Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԼՍԱՀԱՅԸ ԹՈՒՐՔԵՐԵՆ ՉԳԻՏԻ՞

Օգոստոս 03,2010 00:00

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման համար քննություն հանձնած թարգմանիչ Սայաթ Գույումճյանի բաց նամակը՝ ուղղված ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանին, որը վերոնշյալ քննություններին հայերեն-թուրքերեն եւ թուրքերեն-հայերեն լեզուներով թարգմանությունների քննությունը ստուգող մասնագետն էր:

Իպատասխան Ձեր 06.07. 2010թ. բացատրագրին՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարին 28.06. 2010թ. իմ դիմումին, տեղեկացնում եմ հետեւյալը.
ա. ՀՀ արդարադատության նախարարին ուղղված իմ դիմումը «բողոքարկման» դիմում չէր, ինչպես Դուք եք նշել Ձեր բացատրագրում, այլ պարզ դիմում-խնդրանք՝ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման համար ս.թ. հունիսի 4-ին իմ հանձնած հայերեն-թուրքերեն եւ թուրքերեն-հայերեն լեզուներով թարգմանությունների քննությունը ստուգող մասնագետի (տվյալ պարագայում՝ Ձեր) հետ հանդիպում նշանակելու մասին, որպեսզի քննարկենք իմ վերոնշյալ թարգմանությունների վերաբերյալ հարցերը:
բ. Ձեր բացատրագրի մեջ տարակուսանք եւ նույնիսկ զարմանք եք արտահայտում առ այն, որ նախքան իմ վերոնշյալ դիմումը գրելը, ես չեմ «հետաքրքրվել» եւ ստուգել թարգմանություններիս մեջ առկա «բազմաթիվ» անճշտություններն ու «կրկնվող վրիպումները»: Այս առումով ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ եթե Դուք այդ անճշտությունները եւ վրիպումները Ձեր առաջին իսկ ստուգման ժամանակ նշեիք, ինչպես որ հարկն էր, եւ ոչ թե միայն իմ վերոնշյալ դիմումի հիման վրա եւ արդեն ՀՀ արդարադատության նախարարի հարկադրանքով, ապա ես տեղյակ կլինեի այդ անճշտությունների եւ վրիպումների մասին ի սկզբանե, եւ միգուցե էլ իմ այդ դիմումի կարիքն անգամ չլիներ: ՀՀ արդարադատության նախարարության միջոցով ես Ձեզ վճարել եմ 25000 (քսանհինգ հազար) դրամ, որպեսզի Դուք պատշաճորեն կատարեք նախարարության կողմից եւ ՀՀ կառավարության «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու մասին» թիվ 193 որոշմամբ Ձեզ հանձնարարված պարտականությունը: Իսկ Դուք թերացել եք այդ պարտականությունը պատշաճորեն կատարելու մեջ եւ տեղիք տվել բազմաթիվ կասկածների:
գ. Ձեր բացատրագրում նշել եք, որ թուրքերեն «tuzel kisi» տերմինը արեւելահայերենում պետք էր թարգմանել «իրավաբանական անձ» եւ ոչ թե «օրինական անձ», ինչպես ես եմ թարգմանել, ու հավելել եք, որ Հայաստանում նոտարական թարգմանիչ լինելու համար հարկավոր է ունենալ նաեւ «արեւելահայերենի եւ համապատասխան (իրավաբանական) եզրաբանության (տերմինոլոգիայի) իմացություն»: Հարգելի պարոն Սաֆարյան, ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է (տես՝ ՀՀ Սահմանադրություն՝ Գլուխ 1, Հոդված 12 եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենք՝ Հոդված 1), որը «սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները» (տես՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենք՝ Հոդված 1), եւ պաշտոնական լեզուն գրական հայերենն է (տես՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենք՝ Հոդված 1). այսինքն Հայաստանի Հանրապետության պետական եւ պաշտոնական լեզուն միայն արեւելահայերենը չէ: Չնայած որ Հայաստանում արեւելահայերենն է լայնորեն օգտագործվում, վերոնշյալ հոդվածներից ակնհայտ է, որ արեւելահայերենը եւ արեւմտահայերենը հավասար իրավաբանական ուժ ունեն Հայաստանի Հանրապետությունում: Ես «tuzel kisi» տերմինը թարգմանել եմ «օրինական անձ»՝ հիմք ընդունելով քննության ընթացքում իմ օգտագործած թուրքերենից հայերեն բառարանը, որը տպվել է Ստամբուլում, իսկ պատրաստվել Վիեննայում՝ Մխիթարյան ուխտի կողմից: Այս բառարանում կիրառվող հայերենը, բնականաբար, արեւմտահայերենն է, ուստի քննության ընթացքում իմ օգտագործած «օրինական անձ» տերմինը, ինչպեսեւ հնարավոր նմանատիպ արեւմտահայերեն եզրաբանությունները, Հայաստանում միգուցե լայն կիրառում չունենալով հանդերձ, այնուամենայնիվ, համապատասխանում են եւ չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը եւ «Լեզվի մասին» օրենքին, եւ հետեւաբար սխալ չեն կարող համարվել (Ձեր ցանկութան դեպքում կարող եմ տրամադրել քննության ընթացքում իմ օգտագործած թուրքերենից հայերեն բառարանի՝ խնդրո առարկա էջերի պատճենները):
դ. Ձեր բացատրագրի մեջ Դուք նաեւ նշել եք, որ ես, լինելով թուրքերենի կրող, նույնիսկ հայերենից թուրքերեն իմ թարգմանության մեջ թույլ եմ տվել այնպիսի տարրական սխալներ, որոնք, ըստ Ձեր արած ակնարկի, անգամ թուրքերենի առաջին կուրսի ուսանողները դժվար թե թույլ տային՝ անգամ առաջին կիսամյակում: Այստեղ «սխալի» եւ «վրիպումի» միջեւ տարբերությանը չանդրադառնալով՝ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ես լավ ծանոթ եմ Ձեր ղեկավարած ամբիոնի ոչ թե առաջին կուրսի ուսանողների, այլ շրջանավարտներից շատերի հետ, ներառյալ ներկայում որպես նոտարական թարգմանիչ աշխատողներին եւ, լինելով թուրքերենի կրող, քաջ տեղյակ եմ նրանց թուրքերեն լեզվին «տիրապետելու» մակարդակին: Ավելին, իմ՝ հայերենից թուրքերեն թարգմանության մեջ Ձեր կողմից կարմիր թանաքով արված նշումներից մեկից ինձ համար պարզ դարձավ նաեւ այն իրողությունը, որ, չնայած Դուք բարձրակարգ թուրքագետ եք, ու ես Ձեզ հարգում եմ դրա համար, այնուամենայնիվ թուրքերենի կրող չեք, եւ հետեւաբար չեք տիրապետում թուրքերեն լեզվի մի շարք նրբերանգներին (որպես ասվածի փաստ, եւ Ձեր ցանկութան դեպքում, կարող եմ տրամադրել նաեւ «mutabakat» եւ «mutabakata varmak» տերմինների միջեւ գոյություն ունեցող նրբերանգային տարբերությունն ապացուցող փաստաթուղթը եւ դրա կայքէջի հասցեն):
ե. Ինչպես արդեն նշեցի, Ձեր բացատրագրում Դուք ինձ իրոք եւ անկեղծորեն համարել եք թուրքերենի կրող, որի համար Ձեզ շնորհակալություն եմ հայտնում, սակայն նաեւ ընդգծել եք, որ Ձեր համալսարանի կողմից ինձ տրված եւ իմ՝ թուրքերենին ազատ տիրապետելու փաստն ապացուցող կարծիք-տեղեկանքը տրվել է միայն «բանավոր քննության (թուրքերեն զրույցի) հիման վրա» եւ դա, ըստ Ձեզ, չի նշանակում, որ իմ գրավոր քննությունների մեջ տեղ գտած սխալները կամ վրիպումները չպետք է արձանագրվեին: Համաձայն եմ Ձեզ հետ, սակայն ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ այդ Դուք էիք, ով որոշեց իմ՝ թուրքերեն լեզվին տիրապետելու քննությունն անցկացնել միայն բանավոր, իսկ ես պատրաստ էի նույնիսկ գրավոր քննություն հանձնել Ձեր համալսարանում, սակայն Դուք դրա կարիքը չտեսաք, ասելով, որ իմ «խոսակցականից արդեն ամեն ինչ պարզ է»: Լինելով Հայաստանում թուրքերենի լավագույն մասնագետներից մեկը՝ Դուք շատ լավ տեղյակ եք, որ գրավոր եւ բանավոր թուրքերենի միջեւ տարբերությունը չնչին է, ուստի եթե իմ բանավոր թուրքերենը Ձեզ բավարարել էր, ապա նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման համար իմ հանձնած հայերենից թուրքերեն գրավոր քննության գնահատականը տրամաբանորեն պետք է լիներ 13 (տասներեք) միավորից (հնարավոր 20 միավորից) շատ ավելի բարձր: Ավելին՝ հայերենից թուրքերեն իմ թարգմանության մեջ Ձեր կողմից արված նշումների քանակի՝ թուրքերենից հայերեն թարգմանությանս մեջ արված նշումներից էականորեն նվազ լինելն արդեն աներկբայորեն ապացուցում է, որ հայերենից թուրքերեն թարգմանությունս չպետք է որ ստանար նույնքան ցածր միավոր (13), ինչքան թուրքերենից հայերեն իմ թարգմանությունը: Մինչ այժմ ինձ հանելուկ է մնացել, թե ես ի՞նչ հիմումքներով եմ ստացել 13, եւ ոչ թե 14 կամ 15, կամ ել նույնիսկ 11 միավոր՝ այս երկու թարգմանություններից էլ: Ինչպիսի՞ն է Ձեր նիշային գնահատման համակարգը:
Որպես վերջաբան ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ թուրքերեն քննությունից ուղիղ մեկ օր առաջ ՀՀ արդարադատության նախարարությունում հանձնել եմ նաեւ անգլերեն լեզվի քննություն, որն, ըստ իս, ավելի դժվար էր, քան հաջորդ օրվա թուրքերեն քննությունը: Սակայն անգլերեն քննությունը հանձնել եմ հաջողությամբ եւ ստացել «Անգլերեն լեզվից թարգմանչի որակավորում» եւ նախարարությունից համապատասխան տեղեկանք: Ըստ Ձեր տրամաբանության (արեւելահայերենի եւ իրավաբանական եզրաբանության իմացություն …), ստացվում է, որ անգլերենի (եւ հատկապես անգլերենից հայերեն) քննությունը ես նույնպես պետք է որ «անհաջող» հանձնեի: Չնայած որ անցել եմ այդ քննությունը, այնուամենայնիվ իմ ցանկությամբ, եւ արդեն թուրքերեն քննությանս «դառը փորձից» ելնելով, ծանոթացել եմ նաեւ անգլերեն քննության իմ աշխատանքի հետ եւ նկատել, որ այս աշխատանքը ստուգող անգլերենի մասնագետը գոնե առաջին իսկ ստուգումից հիմնավորել էր չնչին քանակի իր առարկությունները եւ կատարել համապատասխան նիշային գնահատում՝ յուրաքանչյուր էական առարկությանը: Նա, իրոք, պատշաճորեն կատարել էր իրեն տրված հանձնարարությունը:
Հարգելի պարոն Սաֆարյան, իմ այս բաց նամակով ես բոլորովին չեմ պահանջում հայերեն-թուրքերեն եւ թուրքերեն-հայերեն լեզուներով իմ թարգմանությունների քննության միավորների բարձրացում կամ էլ այս քննության ստուգման համար ՀՀ արդարադատության նախարարության միջոցով Ձեզ վճարածս գումարի վերադարձ, որոնք Ձեր իրավասության մեջ չեն: Այս նամակով ես պարզապես ուզում եմ բացահայտորեն ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունում նոտարական գործողություններին մասնակցող թուրքերեն լեզվից թարգմանչի որակավորման համար անցկացվող քննությունների ստուգման համակարգն առնվազն կասկածանքի տեղիք է տալիս:

Հարգանոք՝
ՍԱՅԱԹ ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆ
Ռազմավարական եւ ազգային
հետազոտությունների հայկական կենտրոնի թարգմանիչ, ՀՀ
քաղաքացի (նախկին պոլսահայ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել