Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԱԿ-Ի ԴԻՐՔԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ

Հուլիս 28,2010 00:00

\"\"«Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

– ՀՀՇ-ում տեղի ունեցած գործընթացները, նաեւ ՀՀՇ համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթն ու ՀՀՇ-ականների՝ համագումարին հաջորդած հայտարարությունները հերթական անգամ դարձան բուռն քննարկումների առարկա: Եղան պնդումներ, թե՝ ընդդիմությունը կամ գոնե նրա մի հատվածը՝ ի դեմս ՀՀՇ-ի, անվերադարձ պառակտվել է, ՀԱԿ-ն էլ այլեւս թուլացել է, իսկ Տեր-Պետրոսյանն ուզում է «թոշակի անցնել»: Դո՛ւք ի՞նչ տպավորություն ստացաք ՀՀՇ համագումարից եւ այդ համագումարում ՀՀ առաջին նախագահի ելույթից:

– Սկսեմ վերջին դիտարկումից: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզենա թոշակի գնալ, ապա Սամվել Նիկոյանի միջոցով չէ, որ դրա մասին կհայտարարի:

Ինչ վերաբերում է ՀՀՇ համագումարին, ապա այն երկու կարեւոր հարց լուծեց: Առաջին՝ հստակ դարձավ, որ ՀՀՇ-ն դուրս չի գալու Կոնգրեսից: Դա կարեւոր էր այնքանով, որքանով ՀԱԿ-ի ընտրազանգվածը որոշակի կառուցվածք ունի: Դրանում ընդգրկված են ե՛ւ արեւմտամետներ կամ ազատականներ, ե՛ւ անձնային կողմնորոշմամբ քվեարկողներ՝ լեւոնականներ, ե՛ւ ուղղակի հակասերժականներ: Հակասերժականների համար որպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարող հզոր գործիք եւ միասնական մեկ կառույց այսօր ընկալվում է Կոնգրեսը: Եթե համագումարի ընթացքն այնպիսին լիներ, որ ՀՀՇ-ն դուրս գար ՀԱԿ-ից, հակասերժականների աչքում նա՝ որպես կառույց, թուլանալու էր, եւ ՀԱԿ-ը որոշակիորեն կորցնելու էր իր ընտրազանգվածը: Նրանք, ովքեր ուզում էին, որ ՀՀՇ-ն զատվի Կոնգրեսից, դա հասկանում էին, թեեւ հասկանալի է նաեւ, որ ՀԱԿ-ում ոչ բոլորն են, որ ՀՀՇ-ի ետեւից պատրաստ են գնալ: Կոնգրեսում կան մարդիկ, որոնք դեմ են ՀՀՇ-ին, բայց ՀԱԿ-ում են, որովհետեւ դեմ են Սերժ Սարգսյանին:

Երկրորդ՝ կարեւոր էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որովհետեւ ՀԱԿ-ի ընտրազանգվածի մի հատվածը, ինչպես ասացի, անձնային կողմնորոշում ունեցողներն են, որոնց համար կարեւոր չէ, թե իրենց ուր են տանում, կարեւոր է, թե ով է իրենց առաջնորդում: Իսկ տվյալ դեպքում նրանք գնում են ոչ թե Կոնգրեսի, այլ նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանի ետեւից, որը նրանց համար ամենախելացի քաղաքական գործիչն է, ու նա այս անգամ էլ իր ելույթում իրականությունը ներկայացրեց, թեեւ բավականին մեղմ, բայց իրատեսորեն: Այդ ելույթը, մասնավորապես՝ Անդրկովկասում առկա իրավիճակի վերաբերյալ, լեւոնականներին եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրենք ճիշտ առաջնորդ են ընտրել՝ ամենախելացիին, իրականությունը ադեկվատ պատկերացնող եւ գնահատող անհատին, եւ իրենք ճիշտ են վարվում, երբ գնում են Տեր-Պետրոսյանի ետեւից: Այդ ելույթը կարեւոր էր նաեւ ՀԱԿ-ի արեւմտամետ արժեքներ դավանող ընտրազանգվածի համար, ով գնահատում է ճշմարտությունն ասելու արժեքը, իսկ Տեր-Պետրոսյանի ելույթում շատ հարցեր կային, որոնք իսկապես համապատասխանում էին իրականությանը, եւ արեւմտամետ արժեքների կրողները կամ ազատական գաղափարախոսություն դավանողներն այդ ելույթն ընկալեցին: Արդյունքում ստացվեց, որ ՀՀՇ համագումարն իր դերը կատարեց. հակասերժականները չպառակտվեցին, լեւոնականները համոզվեցին, որ ճիշտ ընտրություն են կատարում, ազատականները Տեր-Պետրոսյանի ելույթից հասկացան, որ նա պրագմատիկ է ու ճշմարտախոս:

– Բայց մյուս կողմից՝ նստվածքը, թե՝ ՀԱԿ-ում, ՀՀՇ-ում պառակտում կա, կան վնասարարներ, որոնք գտնվել են իշխանությունների ազդեցության ոլորտում եւ այլն, մնաց, չէ՞: Դա արդյոք չթուլացրե՞ց ՀԱԿ-ը:

– Ոչ: Դա ավելի շուտ ուժեղացրեց Կոնգրեսին եւ նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանին: Դա ՀԱԿ-ին կթուլացներ միայն այն դեպքում, եթե ՀՀՇ-ն դուրս գար ՀԱԿ-ից: Դա չեղավ: Տեր-Պետրոսյանը կարողացավ կանխել, ինչպես նշեց իր ելույթում, իշխանությունների կողմից կազմակերպված վնասարարությունը, ինչը նշանակում է՝ նա ոչ միայն խելացի, ճշմարտախոս քաղաքական գործիչ է, այլեւ ուժեղ անհատ, որ կարողացավ գործընթացն իր վերահսկողության տակ պահել: Կարծում եմ՝ դա նպաստեց նրա կերպարի է՛լ ավելի հզորացմանը:

Ինչ վերաբերում է ՀՀՇ որոշ անդամների՝ կուսակցությունը լքելու մասին հայտարարություններին, օրինակ՝ Կարապետ Ռուբինյանի եւ այլն, ապա որքան էլ իշխանություններն ու «պատասխանատու» ԶԼՄ-ները փորձեն դա օգտագործել՝ ցույց տալու, թե ընդդիմության ներսում պառակտում կա, միեւնույն է՝ ՀԱԿ-ի ընտրազանգվածի համար դա էական նշանակություն չունի: Նրա համար էական չէ՝ ով մտավ Կոնգրես, ով դուրս եկավ, որովհետեւ ՀԱԿ-ի ընտրազանգվածը Կարապետ Ռուբինյանի կամ մյուսների համար չէ, որ Կոնգրեսում է կամ համակրում է ՀԱԿ-ին: Հակասերժականը, լեւոնականը, ազատականները չեն գնում Կարապետ Ռուբինյանի կամ մյուսների ետեւից, նրանք ՀԱԿ-ի, Լեւոնի ետեւից են գնում կամ Կոնգրեսի հետ գնում են ընդդեմ Սերժ Սարգսյանի: Ավելին, Կ. Ռուբինյանի դուրս գալն ինչ-որ չափով ուժեղացրեց ՀԱԿ-ին եւ վստահություն ներշնչեց մասնավորապես նրա ազատական ընտրազանգվածին, որովհետեւ նա պաշտոնապես եւ հրապարակայնորեն հայտարարեց, որ դուրս է գալիս ՀՀՇ-ից, եւ մատնանշեց դրա պատճառները: Հայաստանյան քաղաքական մշակույթում նման նախադեպեր չկան կամ բացառություններ են: Ի տարբերություն Արեւմուտքի, Հայաստանում նույնիսկ նախարարներն են հրաժարականներ տալիս կամ պաշտոնանկ արվում, բայց դրա պատճառները չեն նշվում: Իսկ Ռուբինյանի հրաժարականի ձեւը, դրան հաջորդած բացատրությունները, ներկուսակցական բանակցությունները, փոխադարձ ներողությունները հրապարակային բնույթ ստացան: Հենց դա էլ ՀԱԿ-ի արեւմտամետ թեւի եւ ազատական ընտրազանգվածի համար կարեւոր երեւույթ ու օրինակելի մշակույթ էր: Կարծում եմ՝ այդ գործընթացի հրապարակայնությունն ավելի ամրապնդեց ՀԱԿ-ի վարկանիշն ու դիրքերը:

– Վերջին օրերին կուսակցական համագումարներից հետո տարբեր փորձագետներ ավելի հաճախ են ընթացող պրոցեսները նմանեցնում նախընտրական փուլի մեկնարկի հետ: Դուք այդպիսի տպավորություն ունե՞ք:

– Դա բնական է: 2012-ին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, եւ, իհարկե, կան կուսակցություններ, որոնց գործողություններում, այո, որոշակի նախընտրական պահեր են նկատվում: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հնարավորությանը, ապա դրա համար բավարար պատճառներ կան, բայց եթե երկրում ֆորս-մաժորային իրավիճակ չլինի, մենք շատ սահուն կգնանք հերթական ընտրությունների:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչեւ 2012թ. հերթական ընտրությունները ձեւավորվի նոր ուժ, ինչի մասին հաճախ է խոսվում, եւ այդ ուժն ի վիճակի լինի հավակնելու ՀԱԿ-ի ընտրազանգվածի ձայներին:

– Հնարավոր է, որ նոր ուժ ձեւավորվի, բայց այլ խնդիր է, թե՝ արդյոք նա կկարողանա՞ ՀԱԿ-ից ձայներ խլել: Դա կարող է լինել մի պարագայում. եթե այդ նոր ուժը ապացուցի, որ ինքը ոչ պակաս ընդգծված հակասերժական ուժ է, որքան ՀԱԿ-ը, եթե ունակ լինի ՀԱԿ-ից ավելի գրագետ պայքարել, եթե ապացուցի, որ արեւմտյան արժեքների դավանող է ավելի կամ նույնքան, որքան ՀԱԿ-ը: Կոնգրեսը այսօր էլ վստահության մեծ պաշար ունի եւ դեռ կունենա, քանի դեռ շարունակում է պայքարել Սերժի դեմ, քանի դեռ նա արեւմտյան արժեքների կրող է, նա իր ընտրազանգվածը չի կորցնելու: Շատ քիչ տոկոսով ընտրազանգված կարող է փոշիանալ, այն էլ՝ եթե հստակ հակասերժական նոր ուժ ձեւավորվի: Բայց մի բան ակներեւ է. քանի դեռ ՀԱԿ-ն իր նպատակին չի հասել, ե՛ւ հակասերժականները, ե՛ւ լեւոնականները, ե՛ւ արեւմտյան արժեքների կողմնակիցները գնալու են ՀԱԿ-ի ետեւից մինչեւ վերջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել