Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերանին զրկել են սեփական կրպակից

Օգոստոս 18,2010 00:00

Նա հավաստիացնում է, որ դրա համար որեւէ հիմք չի եղել

Հայրենական մեծ պատերազմի վետերան՝ 86-ամյա Կոնստանտին Հարությունյանը զրկվել է իր եկամտի միակ աղբյուրից՝ իր տան բակում օրինական կարգով տեղադրված կրպակից, որտեղ ինքը մթերք էր վաճառում: Սունդուկյան փողոցի 26 շենքի բնակչի խոսքերով, ինքը դեռեւս 1994 թվականից է ընտանիքի հոգսերը հոգալու համար տան հարեւանությամբ՝ Գյուլբենկյան 24 շենքի կողային հատվածում, տեղադրել առեւտրի կրպակ՝ 12 տարի օգտագործելով եւ բարեխղճորեն վճարելով հարկերը: Չնայած դրան, 2005 թվականի օգոստոսին Երեւանի քաղաքապետը որոշել է այստեղ տեղադրված 4 կրպակներն ապամոնտաժել ու նույն տեղում նոր կրպակներ տեղադրել՝ դրանք հանձնելով կրկին նույն տեղում առեւտուր իրականացնողներին, սակայն հետագայում այս նույն հատվածը բաշխվել է 3 մարդու միջեւ՝ առանց հաշվի առնելու բարեխիղճ առեւտրականների համաձայնությունը: «Ինձ պետք է գոնե մեկ ամիս առաջ նախազգուշացնեին, որ իմ կրպակը քանդելու են, սակայն զգուշացրել են ընդամենը 5 օր առաջ, ինչի պատճառով այն ժամանակ չհասցրի անգամ կրպակի ներսի սննդամթերքն ու գույքը տեղափոխել: Քանդեցին հենց այդպես՝ ինձ հասցնելով 200 հազար դրամի վնաս, որի վրա այս տարիների ընթացքում տոկոսներ են ավելացել, ու այդ գումարը դարձել է արդեն 1 միլիոն դրամ: Նրանք իմ կրպակը կամայական քանդել-ավերել են, ոչ թե ապամոնտաժել: Արդեն 5-րդ տարին է՝ մեր 3 հոգանոց ընտանիքը զրկվել է ապրուստի միակ միջոցից՝ ընդամենը 6 քմ ընդհանուր տարածք ունեցող կրպակից, այն դեպքում, երբ կինս 2-րդ, տղաս էլ՝ 3-րդ կարգի հաշմանդամներ են»,- օրերս «Առավոտին» պատմեց Կ. Հարությունյանը:
Նա համոզված է, որ նախկինում իրեն պատկանող տարածքը կաշառքով տրվել է այլ մարդու. «Քանի որ նույն տեղում կրպակ ունեցողներից եւ ոչ մեկին այդ տեղում այլեւս թույլ չեն տրվել առեւտուր իրականացնել, չնայած նոր հողհատկացում նախատեսված չի եղել: Պետք է նոր կրպակները ունենային նույն լայնությունը, սակայն սա էլ է խախտված, իսկ քաղաքապետարանի կողմից որեւէ միջոցառում չի իրականացվել՝ թերությունները վերացնելու համար: Սա հաշվի առնելով, ինչպես նաեւ այն, որ 6 քմ-անոց կրպակն իսկապես օրինական կարգով ինձ էր պատկանում, համոզվելով, որ ինձ ոչ մի կերպ թույլ չեն տալու նույն տեղում առեւտուր իրականացնել՝ սկսեցի նամակներով դիմել Երեւանի քաղաքապետարան, որտեղից ինձ պատասխանեցին, որ իբր թե ես խախտել եմ հողի վարձակալության պայմանագրի կնքման համար սահմանված 60-օրյա ժամկետը եւ իմ նախկին պայմանագիրն արդեն ուժը կորցրած է համարվում, սակայն ես չեմ խախտել որեւէ պայմանագիր: Ըստ նրանց, ես պետք է այս հատվածի գլխավոր հատակագիծը թողարկվելուց (28.06.2006) հետո 60-օրյա ժամկետում դիմեի քաղաքապետարան, սակայն քաղաքապետի նույն որոշման 20 կետի համաձայն՝ նոր պայմանագիր կնքելու համար ես կարող էի մեկ տարվա ընթացքում դիմել, այսինքն՝ ես որեւէ պայմանագրի որեւէ կետ չեմ խախտել: Ես հողի վարձակալության նոր պայմանագիրը կնքելու համար դիմել եմ 2006 թվականի հուլիսի 18-ին, այսինքն՝ պայմանագրում նշված ժամկետներում, բայց ինձ մերժել են»:
Կ. Հարությունյանը նշեց, որ իր խնդրի լուծման համար դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից մատնանշել են դատարանը, քանի որ հարցը քաղաքացիական է, սակայն դատարանում էլ վետերանի հայցը չեն քննել՝ պատճառաբանելով, որ վեճը չի կարող դատարանի քննության առարկա լինել: 10-ից ավելի անգամ դիմել է նաեւ ՀՀ նախագահին, այստեղից էլ նրա բոլոր դիմումներն ուղարկվել են Երեւանի քաղաքապետարան, որտեղից մշտապես պատասխանում են, որ վետերանը հողի վարձակալության պայմանագիրը խախտել է:
Այժմ նա հույսը կտրել է, որ որեւէ կերպ կարող է իր կրպակը վերադարձնել, դրա համար էլ արդեն սկսել է պահանջել կրպակի արժեքի փոխհատուցում. «Գոնե դա տան, ես կարողանամ որեւէ կերպ մեր ընտանիքի գոյատեւման հարցերը լուծել, չնայած ոտնահարվել են իմ իրավունքները եւ խախտվել են պայմանագրի կետերը: Հիմա իմ կրպակի տեղում խաչապուրի եւ լահմաջո են վաճառում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել