Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆԱՑԻՆ ԱՆՕԹԵՎԱՆ

Օգոստոս 17,2010 00:00

Անգամ մեկ տարի անց կարկուտի վնասները չեն փոխհատուցվել: Տուժածն ուզում է հեռանալ Հայաստանից

\"\"
Տան հյուսիսային մասը:

Դեռես 2009 թվականի հունիսի 16-ին Վանաձորում տեղացած ուժեղ կարկուտի եւ հորդառատ անձրեւի հետեւանքով հեղեղատար խողովակների խցանման արդյունքում քանդվել է Լոռու մարզկենտրոն Վանաձորի Տավրոս թաղամասի Նարեկացի 23 տան հյուսիսային մասը: Երկհարականի քարե շինությունը սարի փեշին է, մեծ թեքության վրա՝ առանձնացված հենապատով: Վանաձորին հատուկ են նման դիրքի տները: Կարկուտն ու անձրեւը սարից մեծ քարերը քշել էին դեպի Տավրոս թաղամաս, ջրի հոսքը քանդել էր հենապատը, եւ քարերը, ավազն ու սելավաջրերը լցվել են տուն՝ քանդելով տան հյուսիսային մասը: Ջրի բարձրությունը տան մեջ հասել էր 1,5 մետրի, կահույքը ու տան իրերն ամբողջությամբ ջարդվել էին, մի մասն էլ ջուրը քշել-տարել էր: «Կահույքը շրջվել է, ջրի հոսքի հետ բարձրացել, հասել ջահերին, ջարդել, հոսանքազրկել, եղած-չեղածն էլ ջուրը տարել է: Մնացինք բոբիկ, տկլոր»,- ասում է տանտիկինը՝ Սուսաննա Եգանյանը:
Աղետից անմիջապես հետո Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի, Լոռու մարզպետարանի փրկարարական վարչության տարերային աղետների գծով մասնագետների կազմած եզրակացությունը փաստում է, որ տան առաջին հարկը ամբողջությամբ լցված է եղել սելավաջրերով, ջրաբերուկներով եւ կարկուտով, քանդված են հյուսիսային մասի պատուհաններն ու պատուհանի տակի պատը, որտեղից շարունակվում էր սելավաջրերի հոսքը դեպի բնակարան, քանդված եւ ջարդված են շինության միջնապատերն ու դռները, բնակարանի ներսում ամբողջ գույքը ջարդված, շրջված, քանդված, թափված է հատակին եւ խառնված ջրաբերուկների եւ ցեխաջրերի հետ՝ օգտագործման ենթակա չէ:
Տուժածները նախ դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին, Լոռու մարզպետին: Վերջինս 60 հազար դրամ է հատկացրել աղետի հետեւանքները մեղմելու նպատակով: Տանտեր Ալբերտ Ավեյանը վիրավորված ու զայրացած է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի աշխատակիցներից, նրան պատասխանել են, թե հնարավոր է՝ տունն ապօրինի է:
Տեղական իշխանություններից աջակցություն չստանալով՝ Ալբերտ Ավեյանը դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին, ՀՀ կառավարություն: Նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, նկատի ունենալով, որ նա վանաձորցի է, եւ լավ իմանալով Վանաձորի դիրքը՝ կարող է պատկերացում կազմել կատարվածի մասին: Եվ այսպես՝ մեկ տարի: Միայն այս տարի ապրիլի 4-ին, բազում պետական կառույցների հղած բազում նամակներից հետո, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Բաղդասարյանը պատասխանել է, թե քանի որ տան հիմնական հատվածամասը չորրորդ աստիճանի վթարայնության է եւ ենթակա է քանդման, իսկ նորակառույց հատվածը 3-րդ աստիճանի վնասված է եւ ենթակա է ուժեղացման-վերականգնման, այդ կապակցությամբ բնակարանային խնդրի լուծման համար լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջանում: «2010 թվականի բյուջեում տարերային աղետների հետեւանքով բնակելի տներին հասցված վնասի փոխհատուցման համար միջոցներ չեն նախատեսվել, ձեր բնակարանային պայմանների բարելավման հարցին հնարավոր է անդրադառնալ հետագա տարիներին՝ ՀՀ տարեկան պետական բյուջեներում գումարներ նախատեսելու դեպքում», պատասխանել են քաղաքաշինության նախարարությունից, ինչին, իր հերթին, պատասխանում է տուժած Ալբերտ Ավեյանը. «մարդու ցավին անտարբեր, գրում են՝ հաջորդ տարիներին, ու թղթերն էլ կիսատ-պռատ են գրում, չեն ներառել խորդանոցի 5-րդ աստիճանի վթարայնությունը»:
Պետության անուշադրության կամ «միջոցների բացակայության» պարագայում անօթեւան մնացած ընտանիքին բարեկամներն ու հարեւաններն են ձեռք մեկնել, օգնել են ինչով կարող են՝ անկողին, հագուստ ու առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրել: «Սպասում էի, թե պետությունն էլ մի փոքր աջակցություն կցուցաբերի, որ հնարավոր լինի մարդկային պայմաններում ապրել, սա իմ ուժերով հնարավոր չէ, պետությունն էլ իր քաղաքացիների հոգսը իրենը չի համարում»,- նկատեց Ալբերտ Ավեյանը: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, 2004թ. աշխատանքի գնալիս սրտամկանի ինֆարկտ է ստացել եւ ժամանակից շուտ թոշակի անցել, ընտանիքն այժմ ապրում է կնոջ աշխատավարձով, տղաներն արտագնա աշխատանքի են մեկնել, բայց, տիկին Սուսաննայի խոսքերով, այս տարի անհաջողությունն անհաջողության հետեւից հետապնդում է նրանց: Անցած տարի տղաների գործերը լավ էին: Աղետի օրը նրանք ծնողներին 3500 դոլար են ուղարկել տան վերանորոգման ծախսերի համար, բայց ջուրն այդ գումարն էլ է քշել-տարել:
«Այսպես ապրել այլեւս հնարավոր չէ, յոթ հոգով էս մի փոքր սենյակում, ամուսինս էլ գարաժում է քնում: Խոհանոցն էլ ամառ- ձմեռ դռանն է, ամառը մոծակներն ու ճանճերն են ճաշի մեջ ընկնում, ձմեռն էլ շատ ժամանակ մինչեւ ուտելը սառչում է»,- վրդովված պատմում է տանտիկինը:
Ավեյանները այնքան վիրավորված են ՀՀ իշխանություններից, որ որոշել են դիմել Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին՝ ապաստանի խնդրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել