Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-Ն ԵՎ ԱԺ-Ն ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ՄԻԱՍԻՆ

Հուլիս 28,2010 00:00

Որ դիվանագիտական հաջորդ հնարավոր ձախողման դեպքում այլեւս չփորձեն գտնել՝ ով է ավելի կամ պակաս մեղավոր:

\"\"\"\"

Ամեն անգամ, երբ միջազգային խորհրդարանական կառույցներում Հայաստանի համար ոչ նպաստավոր որեւէ փաստաթուղթ է ընդունվում, ինչպես եղավ, ասենք, Եվրոպական խորհրդարանի 2216 բանաձեւի պարագայում, ԱԳՆ-ում եւ խորհրդարանում սկսում են ոչ հրապարակավ մեղքը բարդել միմյանց վրա, ձախողման պատասխանատվությունը վերագրել մեկը մյուսի աշխատանքի թերացմանը: Այս համատեքստում էր հետաքրքիր հուլիսի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության համատեղ աշխատանքային նիստը, որին հրավիրվել էր նաեւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ այս նիստում նաեւ անդրադարձել էին «միջազգային կառույցներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունների եւ երկրի արտաքին գերատեսչության աշխատանքը համակարգելու խնդիրներին», եւ ներկայացվել էին մեխանիզմներ ԱԺ-ԱԳՆ կապն առավել գործուն դարձնելու համար:

Սակայն «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ճիշտ չհամարեց քննարկումն այդ համատեքստում դիտարկելը. «Ոչ, պատճառը բացարձակապես դա չէ: Բայց խնդիրը որոշ նախապատմություն ունի: Դեռեւս անցած գումարման խորհրդարանի աշխատանքի սկզբում ես, որպես ԱԺ փոխնախագահ, առաջարկել էի ԱԺ այն ժամանակվա նախագահին, թե անհրաժեշտ է ստեղծել միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների խորհուրդ՝ հատուկ ձեւաչափ, որը հնարավորություն կտա համադրել պատվիրակությունների աշխատանքը տարբեր օրակարգերի շուրջ: Եվ համադրել նաեւ կապերը՝ արտերկրի տարբեր խորհրդարանների եւ խորհրդարանական կազմակերպությունների հետ, քանի որ գաղտնիք չէ, որ միջազգային պրակտիկայում տարածված երեւույթ է՝ խորհրդարաններն ունենում են պատգամավորների մի հիմնական խումբ, որոնք եւ զբաղվում են խորհրդարանական դիվանագիտությամբ, ու նույն դեմքերին կհանդիպես ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ի կամ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում եւ այլն: Եվ այս առումով՝ աշխատանքի համադրումը շատ օգտակար է:

Բոլորն ասում էին, թե սա ճիշտ գաղափար է, բայց գործը տեղից չէր շարժվում: Այս գումարման խորհրդարանում էլ եմ դա առաջարկել: Ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջապես առաջին քայլը կատարեց՝ նման ձեւաչափ ստեղծելու, եւ կայացել է առաջին նման հավաքը: Սակայն դեռեւս միայն եվրոպական կառույցներում աշխատող պատվիրակությունների համատեղ նիստն է տեղի ունեցել, մինչդեռ համարում եմ, որ պետք է նաեւ համադրել ԱՊՀ-ի, Ռուսաստանի հետ աշխատող բոլոր պատվիրակությունների աշխատանքը: Սակայն առնվազն առաջին քայլն արված է, որից, բնականաբար, բխում էին նոր խնդիրներ: Սա է պատճառը, թե ինչու Եվրամիության հետ աշխատող երկու պատվիրակությունները որոշեցին համատեղ նիստ անել: Նաիրա Զոհրաբյանի գաղափարն էր՝ դրան հրավիրել նաեւ ԱԳՆ ներկայացուցիչներին, ինչը եւ նա արեց, ու ես դա համարում եմ ողջունելի եւ ճիշտ քայլ: Նման հանդիպումները մեր պրակտիկայում դառնալու են բավականին հաճախ: Չենք բացառում, որ աշխատանքային մի նման հանդիպում էլ տեղի ունենա այս շաբաթ: Ի դեպ, անցած անգամ էլ, երբ ԱԳ նախարարը ներկայացրեց առկա իրավիճակը եւ պատասխանեց մի քանի հարցերի (այդ օրը չստացվեց իր հետ ավելի խորը քննարկել հարցերը, քննարկում, որպես այդպիսին, տեղի չունեցավ), դրանից հետո մենք էլի շարունակել ենք աշխատել: Եվ, ասենք, ես ներկայացրել եմ իմ պատկերացումները խորհրդարանական դիվանագիտության մարտավարական մի շարք հարցերի վերաբերյալ»:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը պատասխանում փաստորեն հաստատեց մեր վերոնշյալ ենթադրությունը. «Ընդհանրապես, լավ կլիներ, որ նման հանդիպումները լինեին անկախ դիվանագիտական ճակատում մեր ունեցած հաղթանակներից կամ պարտություններից: Ուզում եմ հիշեցնել, որ դեռ անցած սեպտեմբերին ԱԳՆ-ում դեսպանների տարեկան հավաքի ժամանակ, երբ ներկա էին թե՛ ԱԺ նախագահը, թե՛ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, թե՛ ես, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ում ստեղծվելու է միջազգային խորհրդարանական պատվիրակությունները համակարգող մարմին, որը պիտի աշխատի ԱԳՆ-ի հետ: Եվ այդ համակարգող մարմնի մի քանի նիստեր արդեն եղել են՝ տարբեր պատվիրակությունների ձեւաչափով:

Ինչ վերաբերում է մեր նախաձեռնած հանդիպմանը՝ ես դա համարում եմ ԱԺ-ի եւ ԱԳՆ-ի աշխատանքները համակարգելու առաջին փորձերից մեկը, քանի որ, այո՛, պետք է անկեղծորեն ընդունենք, թե մասնավորապես Եվրոպական խորհրդարանի 2216 բանաձեւից հետո, եւ ընդհանրապես՝ տարբեր ատյաններում ոչ հայանպաստ բանաձեւեր կամ հայտարարություններ ընդունելուց հետո, մի տեսակ «վհուկների որս» է սկսվում՝ սկսում են փնտրել, թե ով է ավելի շատ կամ պակաս մեղավոր: Կարծում եմ, որ սա վատ աշխատաոճ է, եւ նման խնդիրների առջեւ մենք չենք կանգնի, եթե համակարգենք ԱԺ-ի եւ ԱԳՆ-ի աշխատանքներն արտաքին քաղաքական հարթությունում: Նման աշխատանքային հանդիպումները լինելու են պարբերական: Հրավիրելու ենք նաեւ կրթության եւ գիտության ու էկոնոմիկայի նախարարներին, քանի որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ընդգրկում են քաղաքական, տնտեսական ու հումանիտար շատ լայն ոլորտ:

Մեր համատեղ նիստից հետո ինձ զանգահարեց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը եւ հայտնեց, որ Արցախի պատգամավորները եւս ցանկություն ունեն մասնակցել այդ կարգի հանդիպումներին: Եվ դա արդեն իսկ ծրագրված է: Զրուցել եմ ԱԺ նախագահի հետ, ու նա տեղեկացրեց, որ Արցախի խորհրդարանի հետ համատեղ, ամենայն հավանականությամբ, օգոստոսի վերջին կազմակերպելու են նման մի նիստ՝ ավելի ընդլայնված ձեւաչափով, որին կրկին հրավիրվելու է Հայաստանի ԱԳ նախարարը՝ ԼՂ հակամարտության հարցով համապարփակ տեղեկատվություն տրամադրելու եւ մտքերի փոխանակության համար:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներում մեր պատվիրակությունների եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների համատեղ աշխատանքին, կարծում եմ՝ որեւէ մեկն անկեղծ չի լինի, եթե ասի, թե այդ աշխատանքն այսօր փայլուն է եւ շատ համակարգված: Պետք է ասեմ, որ այս առումով թերեւս բացառություն է Եվրոպայի խորհրդում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, որը շատ ակտիվորեն ներգրավվում է խորհրդարանական վեհաժողովում համատեղ աշխատանքին: Սա ասում եմ՝ իբրեւ միջազգային մի քանի կառույցներում ներկայացված պատգամավոր:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու նոյեմբերի երկրորդ տասնօրյակում՝ Բրյուսելում, եւ մենք ամեն ինչ պետք է անենք նիստը պատշաճ մակարդակով անցկացնելու ու դրական արդյունքներ ստանալու համար, եւ փորձելու ենք ուղղել, շտկել այն, ինչ եղել է համատեղ, ոչ համադրված աշխատանքի բացթողումը՝ ոչ թե այս կամ այն կառույցի մեղքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել