Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԱԿԱՅԱՆ՝ ԲԻԶՆԵՍԻ ԲԱԶԱ

Օգոստոս 19,2010 00:00

\"\"Այսպես է գնահատում ՀՀ-ում ռուսական բազաների տեղակայման երկարաձգումը Հովհաննես Իգիթյանը

Ակնկալվում է, որ այսօր պետական այցով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կստորագրեն Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը։ Հիշեցնենք, որ փոփոխությունների հիմնական առանցքն այս երկու փոփոխություններն են. Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայումը (25 տարվա փոխարեն) երկարաձգվում է մինչեւ 49 տարի՝ սկսած 1995 թվականից, եւ այդ ռազմաբազան, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից զատ, Հայաստանի զինված ուժերի հետ միասին ապահովելու է Հայաստանի անվտանգությունը:
Երեկ «Առավոտը» փորձեց «նախկին» իշխանության ներկայացուցիչներից մեկից՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանից, ճշտել նրա անձնական տեսակետը. որո՞նք են այդ նոր փոփոխությունների արդյունքում Հայաստանին սպասվող վտանգներն ու որո՞նք՝ դրանց առավելությունները: Պարզվեց՝ առավելություններ չկան: Փորձագետի ասելով, դրանք ուղղակի անտրամաբանական են՝ զուտ դիվանագիտական տեսանկյունից: Նա նկատի ուներ պայմանագրի գործողության ժամկետը դեռ չլրացած (ժամկետը լրանալու էր 2020 թվականին- Ն. Մ.)՝ այն մինչեւ 2044թ.-ն երկարաձգելը:
«Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական կողմին, ապա պարզ է, որ ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ աշխարհին են հայտնի այդ պայմանագրի մանրամասները, եւ արդյունքում միջազգային ասպարեզում, Արեւմուտքում Հայաստանի վարկն ու կշիռն էլ ավելի է նվազելու, որովհետեւ Հայաստանը բացահայտ դառնում է Ռուսաստանի ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլեւ ռազմական ֆորպոստը: Ըստ իս, դա բացասաբար կազդի Հայաստանի վրա, որովհետեւ աշխարհը միայն Ռուսաստանով չի ավարտվում»,- ասաց Հովհ. Իգիթյանը:
Անդրադառնալով վերոհիշյալ երկու փոփոխություններից մեկին՝ ռուսական բազաների կողմից ՀՀ անվտանգությունն ապահովելուն, պարոն Իգիթյանն ասաց, թե չի կարծում, որ դրանով ՀՀ անվտանգությունն ավելի ապահովված կլինի, քան՝ այսօր: «Նախկինում էլ կար նման կետ, ըստ որի՝ ռուսական բազան ուղղված է տարածաշրջանային խաղաղության, երկու երկրների պաշտպանունակության ամրապնդմանը: Այս ձեւակերպումը նոր փոփոխությամբ ընդամենը մի քիչ այլ խմբագրմամբ է հնչում: Բայց չեմ կարծում, որ դրանից ինչ-որ էական բան է փոխվելու»:
Այդ դեպքում ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները պայմանագրում ձեւական փոփոխություններ անում եւ, բազաների տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելով, այդ պայմանագիրը ապագա սերնդի վզին փաթաթում: «ՀՀ իշխանությունը, ըստ իս, դա անում է՝ չունենալով ո՛չ հասարակության, ո՛չ ընդդիմության աջակցությունն այդ հարցում: Ինձ թվում է, դա զուտ անձնական հարց է, անձնական շահերի խնդիր: Այս իշխանության վերնախավում գտնվողներից շատերն իրենց ապագա կյանքն ու գործունեությունը կապում են Ռուսաստանի հետ: Դա այն է, ինչ մենք տեսանք Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Նրանք հետագայում իրենց ֆինանսները տեղափոխում են Ռուսաստան, նրանցից շատերն այնտեղ նաեւ իրենց բիզնեսն ունեն, ու բոլորը պատրաստում են Ռուսաստանում ապրելու եւ բիզնես ունենալու իրենց բազան: Ես միայն սրանով կարող եմ բացատրել այն, ինչ կատարվում է»,- ասաց Հովհ. Իգիթյանը՝ ասվածին հավելելով նաեւ գործող իշխանությունների լեգիտիմության բացակայությունը: Ըստ նրա, այդպիսի իշխանություններին եւ նրանց շահերը կարող է պաշտպանել միայն Ռուսաստանը. «Ռուսաստանը սիրում է պաշտպանել նաեւ ոչ լեգիտիմ իշխանությունների»:
Խոսելով մի կողմից՝ ռազմաբազաների տեղակայման ժամկետը Հայաստանում երկարաձգելու եւ ՀՀ անվտանգությունն, իբր, ապահովելու, մյուս կողմից՝ Ադրբեջանին զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու մասին, Հովհ. Իգիթյանը նկատեց. «Չեմ կարծում, թե երկուսին էլ զինելով Ռուսաստանը հավասարակշռություն է ապահովում: Հարցն այլ կերպ պիտի դրվի. ինչո՞ւ է մեր «ռազմավարական» դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին այդպիսի հզոր զենք վաճառում, եթե ինքը պատրաստվում է Հայաստանին պաշտպանել: Չէ՞ որ Հայաստանին սպառնացող թիվ մեկ վտանգը գալիս է հենց Ադրբեջանից»:
Արդյոք այս փոփոխությունների պարագայում կարո՞ղ են խզումներ առաջանալ Հայաստանի եւ միջազգային հանրության, մասնավորապես՝ Արեւմուտքի միջեւ: «Արեւմուտքի հետ մենք արդեն վատ հարաբերություններ ստեղծել ենք՝ ցույց տալով, որ Հայաստանն ապրում է Ռուսաստանի քաղաքական ու աշխարհաքաղաքական շահերով: Այս փոփոխությամբ արդեն Հայաստանը Արեւմուտքում ներկայանում է որպես երկրորդական, գաղութային երկիր: Չեմ կարծում, թե Հայաստանի կարծիքն այս դեպքում այլեւս կշիռ կունենա, որովհետեւ բոլորը գիտեն, որ Ռուսաստանը Հայաստանի կարծիքի վրա մեծ ազդեցություն ունի, հետեւաբար՝ Հայաստանի հետ կապված ցանկացած հարց կարելի է Ռուսաստանի հետ քննարկել: Նույնը հիմա անում է Թուրքիան. այն, ինչ կապված է Հայաստանի հետ, այդ թվում նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, նա իր տեսակետներն առաջ է քաշում, բանակցելով Ռուսաստանի հետ»,- նկատեց Հովհաննես Իգիթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել