Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԵՐԿՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՔՈՂԱԾԱԾԿՈՒՅԹ ԷԻՆ

Հուլիս 22,2010 00:00

\"\"Օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնությունն ընդամենը Հայաստանի կառավարության նահանջն է ռուսական լոբբինգի առջեւ:

Հունիսի 6-ին «BarCamp 2010»-ում ունեցած ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնության մասին ասել էր. «Օրակարգում կա հետեւյալ խնդիրը՝ թույլ տա՞լ այդ երկու դպրոցներին Հայաստանում աշխատել, թե՞ ոչ: Եթե օրենքում փոփոխություն չենք անում՝ թույլ չենք տալիս: Հիմա կա մի հատ մե՜ծ քննադատական ալիք, որը բացարձակապե՛ս կապ չունի այս նախաձեռնության հետ՝ դուք ուզում եք ազգային դպրո՜ցը տապալել, դուք հայ մտածողության վրա քա՜ր եք գցում… Աշխարհում ինչ մեղքեր կա՝ բարձրացնում ու կառավարության վրա են գցում: Մենք այդպիսի ցանկություն ու նպատակ չունեինք՝ տապալել հայկական մտածողությունը եւ այլն: Ընդամենն ուզում էինք թույլ տալ մի փոքրիկ պատուհան բացել, որ աշխարհում ընդունված այսպիսի քոլեջները Հայաստանում էլ լինեն: Ընդամենն այդքանը»:
Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու էր այդ փոքրիկ պատուհանի փոխարեն կառավարությունն օրինագծի առաջին տարբերակով նախատեսել լայնորեն բացված դարպաս, ըստ որի՝ որեւէ սահմանափակում չէր լինելու Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելու համար: Այս անգամ միայն հիշեցնենք, որ վարչապետի ելույթից ուղիղ 1 ամիս անց այդ դպրոցներից մեկի՝ Թաիլանդում ու Միացյալ Թագավորությունում «Ռեջենտի դպրոցի» նախագահ Վիրաչայ Թեչավիջիթին հայտարարեց. «Տեսանելի ապագայում Հայաստանում «Ռեջենտի դպրոցի» մասնաճյուղի հիմնադրման պլաններ չկան», նաեւ հավելեց. «Կարծում եմ, որ չափազանց վաղ է Հայաստանում նման միջազգային դպրոցի հիմնումը եւ այն չի ունենա այնպիսի էական առավելություն, որը կարդարացներ առկա լուրջ մտահոգությունները»: Իսկ հուլիսի 14-ին արդեն «Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողները հայտարարեցին. «Նախագծի շուրջ բացասական ֆոնի պատճառ դարձած օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ չէին նախագծի հաջող իրականացման համար: Սակայն ներկայիս ընթերցմամբ օրենքը ՀՀ քաղաքացիներ հանդիսացող աշակերտների համար կդժվարացնի մեր դպրոցում ավարտուն միջնակարգ կրթության ստացումը՝ հետագայում ՀՀ բուհերում ուսումը շարունակելու նպատակով: Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը»:
Փոխված այս վիճակի պայմաններում, երբ արդեն ակնհայտ է, թե այն խնդրի լուծումը, որի համար իբր նախաձեռնվում էին այս փոփոխությունները, օրակարգից դուրս է գալիս՝ «Panorama.am»-ը հուլիսի 20-ին փորձել էր պարզել վարչապետ Տիգրան Սարգսյանի արձագանքը: Նրա օգնական Արամ Անանյանը ներկայացրել էր վարչապետի տեսակետը, այն է՝ հարցի վերաբերյալ հասարակությունում ընթացող քննարկումը կառուցվում է գաղափարական հիմքի վրա, եւ իրականում խնդիրը ոչ թե դպրոցներին է վերաբերում, այլ տարբեր աշխարհընկալումներին: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստանում կա 2 կարծիք. «Մարդիկ, որոնք նշում են, թե նման դպրոցների ու կրթական մեթոդիկաների առկայությունը Հայաստանում, ինչպես նաեւ կրթական հաստատությունների միջեւ մրցակցությունը կարելի է համարել առաջընթաց, ու մյուսները, որոնք այդպես չեն համարում»: Սրա հետ մեկտեղ վարչապետը խորհուրդ է տվել բոլորին մտածել՝ արդյոք հնարավո՞ր է ժամանակակից հասարակությունում արդյունավետորեն կառուցել ապագան առանց օտար լեզուների լավ տիրապետելու: Նկատենք, որ նման խորհրդի կարիքը չկա, քանի որ նախաձեռնության ամենամոլի հակառակորդներն անգամ երբեք չեն ժխտել լեզուների տիրապետելու անհրաժեշտությունը:
Պատահաբար՝ հենց նույն օրը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Երեւան տեսակամուրջ էր կազմակերպվել «Հայաստանում ռուսաց լեզվի ապագան» թեմայով, որի ընթացքում Կովկասի հարցերով փորձագետ, պատմաբան, գրող Անդրեյ Էպիֆանցեւը հայտարարեց. «Ամեն դեպքում՝ լեզուն ազդեցության շատ ուժեղ միջոց է», եւ այս համատեքստում դժգոհեց, որ ռուսական ազդեցության տարածքը փոքրանում է, եւ «ռուսական ավանդական ազդեցության գոտում հայտնվում են այլ խաղացողներ»: Ավելի ուշ հավելեց, որ իրենց «զուտ պրագմատիկ նկատառումներով պետք է՝ չէի ասի պրոռուսական, այլ բարեկամական Հայաստան: Ինձ համար, իհարկե, հետաքրքիր կլինի, եթե Հայաստանում լինի ռուսական վերնախավ: Գուցե՝ պրոռուսական վերնախավ, որի հետ կարելի է խոսել նույն լեզվով՝ ոչ միայն լեզվական, այլ նաեւ հասկացությունների առումով»: Եվ հույս հայտնեց, թե այս նախաձեռնության հետեւանքով ավելի շատ կլինեն ռուսական դպրոցները:
Թող չթվա, թե սա զուտ մի ռուս մտավորականի տեսակետ է: Հիշեցնենք, որ 2009 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ արեց օրենսդրորեն ամրագրել ռուսաց լեզվի կարգավիճակը ԱՊՀ-ում (https://www.vz.ru/news/2009/11/3/344806.html): Ավելի ստույգ՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Յակովենկոն կոչ արեց ռուսերենին տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ: «Էխո Մոսկվի» ռադիոկայանը նոյեմբերի 8-ին անգամ հատուկ քննարկում կազմակերպեց, թե արդյոք իրակա՞ն է ԱՊՀ նախկին երկրներում ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալը (https://www.echo.msk.ru/programs/speakrus/632492-echo): «Ռուսական աշխարհ» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովն այս քննարկման ընթացքում պատասխանելով հարցին, թե որքանով է իրական Ուզբեկստանում կամ Հայաստանում ռուսերենին տալ գոնե ինչ-որ պաշտոնական կարգավիճակ՝ ասել էր. «Կարծում եմ, Հայաստանում՝ ահա այս քաղաքական ղեկավարության պայմաններում, դա ավելի քան իրական է»:
Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 11-ին Երեւանում ՌԴ ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի բացման արարողության ժամանակ (https://newsarmenia.ru/arm1/20091211/42176448.html) հայտարարել էր. «Ավելորդ է խոսել այն մասին, որ ռուսերենը ոչ միայն մեր ընդհանուր անցյալի, այլ նաեւ մեր ընդհանուր ապագայի լեզուն է»: Նույն օրը հանրակրթական դպրոցներում ռուսերենի ուսուցիչների հայկական միավորման հիմնադիր համագումարում՝ ելույթում (https://www.golos.am/
index.php?option=com_content&task=view&id=52931&Itemid=53) Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե Հայաստանի ապագան բազմալեզու հասարակությունն է՝ հայերենի գերակայությամբ, ուստի կրթական բարեփոխումներով նախատեսվում է հանրապետությունում 40 հանրակրթական դպրոցների գործունեությունը, որոնք ունենալու են ռուսերենի դասավանդմամբ դասարաններ:
Այնպես որ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ճիշտ է. սա իրոք տարբեր աշխարհընկալման խնդիր է: Եվ մի կողմում Հայաստանի կառավարությունն է, որը միջազգային երկու դպրոցների հնարավոր բացումը՝ հիմա արդեն ակնհայտ է, պատրվակ դարձրեց բացարձակապես այլ խնդիր լուծելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել