԺԿ վարչության քարտուղարն ասաց. «Ժամանակը կգա, կտեսնենք՝ ինչ գործընթացներ կլինեն, կորոշենք: Որ մասնակցելու ենք, դա միանշանակ է, թե ինչ ձեւաչափով՝ ժամանակը ցույց կտա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել