Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինական Բիենալե եւ հայկական հոգսեր

Օգոստոս 10,2010 00:00 Share

Հուլիսի 15-24-ը Արգենտինայի Չակո նահանգում կայացած «Չակո Բիենալե 2010»-ին Հայաստանը ներկայացրած ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը՝ «Գլոբալիզացիայի առաջընթաց» աշխատանքի համար արժանացել է Չակո նահանգի պատվավոր քաղաքացու կոչման ու քաղաքապետարանի «Ոսկե բանալի» մրցանակին: Իսկ քանդակագործի որդին՝ Կանադան ներկայացրած Վահե Թոքմաջյանը արժանացել է «Ժողովրդի համակրանք» մրցանակին:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քանդակագործը նշեց, որ Բիենալեին նախկին ԽՍՀՄ երկրների միակ ներկայացուցիչն ինքն էր: Իսկ հաջորդ՝ 2012 թվականի Բիենալեին նա լինելու է ժյուրիի անդամ: «Չեք պատկերացնում, թե ինչ մեծ ուրախություն եմ ապրում, երբ նման միջոցառումների ժամանակ մեր դրոշը ծածանվում է, մեր հիմնն են նվագում»,- ոգեւորված պատմում էր արվեստագետը:
Նա ասաց, որ ինքը Երեւանում գնահատվելու խնդիր ունի. «Օրինակ՝ Չակոյում միայն մեկ աշխատանքի շնորհիվ պատվավոր քաղաքացու կոչում ստացա, այս տարի նույն կոչմանն արժանացա նաեւ Էջմիածնում, իսկ Երեւանում բազմաթիվ գործեր ունենալով՝ նույնիսկ չեմ խրախուսվել»: Լ. Թոքմաջյանի փոխանցմամբ, Չակոյի նահանգապետի կողմից իրեն առաջարկվել է մնալ այնտեղ ու ստեղծագործել, բայց քանդակագործն իր իմացած միակ իսպաներեն բառերով ասել է՝ «no, gracias»՝ ոչ, շնորհակալություն:
Անդրադառնալով Երեւան քաղաքի ճարտարապետական տեսքին, Լ. Թոքմաջյանը մտավախություն հայտնեց. «Ամեն ինչ փոխվել է, երեւի հետագայում Երեւան անո՞ւնն էլ փոխվի…: Գլոբալիզացիայի հետեւանքով Երեւանը կորցրել է իր երբեմնի վարդագույն քաղաքի համարումը: Մայրաքաղաքում վեր խոյացող նորակառույցներից կարելի է տեսնել եվրոպական ցանկացած քաղաքում, էլ վարդագույն քաղաքը չկա՝ խայտաբղետություն, սեւ ապակիներ, բետոն: Նոր սերունդն այլեւս չի էլ հիշի, որ Երեւանը վարդագույն է եղել»:
Քանդակագործը խոսեց նաեւ Ազատության հրապարակ վերադարձած Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանների մասին, որոնք ներկայումս մոմով են պատված եւ շոգից հալչում են: Պատասխանելով լրագրողի հարցին, պարոն Թոքմաջյանը պարզաբանեց, որ ժամանակի ընթացքում մոմը ամբողջությամբ կներծծվի եւ թույլ չի տա, որ արձանը հետագայում տեղումներից տուժի:
Ճիշտ է՝ քանդակագործը գոհունակություն հայտնեց, որ արձանները վերադարձվել են իրենց նախկին տեղերը, բայց, ամենայն հավանականությամբ, պարոն Թոքմաջյանը չի նկատել, որ արձանների վրայից անհետացել են Թումանյանի եւ Սպենդիարյանի ծննդյան եւ մահվան տարեթվերը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031