Լրահոս
Օրվա լրահոսը

Խառը պատմություն Ագրարային համալսարանում

Հուլիս 27,2010 00:00

Կամ մեղադրանքներ, որ վերջ չունեն

Ժամանակին «Առավոտը» անդրադարձել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) նախկին ավագ դասախոս Մ. Հարոյանի խնդրին, որը առնչվել էր ղեկավարների հետ: Մ. Հարոյանը շուրջ 24 տարի աշխատել է ՀՊԱՀ-ում: 2007-ի սեպտեմբերի 1-ին ավարտվում էր Հարոյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, իսկ ՀՊԱՀ-ի ղեկավարությունը Հարոյանի հետ նոր պայմանագիր չէր կնքում, այլ աշխատանքից ազատման հրաման արձակում: Ռեկտորի կողմից նման որոշում ընդունելու պատճառը իմանալու նպատակով, դասախոսը ցանկանում է հանդիպել ռեկտորին, սակայն վերջինս ոչ միայն Հարոյանին չի ընդունում, այլեւ նրա  բազմաթիվ դիմում-խնդրանքները թողնում է անպատասխան, իսկ Հարոյանի փոխարեն ամբիոնում նոր մարդիկ է հրամանագրում: Ամիսներ անց նախկին դասախոսը ստիպված դիմում է դատարան՝ նախկին աշխատանքում  վերականգնելու խնդրանքով: Այդ ժամանակ ՀՊԱՀ-ից «Առավոտի» հարցմանն ի պատասխան ասացին, որ ապագայում ամբիոնի դասախոսի թափուր պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ (այն նույն պաշտոնի համար, որը մինչեւ աշխատանքից ազատվելը զբաղեցնում էր Հարոյանը) եւ Հարոյանին եւս հնարավորություն կտրվի մասնակցել մրցույթին: Որոշ ժամանակ անց ՀՊԱՀ-ից Հարոյանին առաջարկում են փաստաթղթերը կազմել եւ ներկայացնել գիտխորհուրդ՝ մրցույթի համար: Նա առարկում է, քանի որ նախկին աշխատանքում վերականգնվելու համար դիմել էր դատարան, հետեւաբար ինքը մրցույթին չէր կարող մասնակցել: Ղեկավարությունը նրան հորդորում է՝ ոչինչ, արի եւ մասնակցիր: Ի վերջո, դասախոսը փաստաթղթերը ներկայացնում է. ամբիոնում կազմակերպում են փաստաթղթերի քննարկում: Ամբիոնի նիստին մասնակցած 8 դասախոսներից 7-ը կողմ են արտահայտվում, իսկ մեկը՝ Պուշկին Սերոբյանը, դեմ: Ամբիոնը փաստաթղթերը ուղարկում է մրցութային հանձնաժողով, այն երաշխավորում է գործերը ուղարկել գիտխորհուրդ: Մ. Հարոյանի փոխանցմամբ՝ գիտխորհրդում ամեն ինչ տեղի էր ունենում նախօրոք մշակված ծրագրով, որը սկիզբ էր առել իրեն համոզելու եւ ամբիոնի նիստի ժամանակ Պ. Սերոբյանի կողմից  դեմ քվեարկելու պահից: Չգիտես ինչու, գիտխորհրդի նիստին հրավիրվում է Պ. Սերոբյանը, որը, ի դեպ, գիտխորհրդի անդամ չէր: Եվ չնայած Մ. Հարոյանը առարկում է վերջինիս ներկա լինելուն եւ ելույթ ունենալուն, բայց առարկումները չեն ընդունվում, եւ սկսվում է քվեարկությունը. ՀՊԱՀ-ի նախկին դասախոսը զգում է, որ իրեն համոզելու եւ փաստաթղթերը գիտխորհուրդ ներկայացնելու արդյունքը ոչ այլ ինչ էր, քան «թատերական ներկայացում» հիշեցնող գիտխորհրդի քվեարկություն եւ իր դեմ ձեւավորվող որոգայթ, որի թիրախը պիտի ինքը դառնար:
Ըստ Մ. Հարոյանի՝ գիտխորհրդի նիստից հետո հայտնի է դառնում, որ նախօրոք Պ. Սերոբյանի նախաձեռնությամբ երկու թերթերում իր՝ պատվի եւ արժանապատվության վերաբերյալ հոդված են տպագրել ու բաժանել ՀՊԱՀ-ում: Մ. Հարոյանը ուշացումով տեղեկանալով այդ մասին, դիմում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով, որ թերթերը հերքում տպագրեն: Սակայն դատարանը 17.06.2009թ. ԵՔԴ 0045/02/09 վճռով, հայցը մերժում է՝ «Դատարան դիմելու» եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի պահանջների ժամկետի բացթողնման պատճառով: Նույնը փաստվել է նաեւ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ: Որոշ ժամանակ անց Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանից Մ. Հարոյանը դատարան ներկայանալու ծանուցագիր է ստանում: Պարզվում է, որ թերթերի խմբագիրները եւ դրանցում տպված միեւնույն հոդվածի հեղինակը դիմել են դատարան, թե Հարոյանը իրենց պատճառել է 601 800 ՀՀ դրամի վնաս եւ պահանջում, որ վերջինս հատուցի:
Դատարանը՝ Հ. Հովհաննիսյանի նախագահությամբ, գործը ուսումնասիրելուց հետո, եկավ այն համոզման, որ ներկայացրած հայցապահանջը անհիմն է, առարկայազուրկ եւ հայցը մերժեց: Թվում էր՝ պետք է վերջակետ դրվեր: Սակայն խմբագիրներն ու հոդվածագիրը որոշում են դիմել քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, բողոքարկելով Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի առաջին ատյանի դատարանի վճիռը: Արդյունքում բողոքը  բավարարվում է եւ գործը ուղարկվում նույն դատարան՝ այլ կազմով լսելու: Դատարանը 2010-ի մայիսի 4-ի վճռով բավարարում է հայցվորների պահանջը՝ կայացնելով վճիռ, որը հակադարձ համեմատական է նույն դատարանի կայացրած նախորդ վճռին: Այժմ Հարոյանը վճիռը բողոքարկել է եւ հուսով է, որ Վերաքննիչ դատարանը իր հայցադիմումը կբավարարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել