Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՐԱՆԶԻՏԱՅԻՆ ԵՐԿԻՐ ԼԻՆԵԼԸ ՄԻԱՅՆ ԲԱՐԻՔ ՉԷ

Օգոստոս 06,2010 00:00

\"\"Կարծում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը

– Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում երկու օր առաջ պայմանավորվել են արագացնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը: Ըստ տեղեկությունների՝ 2011 թվականին երկաթուղին շահագործման կհանձնվի: «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ծրագրի կյանքի կոչումը պայմաններ է ստեղծում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության հետագա խորացման համար»,- հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը: Երկաթուղին, հյուսիսից շրջանցելով Հայաստանը, կապելու է Վրաստանը եւ Ադրբեջանը Թուրքիայի արեւելյան շրջանների հետ: Փաստորեն, երկաթուղու կառուցմամբ Հայաստանը դուրս է մնալու որոշակի շփումներից:
– Մեր տարածաշրջանում էներգետիկ եւ տրանսպորտային խնդիրները անմիջականորեն առնչվում են քաղաքական գործընթացներին: Անդրադառնալ տրանսպորտային համակարգի զարգացմանը տարածաշրջանում, առանց խորքային գործընթացները ընկալելու, առանց ներքին որոշ մեխանիզմներ բացահայտելու, հնարավոր չէ: Վերադառնալով 20 տարի ետ, երբ կովկասյան երեք հանրապետությունները անկախություն ստացան, ուզում եմ հիշեցնել, որ Վրաստանի իշխանությունները, ցանկանալով դուրս գալ ռուսական ազդեցությունից, ամեն գնով ուժեղացրին թուրքական գործոնը թե իրենց երկրում, թե տարածաշրջանում: Ի տարբերություն հայ ժողովրդի՝ վրաց ժողովուրդը թուրքական էթնոսից եկող վտանգի զգացում չունի: Եվ սա է պատճառը, որ ամեն կերպ խրախուսվեցին թուրքական, այնուհետեւ ադրբեջանական ներդրումները Վրաստանում, Վրաստանի տրանզիտ կարողությունները դրվեցին թուրքական քաղաքականության շահերը սպասարկելու գործին, եւ աստիճանաբար Վրաստանը ակամայից վերածվեց թուրքական ազդեցության լուրջ լծակի ամբողջ տարածաշրջանում: Բոլոր նրանց, ովքեր ոգեւորվում են «տրանզիտ» բառը լսելով, ես ուզում եմ հիշեցնել եւ ասել, որ իրականում տրանզիտ երկրի կարգավիճակը նշանակում է որոշ չափով սեփական ինքնիշխանության զիջում հանուն այլ երկրների շահերի: Առավել ցայտուն դա երեւում է այն ժամանակ, երբ քո երկիրը հանդիսանում է ոչ թե միջազգային տրանզիտի հանգույց, այլ ընդամենը երկու կետերի միջեւ՝ փոխադրման տարածք: Եվ տվյալ պետությունը դադարում է ընկալվել որպես պետություն, այլ դիտարկվում է որպես տարածք, որտեղով պետք է անցնեն էներգետիկ կամ տրանսպորտային ուղիները: Վրաստանն այսօր հենց այդ իրավիճակում է գտնվում: Թուրքական գործոնի հզորացումը հանգեցրեց նրան, որ վերջին տարիներին ուժեղացավ հակահայկական քարոզչությունը Վրաստանում: Ովքեր չեն համաձայնվի, ես կոչ կանեմ մի քանի օր պարզապես ապրեն Թբիլիսիում եւ ընթերցեն նրանց տարբեր քաղաքական կողմնորոշումների մամուլը: Գրեթե յուրաքանչյուր թերթում միշտ լինում են հակահայկական հոդվածներ: Նման հակահայկական կուրսը միանշանակ ֆինանսավորվում է թուրք-ադրբեջանական ուղղություններից:
– Ուրեմն ի՞նչ է մնում՝ դո՞ւրս մնալ, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ կերպ շփման ձեւեր գտնել:
– Մի գործոն կա, որը տարածաշրջանում բավականին լրջորեն շահարկվում է եւ փորձ է արվում այն օգտագործել Հայաստանին խաբելու եւ թյուրիմացության մեջ գցելու համար: Թուրքական էթնոսը, Բոսնիայից մինչեւ Չինաստան, նպատակ ունենալով ձեւավորել միասնական տրանսպորտային համակարգ, այսօր այն իրագործում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան առանցքով։ Փորձ է արվում գայթակղել Հայաստանին՝ մասնակցելու նման ծրագրի, այսինքն՝ փորձ է արվում Հայաստանը վերածել Եվրոպայի եւ Ասիայի թուրքական պետությունների միջեւ կապող օղակի, որը կսպասարկի նրանց շահերը: Սրանով եմ ես պայմանավորում այն, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը առավել մեծ կարեւորություն է տալիս հայ-թուրքական սահմանի բացմանը եւ փաստացի խրախուսում է ղարաբաղյան կարգավորման ոչ հայանպաստ գործընթացը, որովհետեւ իրենց ռազմավարությունում առկա է Կարս-Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթգծի վերականգնումը: Իսկ սա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, բնական է՝ թուրքական նախապայմանների բավարարումից հետո, իսկ Նախիջեւանի եւ Մեղրիի հատվածը Բաքվի հետ կկապվի միայն այն դեպքում, երբ ԼՂՀ հարավային շրջանները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Հետեւաբար, մեր երկաթգծի քաղաքականությունը՝ մտնել նման միջանցքի մեջ, կարող է տեղի ունենալ միայն քաղաքական զիջումների պայմաններում, որի արդյունքում Հայաստանը կվերածվի մի երկրի, որը պարզապես սպասարկելու է թուրքական էթնոսի շահերը: Այնինչ Հայաստանի շահերից բխում է բոլորովին այլ առանցքի ձեւավորումը՝ խոսքը Հյուսիս-հարավ առանցքի եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին է: Բոլորի համար հասկանալի է, որ հիմնական խոչընդոտը լինելու է աբխազական հատվածի շահագործումը, որը լուրջ շանսեր ունի շահագործվելու այն ժամանակ, երբ Վրաստանում կլինեն անհրաժեշտ քաղաքական փոփոխություններ, եւ այդ երկիրն այլեւս չի վարի հակառուսական քաղաքականություն: Ես կարծում եմ՝ մեր ակտիվ քաղաքականության դեպքում Վրաստանը նույնպես շահագրգիռ կլինի այդ հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել