Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Հուլիս 27,2010 00:00

Այս գործով տուժողը նույնպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ է

\"\"Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ: Այս քրգործում որպես տուժող ներգրավված է Հայ ազգային կոնգրեսի, թերեւս, այլեւս նախկին ակտիվիստ ու համակիր, նաեւ «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ, ժամանակին 4 տարվա ազատազրկման դատապարտված, ապա համաներմամբ ազատ արձակված Քրիստափոր Էլազյանը: Տարօրինակ ու աննորմալ կարող է թվալ, բայց փաստն այն է, որ այս գործով՝ Քրիստափոր Էլազյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվում են նույն ՀԱԿ-ի երկու անդամներ՝ Առաքել Սեմիրջյանը, որը մարտիմեկյան դեպքերից հետո ակտիվորեն զբաղվում է քաղկալանավորների ու տուժողների գործերով, նաեւ նախկին քաղկալանավոր, Արաբկիր համայնքի ԵԿՄ կառույցի ղեկավար, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանը: Ոստիկանության մեր աղբյուրների ասելով, այս գործով նախաքննություն է ընթանում, երեկ արդեն \"\"հարցաքննության հրավիրելու համապատասխան ծանուցում է փոխանցվել Հովհ. Հարությունյանին: Միջադեպը, որի առիթով քրգործ է հարուցվել, տեղի է ունեցել հուլիսի 19-ին, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում: Դրա մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ք. Էլազյանի մայրը՝ տիկին Կարինեն: Նրա ասելով, դեռ բանտում Քրիստը առողջական լուրջ խնդիրներ ուներ, որոնք իրենց զգացնել էին տվել նաեւ ազատ արձակվելուց հետո: Նա պարբերաբար շտապբուժօգնության կարիք է ունեցել, եւ ինքը բազմաթիվ անգամ, նաեւ այս տարվա հունիսին եղել է ՀԱԿ-ում եւ քաղբանտարկյալների խնդիրներով զբաղվող մարդկանց խնդրել ֆինանսապես օգնել որդուն՝ արտերկրում որակյալ բուժում ստանալու հարցում: «Ասացին՝ գումար չունենք: Լա՜վ լաց եղան, ափսոս՝ սավան չէի տարել, որ իրենց արցունքները սրբեի: Իսկ էն ժամանակ, երբ տղաները նստած էին, ասում էին՝ երբ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, նրանց փոխհատուցում կտրամադրվի նաեւ առողջական խնդիրները լուծելու համար: Մերժեցին: Կոնգրեսում էի նաեւ ճշտելու համար՝ Քրիստի գործը ԵԴ ուղարկվե՞լ է, թե՞ չէ: ՄԻԵԴ ուղարկվելիք գործերը ձեռքիս էին: Ասացին՝ հիմա Վարդանը (Քրիստի պաշտպան Վարդան Զուռնաչյանը) կգա, գործը կբերի: Ասացի՝ Վարդանին սպասել պետք չի, գործն իմ ձեռքին է: Նետեցին, թե՝ դե, կուղարկենք: Ի դեպ, ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա հստակ ոչինչ չգիտեմ՝ գործը, որն ասում էին, թե ԵԴ-ում պոտենցիալ հաղթող գործ է, ի վերջո, ուղարկվե՞լ է Ստրասբուրգ, թե՞ ոչ»,- փոխանցեց տիկին Կարինեն:
Հունիսի 19-ին, նրա ասելով, ինքն էր որդուն հորդորել էլի գնալ Կոնգրեսի գրասենյակ ու ճշտել՝ գործն իրո՞ք ուղարկվել է ՄԻԵԴ, եւ դրանք հաստատող համապատասխան վճարումների՝ 9000 դրամի ստացականները կա՞ն, թե՞ ոչ: «Քրիստը մտել է ՀԱԿ, որ Խաչատրյան Արմենին (Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ) տեսնի, վերջինս այնտեղ չի եղել: Քրիստն իջել է, ներքեւում մոտ երկու ժամ սպասել ու նորից է բարձրացել ՀԱԿ գրասենյակ: Ներս մտնելիս հանդիպել է Հովհաննես Հարությունյանին ու Առաքել Սեմիրջյանին: Նրանք էլ Քրիստին կանչել են սենյակներից մեկը, թե՝ արի, բան կա խոսելու, ու «էդ ի՞նչ է, մենք միլիոննե՞ր ենք կերել» ասելուց հետո սկսել են ծեծել»,- պատմեց տիկին Կարինեն: Ըստ նրա, Քրիստը հետո, տանն էր խոստովանել, թե իրեն հարվածելը անակնկալ է եղել, ինքը դրան չի սպասել եւ առաջին իսկ հարվածից հետո «նոկաուտի» մեջ է եղել: Աչքերի առաջ սեւացել են, իրեն կորցրել է, գլխից, դեմքից արյուն է հոսել: Հիշել է միայն, որ ինչ-որ մեկը բացել է սենյակի դուռն ու ասել՝ էս ի՞նչ եք անում: Դրանից հետո նրան էլ չեն ծեծել: Թե ինչպե՞ս է հայտնվել շենքի մուտքի մոտ՝ վատ է պատկերացրել. «Ստացվում է որ Քրիստին հա՛մ էս իշխանությունն է ծեծում, հա՛մ ընդդիմությունը: Ծեծելուց հետո նրան օգնություն ցույց չեն տվել, հետո էլ չեն հետաքրքրվել թե ինչպե՞ս է: Քրիստը եկավ տուն ու բան չէր ասում: Հետո սրտխառնոց ունեցավ, շտապօգնություն կանչեցինք, տարան հիվանդանոց: Այնտեղից էլ ոստիկանություն էին ահազանգել: Էնպես որ, շա՜տ գոհ ու շնորհակալ եմ էս շարժումից էլ, ամեն ինչից էլ: Եթե սրանք էլ Քրիստին էս օրը պիտի դնեին՝ էլ ասելու ոչինչ չունեմ: Հազար ամոթ իրենց»:
Ի դեպ, ոստիկանության տվյալներով, Ք. Էլազյանին դատաբժշկի ուղեգիր է տրվել. նրա ձեռքերի, դեմքի վրա ու գլխի հատվածում վնասվածքներ են եղել, արյունոտված հագուստն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:
Ըստ մեր տեղեկությունների, չի բացառվում, որ այդ փորձաքննությունից հետո հարուցված քրգործի հոդվածը վերաորակավորվի: Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները երեկ այցելել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ եւ այնտեղ քննչական գործողություններ են իրականացրել: Այդ գործով Ք. Էլազյանին ծեծելու մեջ մեղադրվող Առաքել Սեմիրջյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ինքը մեր բոլոր հարցերին կպատասխանի, երբ պաշտոնապես ծանուցվի քրգործի հարուցված լինելու եւ նախաքննության մասին: Իսկ մինչ այդ, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ում մտադրություն կա զրպարտության մեղադրանքով հայց ներկայացնել ընդդեմ թերթերից մեկի, որն անցած շաբաթ, դեռ քրգործի նախաքննությունը չսկսված, այս միջադեպի վերաբերյալ ՀԱԿ անդամներին զրպարտող հոդված է հրապարակել: Կոնգրեսի անդամներից մեկը, որն առայժմ չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, թե Ք. Էլազյանին իրականում ոչ ոք չի ծեծել, որ նա զրպարտում է ՀԱԿ անդամներին: Ավելին, մեզ հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, թե՝ Քրիստն, իսկապես, հուլիսի 19-ին եղել է Կոնգրեսի գրասենյակում, բայց նա եղել է ոչ ադեկվատ վիճակում եւ հայտարարել, որ եթե իրեն փող չտան, ինքը ինչպես ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի, ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի եւ Կենտրոնի նախկին ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի դեմ է իրեն ծեծելու մասին սուտ ցուցմունք տվել, այնպես էլ այս անգամ կանի. կհայտարարի, թե ՀԱԿ-ում իրեն ծեծել են: Իսկ Կոնգրեսում, ՀԱԿ-ականի պնդմամբ, դրանից հետո նրան ուղղակի դուրս են հրավիրել եւ վերջ, ու ոչ մի ծեծ չի եղել: Կոնգրեսում ասում են, թե Էլազյանն իրենց արդեն զզվեցրել էր իր փողային պահանջներով:
Այս հայտարարությունից հետո «Առավոտը» ստիպված էր այցելել Քրիստ Էլազյանին: Մեր ֆոտոխցիկն արձանագրեց նրա ոչ այնքան թարմ, բայց դեռ նկատելի վնասվածքները՝ ձեռքին, թեւին ու գլխին (տե՛ս նկարում):
Իսկ մենք հիշեցնենք, որ Քրիստափոր Էլազյանը ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից է: 2008թ. մարտի 4-ին Ոստիկանության Նորք-Մարաշ համայնքի ոստիկանապետը նրան հրավիրել էր ոստիկանություն, կալանավորել եւ ուղարկել էր Կենտրոնի բաժին, որտեղ էլ ոստիկանապետն անձամբ էր նրան ծեծի ենթարկել: Մարտի 5-ին նա տեղափոխվել էր ՀՔԾ, որտեղ նրան երեք օր շարունակ, վեց հոգով, քննիչի ներկայությամբ, Գուգարքի ոստիկանապետի, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի եւ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի ակտիվ մասնակցությամբ դաժան ծեծի էին ենթարկել՝ պահանջելով, որ ընդդիմության առաջնորդներից գոնե մեկի դեմ ցուցմունք տա: Կեղծ ցուցմունք տալուց հրաժարվելուց հետո նրա դեմ քրգործ էր հարուցվել, եւ նա դատապարտվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա: Նա միակ քաղբանտարկյալն էր, ում նկատմամբ բռնությունները ժամանակին արձանագրել են նաեւ Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները: Նրա կողմից՝ իր նկատմամբ քննության խորթ մեթոդների կիրառման վերաբերյալ հայտարարության ճակատագրով այս տարվա մայիսին, ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ, հետաքրքրվել էր ԵԽ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել