Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԶՈՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ»՝ ՀԶՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ

Հուլիս 27,2010 00:00

Եվրոպայում ստեղծված հայ բալետի արտիստների խումբը պատրաստակամ է ընդունելու պաշտոնական Հայաստանի հրավերները:

\"\"
Արսեն Մեհրաբյանը (ձախից առաջինը) հայաստանցի իր գործընկերների հետ:

Այլեւս անհնար է սահմանափակվել բալետային մեկ ոճի «բառապաշարով», մանավանդ շրջանցել ժամանակակից պարի, ընդհանուր առմամբ պլաստիկ շարժման դրսեւորումների լայն սպեկտրը: Ընդ որում, ունիվերսալիզմն այսօր անհրաժեշտ է թե նորարարականի եւ թե դասականի ընկալումն ուժեղացնելու համար: Բեմի զուսպ լուսավորությունն ու ուշադրությունը բեւեռված բացառապես պատկերի սրության եւ ճկուն մարմնի «գյուտարարության» վրա, 2006թ. առաջին անգամ հայրենիքում հայ հանդիսատեսին հրամցվեց «Հզոր զգացմունքներ» («Forceful feelings») բալետային խումբը՝ բաղկացած 2000թ.-ից Եվրոպայի առաջատար թատրոններում հանդես եկող հայկական բալետային արվեստի 5 (Արսեն Մեհրաբյան, Տիգրան Միքայելյան, Վահե Մարտիրոսյան, Արման Գրիգորյան, Դավիթ Կարապետյան) տաղանդավոր ներկայացուցիչներից: Տարբեր սերունդների պրոֆեսիոնալների եւ բալետային մելոմանների ստվար լսարանը դժվարությամբ տեղավորած Ազգային օպերային թատրոնի դահլիճի արձագանքը կարելի է բնութագրել որպես բերկրանք եւ հպարտություն: 2006-ին պարողները հանդես եկան հայաստանցի իրենց կոլեգաների՝ պարուհիներ Սոնա Ռուստամյանի, Մերի Հովհաննիսյանի, Մարիա Դիվանյանի եւ Սյուզաննա Փիրումյանի ընկերակցությամբ, իսկ 2007-ին մեր հայրենակիցները Երեւան էին հրավիրել պարուհիներ Կանադայից, Չեխիայից, Ճապոնիայից եւ Ավստրալիայից: Նշենք, որ 2006-07թթ. հայ պարողների ժամանակակից եւ մոդեռն կոմպոզիցիաների մարմնավորումը տպավորություն էր գործում ոչ միայն վիրտուոզությամբ, այլեւ կատարողներին եւ հանդիսատեսին միավորող հոգեւոր էներգիայով: 2007-ից ի վեր «Հզոր զգացմունքները» հանդես չեն եկել հայրենիքում: Այս օրերին Երեւանում է բալետային խմբի մտահղացման հեղինակ, Մյունխենի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանը:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արտիստը նշեց, որ «Հզոր զգացմունքները» Արեւմուտքում առաջին անգամ բեմ են բարձրացել այս տարվա հուլիսի 5-ին, Մյունխենի օպերայի եւ բալետի թատրոնում: Մեր զրուցակցի խոսքերով՝ ներկայացված ժամանակակից եւ մոդեռն երկու գործ՝ Բախի ու Շոպենի երաժշտությամբ, նվիրված էր Երեւանի պարարվեստի պետական քոլեջը շուրջ 35 տարի ղեկավարած ՀՀ ժողովրդական արտիստուհի մեծանուն Թերեզա Գրիգորյանի հիշատակին: Նա հավելեց նաեւ, որ «Forceful feelings»-ի ֆանատ շվեյցարացի բիզնեսմեն Ֆրանսուա Շապոն ցանկություն է հայտնել Երեւանի պարարվեստի պետական քոլեջը կարգի բերել, ինչը նշանակում է նախեւառաջ տարրական պայմաններ ստեղծել (միջազգային չափանիշների բերել դահլիճը, փորձասենյակները, հանդերձարանները եւ այլն): Բալետի արտիստն ասաց, որ այսօր անհրաժեշտ է, որ արդի կոմպոզիցիաների մարմնավորումը տպավորություն գործի ոչ միայն վիրտուոզությամբ, այլեւ կատարողին ու հանդիսականին միավորող հոգեւոր էներգիայով: Ա. Մեհրաբյանը հայտնեց, որ լավ կլիներ, եթե իրենք ունենային պաշտոնական հրավեր ՀՀ սփյուռքի կամ մշակույթի նախարարությունների կողմից, քանի որ զուտ գումարային առումով իրենց համար բարդ է Հայաստան հրավիրել Արեւմուտքում հանդես եկող իրենց կոլեգաներին, ինչպես դա արվեց 2007թ.: Անդրադառնալով «Հզոր զգացմունքների» բարեգործական մտադրություններին՝ Ա. Մեհրաբյանը հայտնեց նաեւ, որ Մյունխենի օպերայի եւ բալետի թատրոնը իր պատրաստակամությունն է հայտնել \"\"Երեւանի պարարվեստի ուսումնարանն ապահովել համաշխարհային բալետային արվեստի այս կամ այն գործի զգեստներով: Ի դեպ, 27-ամյա Մեհրաբյանն է հիմնականում իրականացնում «Հզոր զգացմունքների» բեմադրությունները, այդ թվում՝ Կոմիտասի, Ալան Հովհաննեսի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի եւ մյուս մեծերի երաժշտությամբ: Բալետային խմբում սիրով աշխատում եւ շարունակում են իրենց գործունեությունը աշխարհահռչակ բալետամաստերներ Հայնց Շպյոռլը (Շվեյցարիա), Իրժի Բուբենիչեկը (Չեխիա), Վիլյամ Ֆորսայթը (ԱՄՆ) եւ այլք: Իսկ թե «Հզոր զգացմունքներին» դարձյալ երբ կտեսնենք հայրենիքում, Ա. Մեհրաբյանն ասաց. «Դա մեր երազանքն է, բայց ցանկալի է, որ իրականացվի պետական խողովակներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել